ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը արդեն սկսել է սանիտարական ստուգումներ իրականացնել մարզի ջրառներում եւ ջրավազաններում: «Հայջրմուղկոյուղի» ընկերության հարավային մասնաճյուղի ջրառներում եւ ջրավազաններում 2010 թվականին կենտրոնի իրականացրած ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել, ընկերության չորս աշխատակից տուգանվել է 238 հազար դրամով: Բացի այդ, կենտրոնը Սյունիքի խմելու ջրի մանրէաբանական հետազոտություն է իրականացրել եւ արձանագրել շեղումներ: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետի տեղակալ Աշոտ Սիմոնյանի խոսքով՝ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հարավային մասնաճյուղի սպասարկած 5 քաղաքային եւ 11 գյուղական համայնքներից ամենամեծ շեղումը Մեղրու տարածաշրջանում է՝ 41 տոկոս: Կապանում եւ Գորիսում՝ 13, Սիսիանում՝ 5 տոկոս: «Մարզի մնացած 93 համայնքներում, որոնք սպասարկում են համայնքային ենթակայության ջրմուղ ընկերությունները, խմելու ջրի մանրէաբանական շեղումների պատկերը հետեւյալն է: Կապանի գյուղերում՝ 93 տոկոս, Մեղրիում՝ 83, Գորիսում՝ 57, իսկ Սիսիանում՝ 5 տոկոս»,- ասաց Աշոտ Սիմոնյանը եւ համայնքներին առաջարկեց մինչեւ մայիսի 1-ը մաքրել եւ ախտահանել ջրառներն ու ջրավազանները: