Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՄԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ՈՐԱԿ ՉԻ ԼԻՆԻ

Մարտ 24,2011 00:00

Հավաստիացնում են ուսուցիչները

Այսօրվա հայոց լեզվի դասագրքով հնարավոր չէ աշակերտին ամբողջական լեզու սովորեցնել, քանի որ դրանցում ոչինչ համակարգված չի ներկայացվում: Այս մասին «Առավոտին» բազմիցս դժգոհում են մանկավարժները: Ըստ մասնագետների, աշակերտին պետք է պարզ դասագրքով դասավանդել, ինչպիսին, օրինակ, Հովհաննես Բարսեղյանի «Հայոց լեզուն» էր: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչները հավաստիացնում են, որ ստիպված են դասերի ժամանակ այլ դասագրքերի դիմել, որպեսզի կարողանան խճճված ու բաց թողնված քերականության թեմաները մատչելի մատուցել: Նրանք ստիպված են լինում որոշ թեմաներ՝ դերանուն, ձայնարկություն, շաղկապ, վերաբերական եւ այլն, թելադրել, որպեսզի երեխաների համար ընկալելի լինեն: Ըստ մեզ հետ զրուցած մանկավարժների, դրանք ներկայիս 6, 7, 8-րդ դասարանների դասագրքերում բավականին խճճված են ներկայացված: Մանավանդ անհաջող է մատուցվում դերանունը: Այն,  կարելի է ասել, մտցված է գոյական եւ ածական խոսքի մասերի թեմայի մեջ, քանի որ այս թեմաներից հետո է միայն փոքրիկ անդրադարձ դերանվանը, այն էլ գոնե անձնական եւ ցուցական դերանունները առանձնացված չեն: Այն խոսքի մասերն էլ, որ փոքր-ինչ մատչելի են բացատրվում, օրինակներն են քիչ:
Նշենք, որ ամեն ուսումնական տարվա սկզբին կրթության եւ գիտության նախարարությունը ժողով-սեմինարներ է անցկացնում դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ, որպեսզի նրանցից լսի դասագրքերի մասին կարծիքներ, սակայն այդ լսումները, ըստ մանկավարժների, ձեւական բնույթ են կրում, քանի որ տարիներն անցնում են, իսկ դասագրքերը չեն փոխվում: Շուրջ 5 տարի է, որ հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի՝ խոսքի մասերը սովորեցնող 6-8-րդ դասարանների դասագրքերի հեղինակն է Ֆ. Խլղաթյանը:
Դժգոհություններ կան նաեւ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի դասագրքերի վերաբերյալ: Այս առարկաները դասավանդող՝ բազմաթիվ տարիների փորձ ունեցող մասնագետների կարծիքով, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի դպրոցական դասագրքերում թեմաների հաջորդական դասավորվածությունը ճիշտ չի ընտրված: Նրանց խոսքերով, մաթեմատիկա առարկայի հիմքը ճիշտ չի դրվում հենց տարրական դասարաններից. 1-3-րդ դասարաններում սովորում են թվաբանական գործողությունները, խնդիրներ գրեթե չկան՝ 4-րդ դասարանում են հանդիպում, այն էլ՝ մի քանի գործողությամբ են, իսկ խնդիրը հասկանալու համար աշակերտը պետք է կարողանա ճիշտ  համառոտագրել այն, մինչդեռ 3-րդ դասարանից են սկսում համառոտագրելուն ծանոթանալ: Ուսուցիչները հավաստիացնում են, որ Սոկրատ Մկրտչյանի հեղինակային գրքերով «Կրճատ բազմապատկման բանաձեւեր» թեման հնարավոր չէ՝ առանց այլ թեմաների անցնել, իսկ ծրագրով շատ քիչ ժամանակ է հատկացված այս ծավալուն թեմային: Նույն խնդիրը կա նաեւ ֆիզիկա առարկայի 4-րդ դասարանի դասագրքում, այնինչ «Աստիճան» բաժինը ծրագրով նախատեսված է անցնել 8-րդ դասարանում: Նշենք, որ 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքն էլ դպրոց է հասել միայն սեպտեմբերի վերջին: «Ուղիղ գծի հավասարում» թեման նույնպես ուսումնասիրվում է 8-րդ դասարանի հանրահաշվի դասագրքով, սակայն 7-րդ դասարանում ֆիզիկայից անցնում են ուղղագիծ շարժում, ուստի աշակերտը գրաֆիկը պատկերացնել չի կարողանում: 7-րդ դասարանում ֆիզիկայից ծավալներ են հաշվում՝ գնդի ծավալ, իսկ դրա բանաձեւն անցնում են ավագ դպրոցում: Շրջանագծի երկարություն, շրջանի մակերես հաշվելը երկրաչափության թեմաներից են, որոնք ուսումնասիրվում են 9-րդ դասարանի վերջում, բայց ֆիզիկա առակայի ցածր դասարաններում դա կիրառվում է: Ստացվում է՝ միջառարկայական կապերն էլ են բացակայում: Դա երեւում է նաեւ ԳԹԿ-ի անցկացրած արտաքին գնահատումների արդյունքներից: Մաթեմատիկա եւ ֆիզիկա դասավանդող ուսուցիչները դժգոհում են նաեւ քաղաքային մակարդակով անցկացվող օլիմպիադաների ժամանակ առաջադրված խնդիրներից: Նրանք ասում են, որ պատկերացում չունեն, թե ինչպիսի դասագրքով պետք է պարապեն օլիմպիադա ուղարկվող աշակերտների հետ, քանի որ օլիմպիադաների ժամանակ առաջարկված խնդիրները բավականին բարդ են:
Նշենք, որ ռուսաց լեզվի ուսումնասիրման առումով էլ խնդիրներ են առաջանում դպրոցներում: Օրինակ, 11-րդ դասարանի աշակերտները ստիպված են 10-րդ դասարանի ռուսաց լեզվի դասընթացը կրկնել, քանի որ կոնկրետ 11-րդ դասարանի համար ռուսաց լեզվի դասագիրք չկա: Մնացած դասարանների դասագրքերում, ըստ մասնագետների, քիչ են լեզվի ուսումնասիրման համար պարտադիր վարժություններն ու առաջադրանքները, իսկ տեքստերում բավականին շատ են նորագույն բառերը: Ռուսաց լեզվի ուսուցիչները դժգոհ են նաեւ միջին դասարանների դասագրքից, որտեղ այդ լեզվի հոլովները լավ չեն ներկայացված:
Այս դժգոհություններն ուղարկվել են նաեւ ԿԳ նախարարություն, սակայն ոչինչ էլ չի փոխվել: Ուսումնական տարեսկզբի սեմինարի ժամանակ էլ, երբ մասնագետները հարցեր են տալիս դասագրքերի որակի մասին, երաշխավորված անձը պատասխանում է, որ այդ հարցին պատասխանելն իր իրավասության մեջ չի մտնում կամ մխիթարում, թե ինչ գրքով ու ինչ ձեւով ուզում են՝ կարող են դասավանդել, միայն գիտելիք ապահովեն:

Հ. Գ. Դժգոհություններ արտահայտած ուսուցիչների անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում, ասում են՝ չեն ուզում տնօրենների կամ  «վերեւների» աչքի փուշը դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել