Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԻ ՀԻՆԳ ՄԱՍՆԱԿԻՑ Է ՍՊԱՆՎԵԼ

Մարտ 24,2011 00:00

Առնվազն հինգ մարդ է սպանվել Սիրիայի Դերրա քաղաքում գտնվող Օմարի մզկիթի անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իրավապաշտպանների փոխանցած տվյալները: Ուրբաթ օրվանից այդ մզկիթը հանդիսանում է հակակառավարական ելույթների կենտրոնը, իսկ երեքշաբթի օրը այն շրջապատել են հարյուրավոր մարդիկ՝ թույլ չտալու համար զինվորականների կողմից մզկիթի հնարավոր գրոհը: «Նրանք անջատել են հոսանքը եւ սկսել են կրակել»,- իրավապաշտպաններին պատմել է սիրիացի ակտիվիստներից մեկը:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նավի Պիլլայը Սիրիայի կառավարությանը կոչ էր արել անկախ հետաքննություն սկսել ոստիկանության ու բանակի՝ ցուցարարների դեմ գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ առնվազն 10 մարդու սպանության առնչությամբ: «Մենք շատ մտահոգված ենք Սիրիայում ցուցարարների սպանությամբ եւ ընդգծում ենք խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ՝ հատկապես հրազենի կիրառմամբ ուժի գործադրման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»,- հայտարարել է հանձնակատարը՝ հավելելով, թե մարդիկ օրինական իրավունք ունեն հայտնելու իրենց դժգոհություններն ու կառավարությանը պահանջներ առաջադրել: Նա նաեւ կոչ է արել Սիրիայի կառավարությանը ցուցարարների հետ ընդլայնված ու իմաստավորված երկխոսություն սկսել:
Սիրիայի իշխանությունների «անընդունելի» գործողությունները դատապարտել է նաեւ Եվրամիությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել