Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՆԱԿԱՆ ՊՏՈՒՂՆԵՐ՝ ՓԱՐԻԶԻ ԳՐՔԻ ՍԱԼՈՆԻ՞Ց

Մարտ 24,2011 00:00

\"\"Կամ՝ ինչպես են որոշ չինովնիկներ պետության հաշվին համատեղում օգտակարն ու հաճելին

1981 թվականից անցկացվող Փարիզի գրքի սալոնը մեկ հարկի տակ է հավաքում գրականության, հրատարակչական գործի, տպագրիչների ու գրավաճառության ոլորտի պրոֆեսիոնալների: Ամեն տարի մարտ ամսին տեղի ունեցող այդ մեծ հանդիպումը ընթանում է Փարիզի 15-րդ շրջանում, Վերսալի ցուցահանդեսների զբոսայգում՝ զբաղեցնելով շուրջ 50 հազար քմ տարածք: Միջոցառումը բաց է ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ լայն հասարակության համար, մուտքը վճարովի է, 10 եվրոյի սահմանում,  գործում են նաեւ զեղչեր:
Ավանդաբար գրքի փարիզյան սալոնը յուրաքանչյուր տարի նվիրվում է որեւէ լեզվի կամ սալոնի հյուրը համարվող որեւէ երկրի: 2000-ին այդ երկիրը Պորտուգալիան էր, 2005-ին՝ Ռուսաստանը, 2006-ին այն նվիրված էր ֆրանկոֆոնիային, 2008-ին սալոնի հյուրն էր Իսրայելը, 2009-ին՝ Մեքսիկան, 2010-ին թեեւ որպես հյուր նախատեսված էր Թուրքիան, բայց քաղաքական հանգամանքների բերումով սալոնն անցյալ տարի նվիրվեց իր իսկ հիմնադրման 30-ամյակին: Սալոնի այս տարվա հյուրերն են եվրոպական 5 հյուսիսային երկրները միասին՝ Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան: Սալոնի հատուկ հյուրն է նաեւ Բուենոս Այրեսը՝ 2011-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաքը:
Ըստ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի՝ mincult.am-ի, Փարիզում է նաեւ Հայաստանը՝ ներկայացնելով ավելի քան 40 հրատարակչություն: Անհասկանալի, բայց նաեւ հասկանալի է, թե ինչու է կայքը նշում «…36 քմ տաղավարում կներկայացվի ՀՀ մշակույթի նախարարության եւ ավելի քան 40 հրատարակչությունների… 250 անուն գրականություն»: Գրքի սալոնն ամեն դեպքում գրահրատարակիչների հանդիպում է. ինչո՞ւ հմտորեն «խառնել» հրատարակչին եւ պատվիրատուին, հեղինակին եւ պատվիրատուին: Հետաքրքիր է, թե ո՞վ է վճարում Հայաստանի զբաղեցրած տաղավարի վարձավճարը, այն դեպքում, երբ գրքի սալոնի վերաբերյալ ֆրանսիական կայքերը նշում են՝ 1 քմ-ի համար 5000 եվրո (2մլն 625 հազար դրամ): Փաստորեն, Հայաստանի զբաղեցրած 36 քմ տարածքը մեզ համար արժեցել է 94,5 մլն դրամ: Եթե սրան հավելենք նաեւ մասնակիցների ճանապարհածախսը, կեցության ու սննդի ծախսերը, 250 անուն գրականությամբ ուղեբեռի փոխադրագինը, ապա արդյո՞ք նպատակահարմար է համարվում 36 քմ-ի վարձակալությունը: Եվ սա այն դեպքում, երբ միջազգային էլեկտրոնային ԶԼՄ-ները նշում են, թե տարածքի վարձակալության գնի չափից ավելի բարձր լինելու պատճառով անցյալ տարի սալոնը բոյկոտել են այնպիսի ծանրակշիռ ֆրանսիական հրատարակչություններ՝ ինչպիսիք են Bayard-ը, Hachette-ը, որը, ի թիվս այլոց, ներկայացնում է Larousse-ը, Stock-ը, Grasset-ն եւ այլն:
Թեեւ մշակույթի նախարարության ծախսերի նպատակահարմարությունը մեզանում չի քննարկվում, բայց գոնե հայկական տաղավարը զարդարող պաստառը կուզենայինք տեսնել ճիշտ հայերենով: Ինչպես չես ասի՝ «Հայաստանը Փարիզի գրքի սալոնի մեջ», այնպես էլ դժվար թե քիչ թե շատ գիրք կարդացած ցանկացած մարդ ասի «Հայաստանը գրքերի մեջ»: Ի տարբերություն ֆրանսերենի, հայերենը «թեքվող» լեզու է եւ ներգոյական հոլովի կազմությունը միջին դպրոցական տարիքի գիտելիք է:
Հուսանք, որ 2012-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարված Երեւանը գովազդող նյութերի թողարկումը չի համակարգվի «Փարիզի գրքի սալոն-2011»-ի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի կողմից, ով, ի դեպ, մշտապես հաջողացնում է հաճելին համատեղել օգտակարի հետ: Փարիզից այս անգամ էլ նա մեր պատվիրակության հետ չի վերադառնա Երեւան՝ իր հերթական արձակուրդը «Ֆրանսիայի մեջ» անցկացնելու համար: Իհարկե, գերագույն հաճույք է, երբ ինքդ չես վճարում քո ճանապարհածախսը: Մեր տեղեկություններով, պատվիրակության կազմում է նաեւ մշակույթի նախարարի ամուսին Էդիկ Հակոբյանը, որը Փարիզ է ժամանել «Հռոմի միջից», որպեսզի ձեռքի հետ էլ տեսակցի Իտալիայում բնակվող որդուն:
Հուսանք, որ մեր երկիրը ներկայացված է եղել Փարիզում, հպարտ, որ հայկական տաղավարն իր այցելությամբ պատվել է Շարլ Ազնավուրը, վստահ ենք, որ Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը հավուր պատշաճի է ներկայացրել Հայաստանում ստեղծվող էլեկտրոնային գիրքը: Ամեն դեպքում, կուզենայինք թեկուզ mincult.am-ում տեսնել նաեւ նախարարության վերլուծությունը արդեն 3-րդ մասնակցության վերաբերյալ: Ի վերջո, ի՞նչ է փարիզյան սալոնը տվել գրահրատարակչական ոլորտին, ի՞նչ ենք տարել Փարիզ եւ ի՞նչ բերել այնտեղից, ինչպիսի՞ն է եղել «դրսի» հետաքրքրությունը մեր տաղավարի նկատմամբ, ֆրանսիական ու միջազգային մամուլի արձագանքը մեր մասնակցության վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել