Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտե՛լ Ադրբեջանին

Մարտ 24,2011 00:00

Հայ երիտասարդները պահանջում են ԵԱՀԿ-ից

Հայաստանում գործող երիտասարդական կազմակերպություններն անընդունելի են համարում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ օրերս արած այն հայտարարությունը, որով կոչ էր արվել հայ դիպուկահարներին միակողմանի՝ բարի կամքի դրսեւորում ցուցաբերել եւ ետ քաշվել սահմանից: Հայ երիտասարդներն Աժուբալիսից պահանջում են խստորեն դատապարտել, որ չնայած Սոչիում ձեռք բերած պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է կոպիտ խախտումներ  թույլ տալ: ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորումը», հաշվի առնելով վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների կողմից հակամարտության շփման գոտում հայ զինծառայողների զոհվելու փաստը, կոչով դիմում է ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին: Հիշեցնենք, որ զոհված վերջին հայ զինծառայողը ԵՊՀ 2-րդ կուրսի ուսանող Ահարոն Հայրապետյանն էր: Երիտասարդները պահանջում են հրապարակայնորեն հաստատել, որ հակամարտության լարվածությունը մեծանում է բացառապես Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների արդյունքում եւ կատարվածի մասով անցկացնել անաչառ հետաքննություն:
«Երիտասարդ համալսարանականների միավորման» նախագահ Գեւորգ Մելքոնյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ տարածած հայտարարությամբ իրենք ԵԱՀԿ նախագահից պահանջում են՝ Ադրբեջանի ղեկավարությանը եւս առաջարկել դիպուկահարներին առնվազն 50 կմ հեռավորությամբ ետ քաշել սահմանից: Գ. Մելքոնյանը կարծում է, որ յուրաքանչյուր երկրում երիտասարդությունը՝ հատկապես ազգային հարցերի վերաբերյալ պետք է ցուցաբերի իր քաղաքացիական դիրքորոշումը: Նա վստահ է, որ ուղարկած հայտարարությունը կհասնի Ա. Աժուբալիսին եւ համապատասխան արձագանք կունենա:
«Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ իրենց շարժումը եւս միանում է հայտարարությանը. «Ադրբեջանի ղեկավարությունը, ի դեմս Իլհամ Ալիեւի, բանակցությունների սեղանի շուրջ ասում է մի բան եւ անում՝ մեկ այլ բան»: Բանախոսները գտնում են, որ այսօր, անկախ քաղաքական հայացքներից, ազգային կարեւոր խնդիրների վերաբերյալ հայ երիտասարդությունը համախմբված է, ինչը, ըստ նրանց, կարեւոր հանգամանք է: Հարցին՝ արդյո՞ք «Միասինն» ու «Երիտասարդ համալսարանականների միավորումը» չեն ձեռնարկելու ավելի խոշոր ակցիաներ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի մոտ, Գ. Մելքոնյանը պատասխանեց, որ պատրաստակամ են նման ակցիայով հանդես գալ, սակայն առայժմ կսպասեն ԵԱՀԿ արձագանքին, հետո համատեղ ակցիա անելու համար կդիմեն նաեւ ընդդիմադիր երիտասարդներին: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Աժուբալիսի արած հայտարարության կապակցությամբ պատասխան արձագանքը Հ. Հակոբյանին բավարարել է, իսկ Գ. Մելքոնյանին գոհացրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պատասխանը, ով բացառել էր հայ դիպուկահարների՝ սահմանից ետ քաշվելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել