Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մարդկային ռեսո՞ւրսը

Մարտ 24,2011 00:00

Դեռեւս 2010 թվականի դեկտեմբերի 11-ին «Իսկ ովքե՞ր են տեղերում» հրապարակմամբ անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման նախարարության մշակած «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգին», նկատել էինք, որ այսօրվա մարզպետների եւ համայնքապետերի՝ ներկայիս մարդկային ռեսուրսի պարագայում, հմուտ եւ խոր մասնագիտական վերլուծություններով ու գնահատականներով հայեցակարգը մնալու է թղթի վրա: Նաեւ առաջարկել էինք հայեցակարգում հաշվի առնել մարդկային ռեսուրսը եւս: Հրապարակմանը ի պատասխան, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից եւ հայեցակարգի նախագիծը մշակող աշխատանքային խմբից շնորհակալություն ստացանք:
Սրանից երեք ամիս անց՝ երեկ, Երեւանում՝ ՀՀ մարզպետների, Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ՀՀ վարչապետի ու փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվեց սույն հայեցակարգն ու արձանագրվեց, որ Հայաստանում տարածքային զարգացման անհամաչափության խնդիրը կա  2000 թվականից եւ այսօր էլ խորանում է՝ երկրի տնտեսական աճին զուգահեռ կենսամակարդակի բարձրացում է նկատվել հիմնականում Երեւանում։ Կառավարության ղեկավարները նշեցին, որ տարածքային համաչափ զարգացումը կառավարության գերակայություններից մեկն է։ «Ակնհայտ է, որ մեր կարողությունների գերկենտրոնացումը Երեւանում խոչընդոտում է թե Երեւանի, թե երկրի բնականոն զարգացմանը»,- ընդգծեց վարչապետը, իսկ փոխվարչապետը հավելեց, որ արդեն այս տարի՝ եկող տարվա պետական բյուջեն մշակելիս միջոցների տեղաբաշխմամբ կզբաղվի հատուկ ստեղծված Տարածքային զարգացման հիմնադրամը։
Մարզերի եւ Երեւանի միջեւ անհամաչափությանը տեղյակ են նաեւ ՄԱԿ-ում: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Երեւանի եւ մարզերի բնակչության աշխատավարձերի միջեւ էական տարբերություն կա՝ նույն աշխատանքի դիմաց մարզի բնակիչը Երեւանի բնակչից 25 տոկոսով ցածր է վարձատրվում։ Մարզերում ցածր է նաեւ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտի չափը։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան քննարկման ժամանակ հայտարարել է, որ տարածքների համաչափ զարգացումը կնպաստի աղքատության նվազեցմանը եւ կխթանի երկրի կայուն զարգացմանը եւ խոստացել, որ ՄԱԿ-ը կշարունակի համագործակցությունը ՀՀ տարածքային զարգացման նախարարության հետ՝ ուղղված Հայաստանում տարածքային համաչափ զարգացմանը: Իսկ մարդկային ռեսուրսի մասին՝ ոչ մի խոսք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել