Panorama.am-ի մատուցմամբ, Ադրբեջանում կրթության մակարդակը տարբեր պատճառներով անկում է ապրում՝ աղետալի արագությամբ:
Այս մասին հաղորդում է «Վեստի ազ» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, անհամեմատելի է ներկայիս դպրոցականների եւ ուսանողների կրթամակարդակը խորհրդային ժամանակաշրջանի իրենց հասակակիցների հետ: Քանի որ, այն ժամանակ կրթությունը պարտադիր էր, իսկ այսօր Ադրբեջանում համապատասխան մարմինները, նույնիսկ ծնողները մեծ հաշվով «թքած ունեն»՝ երեխան դասի գնում է, թե ոչ:
Վերլուծելով կրթամակարդակի անկման պատճառները, աղբյուրը մեջբերել է Ադրբեջանի ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե PISA գրաճանաչության միջազգային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը զբաղեցրել է նախավերջին տեղը՝ 65 երկրների շարքում: Եվ որպեսզի Ադրբեջանի բուհերը չմնան առանց ուսանող, ընդունող հանձնաժողովը ամեն տարի իջեցնում է ընդունելության քննությունների անցողիկ շեմը:
Կրթամակարդակի ցածր լինելու համար մեղավոր են ոչ միայն աշակերտներն ու ուսանողները, այլեւ որոշ մասնագետներ, որոնք կատարում են դասագրքեր, քարտեզներ, ատլասներ կազմելու պարտականություններ: Դա ապացուցելու համար աղբյուրը փաստում է, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա նշված է մի երկիր՝ գոյություն չունեցող անվանումով: Խոսքը Աֆրիկա մայրցամաքում գտնվող Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության մասին է, որը ադրբեջանական քարտեզներում նշված է որպես Զաիր: Նկատենք, որ նշված պետությունը Զաիր է անվանվել 1971-1997 թվականներին, իսկ արդեն 13 տարի է, ինչ այն կոչվում է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն: