Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում նավի խորտակումը՝ նավթի արտահոսքի եւ շրջակա միջավայրի լուրջ աղտոտման պատճառ է դարձել: Lenta.ru-ն, վկայակոչելով The New York Times-ը, փոխանցում է, որ տեղի ունեցած աղետը սպառնում է մոտավորապես բրիտանական Տրիստան-դա-Կունիա կղզիներում բնակվող 20 հազար հատուկ տեսակի պինգվիններին:
Մալթայան նավը վթարի էր ենթարկվել դեռ մարտի 16-ին՝ Նայթինգեյլ կղզու մոտակայքում: Նավի անձնակազմի 22 անդամներին հաջողվել էր փրկվել, բայց վթարի հետեւանքով օվկիանոս էր արտանետվել շուրջ 800 տոննա նավթ: Նավը կիսվել է երկու մասի, եւ հիմա մասնագետները մտավախություն ունեն, որ վառելիքը բեռնամփոփներից շարունակում է լցվել ջուրը, որի արդյունքում օվկիանոսում նավթի ծավալը կարող է կրկնապատկվել:
Սպասվող վտանգը չեզոքացնելու համար աղետի վայր է ժամանել ընդամենը մեկ նավ՝ Հարավային Աֆրիկայից: Եվս մեկ օգնական նավ դեպքի վայր կհասնի մարտի 24-ին:
Մասնագետների կարծիքով, Տրիստան-դա-Կունիա կղզիների էկոլոգիային սպառնալիքը կարող է մեծանալ, եթե առնետները նավից կարողանան հասնել արշիպելագ: Կղզիներից շատերում կրծողներ չկան, եւ առնետների արշավը կարող է լրջորեն խախտել առկա էկոհամակարգը: