Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլասերները՝ Հայաստան-Ռուսաստան հանդիպման մասին

Մարտ 24,2011 00:00

Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը խաղից 11 օր առաջ արդեն սպառվել են, ինչը նշանակում է, որ հայ երկրպագուն հավատում է մեր թիմին:
Ձեզ ենք ներկայացնում մեր փոքրիկ հարցախույզը՝ սպասվելիք խաղի կանխատեսումների վերաբերյալ:

Յուրի Սարգսյան, ծանրորդ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր. «Երբ հեռուստացույցով տեսա, թե հայ ֆուտբոլասերներն ինչպես են պատրաստվում Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը, հասկացա, որ ֆուտբոլիստները հաղթանակի համար պետք է անեն ամեն բան: Մեր հավաքականը կհաղթի 2:1 կամ 1:0 հաշվով: Եվ սա զուտ ցանկություն չէ: Իմ կանխազգացողությունը երբեք ինձ չի դավաճանել: Բերեմ մեկ օրինակ: Ես կանխատեսել էի, որ Ավստրալիայում բնակվող իմ լավ ընկեր Վիկ Դարչինյանը կպարտվի Աբներ Մարեսի հետ մենամարտում: Վիկի ուժին երբեք չեմ կասկածել, բայց զգում էի, որ մարտը նրա օգտին չի ավարտվելու: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստների պատասխանատվությանը, հիշում եմ 1983 թվականը: Երբ ծանրամարտի աշխարհի առաջնությունը վերջին պահին Երեւանից տեղափոխվեց Մոսկվա, բոլոր հայ մարզասերները հիասթափվել էին: Այդ ժամանակ մենք զգացինք, որ անպայման պետք է հաղթենք եւ մեր մեդալները նվիրենք հայ ժողովրդին: Եվ թե Յուրի Վարդանյանին, թե Հոկսեն Միրզոյանին եւ թե ինձ հաջողվեց աշխարհի չեմպիոն դառնալ»:
Գրիգոր Զաքարյան, ծրագրավորող. «Ուրախ կլինեմ, եթե կանխատեսումներումս սխալված լինեմ, բայց կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը պարտվելու է 1:2 կամ 0:2 հաշվով: Նախ՝ այն պատճառով, որ Ռուսաստանի թիմը երեք պարտություն իրար ետեւից չի կրի: Բացի այդ, հավաքականի խաղը միայն Մովսիսյանով ու Մխիթարյանով չէ՝ մնացածներն էլ պիտի խաղան: Մինչդեռ, նրանց բոլորի խաղամակարդակը նույնն է: Շատ բան է կախված նաեւ Հանրապետականի խոտածածկի որակից»: 
Լեւոն Առուստամյան, ատամնաբույժ. «Իմ կարծիքով, ամենի ինչ կախված է նրանից, թե խաղի սկիզբն ինչպես կդասավորվի: Չեմ կարծում, որ ռուսները հարձակվողական ֆուտբոլ կխաղան: Ավելի հավանական եմ համարում, որ նրանք խաղավերջում ուժերը կլարեն: Ամենահավանական ելքը համարում եմ ոչ-ոքին»:
Արսեն Վարդանյան, ծրագրավորող. «Եթե վերեւներից խաղը չնվիրվի, ուրեմն մենք բավական մեծ շանսեր ունենք….բայց դե՝ քաղաքական գործոնը կա: Ինչպես գիտենք, Ռուսաստանի հանդեպ «մեր» վերաբերմունքը բավականին «ջերմ» է:  Շանսեր, իրոք, ունենք: Մեր տղաների վերջին երկու խաղն է դա ցույց տվել: Ունենք հիանալի Հենրիխ Մխիթարյան ու Յուրա Մովսիսյան, ովքեր հարձակման գծում հրաշքներ են գործում: Մյուս տղաներն էլ բավականին լավ ու լուրջ են խաղում: Բացի այդ, լավ երկրպագուն 12-րդ խաղացող է: Ու քանի որ խաղի բոլոր տոմսերը սպառված են, ուրեմն  մեր «12-րդ խաղացողն» էլ է առկա: Հավատացեք, երկրպագուների աջակցությունը կարող է հրաշքներ գործել…»:
Լիլիթ Քամալյան, ուսանողուհի. «Բարդ խաղ է լինելու, բայց անհնարին  ոչինչ չկա: Մենք հիմա բոլոր նախադրյալներն ունենք հաղթելու. ունենք լավ մարզիչ, թիմային խաղ, անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ ու նվիրված երկրպագուներ: Էլ ի՞նչ է պետք հաղթելու համար: Ուղղակի մի մտավախություն ունեմ. չէի ուզենա, որ Հայաստան-Ռուսաստան խաղը վաճառվի: Հուսով եմ, որ սպորտը չեն խառնի քաղաքականությանը: Հաշվի վերաբերյա՞լ. կարծում եմ՝ այն խաղերից է, որ կարող է երեք ելք ունենալ: Բայց՝ 2:1: Ու հաղթանակը մեզ…»:
Քրիստինա Պողոսյան, PR մասնագետ. «Այսօր, ավելի քան երբեւէ, Հայաստանի հավաքականը մոտ է Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիրը ձեռք բերելուն եւ Ռուսաստանի հետ հանդիպումը շատ կարեւոր դեր կարող է ունենալ այդ ճանապարհին: Բոլորս միայն հաղթանակ ենք սպասում հավաքականից՝ համոզված լինելով, որ կարող են պայքարել ու հասնել լավ արդյունքի: Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար այս միավորները նույնպես շատ կարեւոր են, այնպես որ, կանխատեսում եմ ծանր պայքար, որը կարող է ավարտվել նաեւ ոչ-ոքի հաշվով… Ամեն դեպքում, պետք է ոգեշնչել տղաներին, աջակցել նրանց մինչեւ վերջ ու հավատալ մեր հաղթանակին…»:
Արսեն Նիկողոսյան, մոսկվաբնակ ուսանող. «Ես կարծում եմ, որ մեզ սպասվում է շատ հետաքրքիր խաղ, իսկ հաղթանակի հնարավորություններն էլ երկու թիմերի համար հավասար են: Մոսկվայում մեր համայնքը միասին է հետեւելու խաղին ու երկրպագելու Հայաստանի հավաքականին՝  հայաստանյան երկրպագուներից ոչ պակաս: Կարծում եմ, երկու թիմերն էլ զգուշորեն են խաղալու եւ երեւի թե ամենահավանական արդյունքը ոչ-ոքին է: Բայց ես հավատում եմ մեր թիմի հաղթանակին: Հա-յաս-տան, հո՜ւպ տուր»:
Էդգար Պետրոսյան, արեւելագետ. «Կարծում եմ՝ 1:3 հաշվով մերոնք կպարտվեն ու պատկերավոր ասած՝ «կվառվեն»: Շատ մեծ հույսեր են կապվում այս խաղի հետ ու աժիոտաժն էլ մեծ է: Հենց դա էլ կխանգարի մերոնց նորմալ խաղ ցուցադրել: Բացի այդ, Անգլիայի, Գերմանիայի եւ այլ խոշոր առաջնություններում հանդես եկող ռուս ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են գտնվում, իսկ մերոնցից միայն 1-2 հոգի են օպտիմալ վիճակում:  «Փյունիկի» վերջին խաղերը ցույց են տալիս, որ կորիզը, հիմնական կազմը պատրաստ չէ, այն մարզավիճակում չէ, ինչ աշնանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել