Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹ ՀՈԳԻ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Մարտ 24,2011 00:00

Էքս-լե-Բեն առողջարանային քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 12-րդ անհատական առաջնությունը: Գրանցված 392 շախմատիստները պայքարում են ոչ միայն Հին աշխարհամասի այս տարվա չեմպիոնին եւ մրցանակակիրներին որոշելու, այլեւ 23 լավագույնների մեջ տեղ զբաղեցնելու համար, քանի որ նրանք նաեւ աշխարհի գավաթի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունք են ստանալու:
Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացնում է ինը գրոսմայստեր: Եվս չորս հայազգի շախմատիստ հանդես է գալիս այլ երկրների դրոշի ներքո (երեքը՝ Ֆրանսիայի, մեկը՝ Ռուսաստանի):
Մեկնարկային տուրում հայաստանցիներից հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Բազմափորձ Վլադիմիր Հակոբյանը բավարարվեց ոչ-ոքիով, իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտություն կրեց: Իրենց անվան դիմաց մեկական միավոր գրանցեցին նաեւ Տիգրան Ղարամյանն ու Պավել Գովչյանը (երկուսն էլ՝ Ֆրանսիա), Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան), իսկ նույնպես Ֆրանսիան ներկայացնող Գի Հազարապետյանը պարտվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել