Աղբավայրի տարածքը մեծանում է անօրինական աղբ թափողների ձեռամբ
Լոռու մարզի 8 քաղաքային համայնքներից միայն Վանաձորն աղբավայր ունի: Խորհրդային տարիներին արդյունաբերական քաղաք Վանաձոր-Կիրովականում աղբի վերամշակման գործարան կար, որտեղ թափոններից պոլիէթիլենե տոպրակներ էին արտադրում: Հայաստանի անկախությունից հետո գործարանը չի աշխատել: 2009 թվականից մեկնարկեց «Թափոնների կառավարում. Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիք» ծրագիրը, որը իրականացվում է 7 երկրներում` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան: Հայաստանում ընտրվեց Լոռու մարզը: Երկու տարվա ուսումնասիրությունից հետո, այս տարվա վերջում պատրաստ կլինի զեկույցը, որի հիման վրա էլ կմշակվի 15-ամյա ռազմավարական ծրագիրն ու մարզի ղեկավարները կարող են դիմել դոնոր կազմակերպությունների՝ համապատասխան ֆինանսավորում ստանալու համար: «Հայաստանում քաղաքացիները վճարում են քաղաքապետարանին, քաղաքապետարանը՝ աղբահանող ձեռնարկություններին, ուղիղ կապ պաշտպանելու համար հարկավոր է աղբի վճարը բարձրացնել, որը Հայաստանի պայմաններում չգործող է»,- ասում է Հայաստանի ելակետային տվյալների հավաքագրման փորձագետ Հովհաննես Գրիգորյանը:
12 հազար բնակիչ ունեցող Ալավերդին աղբավայր չունի, ալավերդցիները աղբը Դեբեդ գետն են լցնում, որի ջրերով են ոռոգվում շրջակա գյուղերի դաշտերն ու այգիները: Լոռու մարզի գյուղերում աղբը հողում թաղում են կամ գետն ու ձորերն են լցնում, որը քամու ու կենդանիների միջոցով տարածվում է շրջակայքում: Այս տարի Ալավերդիում սկսել են աղբավայր կառուցել: Պահանջվում է 180 միլիոն դրամ եւ երկու տարի: Փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը կարծում է, որ համաֆինանսավորման կարիք կլինի, բայց վստահ է, որ եթե աղբավայր ունեցան՝ շրջակա գյուղերի աղբն էլ կտեղափոխեն: Վանաձորում էլ գերմանացիների աջակցությամբ շուտով աղբի տեսակավորման արտադրամաս կգործի:
Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ, Լոռու մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանի կարծիքով՝ «Այն տարբերակով, ինչով շահագործվում են մեր աղբավայրերը, մեծ վտանգ են ներկայացնում հատկապես ջրային ռեսուրսների համար, ջրի միջոցով մարդը շուտ է թունավորվում ու վարակվում»: Մարզի գլխավոր սանիտարական բժիշկը նշում է, որ հասարակության շրջանում սանիտարական կուլտուրայի բացակայություն կա, իսկ սանիտարական մաքրում իրականացնող ձեռնարկությունները չունեն համապատասխան տեխնիկա (Վանաձորում սանիտարական կուլտուրայի բացակայության մասին «Առավոտը» գրել է մեկ տարի առաջ՝ 2010-ի մարտի 17-ին՝ «Աղբ թափելը՝ վտանգավոր»):
Լոռու մարզի պետականորեն գրանցված միակ աղբավայրը Արջուտ գյուղի մատույցներում է: Իսկ Արջուտ գյուղի 72-ամյա բնակիչ Վալերի Լալայանի հողատարածքը անմիջապես Արջուտի աղբավայրի հարեւանությամբ է: Մեկ հեկտար արոտավայրից ամեն գարնան, ըստ Լալայանի, 20 պարկ աղբ են հավաքում, սակայն էլի անասունին վնաս հասնում է. «Էս տարի էլ մի ոչխարս խեղդվեց, անասնաբույժն եկավ «պրովուլկա» հանեց, ու թե իմ անասունն է, էդ դեռ ոչինչ, կմորթենք, էրեխեքը կուտեն, բա որ հարեւանինն է լինում, փոխարենը իմ ոչխարն եմ տալիս»: 2010-ին Վալերի Լալայանը վնասը փոխհատուցելու համար 2 ոչխար է կորցրել: Աղբը աղբավայրի սահմաններից դուրս թափող մեքենաների վարորդների հետ զրուցում է, բացատրում, որ աղբը հեռու տանեն, որ քամուց իր հողամասն ամեն օր աղբով ու պոլիէթիլենե տոպրակներով չծածկվի, բայց ամեն օր կեսօրից հետո հողամասը կրկին աղբով է ծածկվում: «Թե տարիքս հարգում են՝ լսում են, թե չէ, հենց ճամփի բերանին թափում ու գնում են»,- վրդովվում է Վալերի Լալայանը: Ընդհանրապես բոլոր արջուտցիներն են հետեւում, որ աղբը սահմանված տեղից առաջ չթափվի: Արջուտ գյուղի հողատարածքների զգալի մասն անմշակ է մնում կամ որպես արոտավայր է ծառայում աղբավայրին մոտ լինելու պատճառով:
1971 թվականին ՀՀ Մինիստրների սովետի որոշմամբ Արջուտ համայնքի ծայրամասում Կիրովականի աղբավայրի համար 6,5 հեկտար հատկացվեց ու տարիներ շարունակ քաղաքի եւ շրջակա գյուղերի կենցաղային եւ արտադրական աղբը թափվում էր հենց այդտեղ: 1996 թվականից աղբավայրի սեփականատեր «Սանմաքրում» ՍՊԸ-ի տնօրեն Էդմոնդ Էդարյանը պարզաբանում է, որ Վանաձոր քաղաքը, Մարգահովիտ, Գուգարք գյուղերը սպասարկող աղբաթափող 4 ձեռնարկությունները՝ օրինական աղբ թափողները, պահպանում են կանոնները, իսկ նրանք, ովքեր պայմանագիր չունեն աղբավայրի տնօրինության հետ՝ հեշտությամբ խախտում են օրենքները: «Ես ինքս եմ տեսել, որ երեկոյան ժամը 10-ին պաշտպանության նախարարությունը բերել, ճամփեզրին թափել ու գնացել է»,- ասում է Էդարյանը: Ըստ Էդարյանի, իրենց հետ կնքված պայմանագրերը քիչ են, աղբավայրին վճարվող գումարները՝ ցածր, եւ չեն համապատասխանում վառելիքի գներին ու մեքենաների ծախսերին, նաեւ աշխատողների աշխատավարձն է դժվարությամբ վճարվում, բայց աղբահանության դիմաց վարձը թանկացնելն էլ ճիշտ չի համարում, այդ դեպքում բնակչության զգալի մասը չի վճարի եւ կորուստը կրկնակի կլինի: «Սանմաքրում» ՍՊԸ տնօրենի կարծիքով՝ անօրինական աղբ թափողներին պետք է օրինական դաշտ բերել եւ միայն աղբավայրում դարպաս ու ցանկապատ ունենալը կլուծի բոլոր հարցերը, դա էլ մեծ ծախսերի հետ է կապված:
Դարպաս չլինելու արդյունքում աղբավայրի «տերերը» «բոմժերն» են: Նրանք աղբավայրը քրքրում են օրվա հացը վաստակելու՝ գունավոր մետաղներ, ապակյա տարաներ գտնելու հույսով եւ առանց այն էլ ցրված աղբն էլ ավելի մեծ տարածության վրա «սփռում»: «Քանի անգամ փորձել եմ դուրս անել, նույնիսկ ոստիկանությանն եմ դիմել, բայց ճար չկա»,- ասում է աղբավայրի սեփականատեր Էդմոնդ Էդարյանը: Ամեն «բոմժ» իր տարածքն ունի ու անծանոթ մարդ տեսնելիս այնքան ագրեսիվ է դառնում, որ ձեռքի տակ ընկած յուրաքանչյուր իր կարող են վրադ շպրտել, միայն իր տարածքին չմոտենաս, կամ գոնե թույլտվություն վերցնես իր տարածքով անցնելու համար:
Արջուտի բնակչության համար, բացի աղբից, լուրջ խնդիրներ եւ մտահոգվելու առիթներ է ստեղծում վառվող աղբի ծուխը, որի հոտը հասնում է անգամ Վանաձորի նորակառույց Տարոն թաղամաս: «Պահ է գալիս, էնքան է շատանում, հատկապես ամռանն է դա նկատելի, մարդու սիրտ է խառնում»,- բողոքում են Տարոն 4 թաղամասի բնակիչները:
Ամեն տարի Արջուտին պետբյուջեից գումար է հատկացվում աղբավայրին մոտ տարածքները մաքրելու համար, սակայն գյուղապետը խուսափեց խոսել անգամ կատարված աշխատանքների մասին. «Իմ համայնքի խնդիրները ես եմ լուծում, ինչ ձեւով ես գիտեմ»: Փոխարենը արջուտցիները տեղեկացրին, որ գյուղապետի բազմակի բողոքներից հետո աղբը հետ են մղել գլխավոր ճանապարհից եւ միայն:
Արջուտում երկու կարծիք կա. մի մասը պնդում է, որ աղբահավաք մեքենաների վարորդներն են իրենց հետեւից աղբը վառում ու հեռանում, մյուս մասն էլ վստահ է. «Էս 30 տարի վառվում է, վառող չկա, կուտակվող գազերն են ինքնայրման պատճառ դառնում»: Վալերի Լալայանը այնքան է ուսումնասիրել աղբավայրերը, որ գիտի՝ աղբը հնարավորինս պետք է խտացնել ու թաղել կամ ծածկել հողով ու զարմանում է՝ եթե տեխնիկան կա, ինչո՞ւ չի արվում:
Առաջին օրը չէ, որ Արջուտի աղբավայրը դուրս է եկել իր սահմաններից: Տնօրինությունը հույս ունի, որ հարցը կկարգավորվի աղբի վերամշակման գործարանի գործարկմամբ: Արդեն չորս անգամ փորձարկել են: Իսկ գյուղացիները մտավախություն ունեն, թե ճապոնական ծրագրի նման սա էլ կտապալվի: Նրանք պատմում են, որ ճապոնացիները խողովակաշար են կառուցել՝ աղբից գազ ստանալու համար, բայց մի օր սուսուփուս հեռացել են: «Տիրություն անող է պետք, թե չէ աղբի «տերերը» «բոմժերն» են»,-ասում է Վալերի Լալայանը: