Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐՆ ՈՒ «ՀԱՅԵՐԸ ԵՎ ԾՈՎԸ»

Մարտ 24,2011 00:00

Հայաստանի հազարավոր քաղաքացիների սոցիալ-կենցաղային բազմաթիվ խնդիրների լուծման համար փող չունեցող կառավարությունը նույն քաղաքացիների հաշվին միլիոններ է նվիրում մեկ մարդու:

\"\"
Ավերակ եւ չնորոգվող դպրոց՝ Էջմիածնում:

\"\"
Չմաքրվող ավերակներ՝ Երեւանի կենտրոնում:

\"\"
Կառավարության սիրելիին նվիրված հողակտորը:

2009 թվականի փետրվարի 19-ին հայրենի կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից 97,160 միլիոն դրամ տալ ՀՀ կառավարության աշխատակազմին, որ սա էլ գումարը նվիրաբերի «Հայերը եւ ծովը» հ/կ-ին՝ կամ որ նույնն է՝ գրող Զորի Բալայանին՝ «Սփյուռքի ճանապարհներով» գիտապատմական նշանակության շուրջերկրյա նավարկություն կազմակերպելու համար: Երկու շաբաթ անց վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ կառավարությունը որոշել է անցնել խնայողությունների ռեժիմի եւ պատրաստ լինել վատթարագույն սցենարին:
Այդ օրվանից մինչ օրս «Առավոտը» տարբեր պատեհ առիթներով գրել է այս մասին: Օրինակ, 2009-ի հունիսի 10-ին գրել ենք Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի փլուզված հատվածի մասին: Այն տեսքի բերելու եւ երթեւեկելի դարձնելու համար փող չկար, իսկ Զորի Բալայանի համար՝ կար:
Նույն տարվա օգոստոսի 19-ին գրել ենք, որ կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու փող չկա, իսկ Զորի Բալայանի համար՝ կա:
2010թ. մարտի 5-ին գրել ենք, որ կառավարությունը որոշել է 2010 թվականի պետբյուջեով Լոռու մարզի Դաշտադեմի համայնքի դպրոցի հիմնանորոգման համար առանձնացված 80,4 միլիոն դրամը ուղղել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հիմնանորոգման աշխատանքների լրացուցիչ ֆինանսավորմանը: Ուրեմն Դաշտադեմի դպրոցի համար փող չկա, իսկ Զորի Բալայանի համար՝ կա: Կամ Հայաստանում բավարար շենքային պայմաններ ունի դպրոցների 40%-ը միայն, ամենաքիչը Սյունիքում՝ 24%, ամենաշատը Վայոց ձորում՝ 56%: Մայրաքաղաքում բուժհիմնարկներում սարքավորումների հագեցվածության մակարդակը կազմում է միջինը 40%: Փող չկա, որ ՀՀ արդարադատության նախարարության նոր շենք կառուցեն կամ գոնե այրված շենքի ավերակները վերացնեն քաղաքի կենտրոնից: Եվ այսպես շարունակ:
Զորի Բալայանի ճամփորդությունը ավարտվեց: Հարկատուներիս փողերով սեփական հավակնություններին հագուրդ տվող գրողն ու հարկատուներիս փողերը նվիրող (այս դեպքում, թերեւս՝ վատնող) կառավարությունը Զորի Բալայանի հովանավորներին՝ ՀՀ քաղաքացիներին որեւէ հաշվետվություն չներկայացրեց, չասաց, թե այդ 97 միլիոնը որքանո՞վ արդյունավետ ծախսվեց, ՀՀ քաղաքացու կյանքը գոնե մազաչափ թեթեւացա՞վ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների լարվածությունը մեղմվե՞ց: Բայց անվրեպ աշխատեց «ախորժակը ուտելիս է բացվում» ճշմարտությունը, եւ Զորի Բալայանը որոշեց մեկ անգամ էլ շրջել աշխարհով մեկ ու էլի մեր փողերով: 2010-ին նա պետական բյուջեից ստացավ 40 միլիոն դրամ:
Հիմա էլ հայրենի կառավարությունը մտադրվել է գերազանցել ինքն իրեն: Այսօր մեր նախարարները կընդունեն «Հայերը եւ ծովը» հասարակական կազմակերպության առաջարկը եւ կորոշեն Սեւան ազգային պարկի ռեկրեացիոն գոտում՝ հանգիստ կազմակերպելու համար հարմար տարածքում, հենց լճին կպած 1,31 հեկտար տարածք առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել «Հայերը եւ ծովը» հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանում առագաստային սպորտի զարգացման նպատակով: Նախ նկատենք, որ «Սփյուռքի ճանապարհներով» գիտապատմական նշանակության շուրջերկրյա նավարկությունը առագաստանավային սպորտի հետ այնքան էլ կապ չունի: Միակ կապը այն է, որ երկու դեպքում էլ Զորի Բալայանը անձնական խնդիրներ է լուծում պետության հաշվին: Կասկածից վեր է, որ նախագիծն այսօր ընդունվելու է, որովհետեւ ՀՀ բնապահպանության նախարարի կազմած նախագծի վերաբերյալ որեւէ պետական կառույց որեւէ դիտողություն կամ առաջարկ չի ներկայացրել, չնայած նախագծում բազմաթիվ հարցեր կան: Օրինակ՝ պաշտոնապես էլ հայտարարվել է, որ Սյունիքի, Տավուշի, Շիրակի գյուղերի դատարկվածությունը՝ Հայաստանի հայաթափումը աղետալի չափերի է հասել, իսկ բնապահպանության նախարարությունը Զորի Բալայանին լավություն անելու նախագծում գրել է. «ներկայիս հույժ կարեւոր խնդիրներից է առագաստային սպորտի զարգացումը Հայաստանում՝ օգտագործելով Սեւանա լճի հնարավորությունները: Որոշման նախագծի ընդունման արդյունքում առագաստային սպորտի զարգացումը կխթանի թե որպես սպորտաձեւ եւ թե որպես հանգստի տեսակ Հայաստանի բնակչության եւ զբոսաշրջիկների համար»: Ապրելու պայմաններ չունեցողների եւ Հայաստանից հեռացողների համար հանգստի պայմաններ ստեղծելը այնքան էլ տրամաբանական եւ խոհեմ չէ եւ զարմանալի է, որ Հայաստանի անտառների հատումը չտեսնող բնապահպանության նախարարը հույժ կարեւոր է համարում սպորտի մեկ ճյուղի զարգացումը: Նախագծում գրված է, որ «սույն որոշման նախագծի հետ կապված պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական փոփոխություններ չեն սպասվում»: Այս պնդումը անհեթեթությունից բացի, եւ առաջին հերթին, նշանակում է, որ պետական բյուջեում ծախսեր կամ եկամուտների փոփոխություններ այնուհանդերձ սպասվում են, իսկ թե ինչպիսի՝ բյուջեն ձեւավորող հարկատուներիս չեն ասում:
Եթե Զորի Բալայանին նվիրված 140 միլիոն դրամին գումարենք Սեւանի ափից 1,3 հեկտարը, ապա կառավարության նվերի գումարային չափը կարող է հասնել 200 միլիոնի: Իսկ ես կուզեի ունենալ սրա 10 տոկոսը միայն՝ մոտ 20 միլիոն: Կարող եմ ասել թե ինչու՝ շատ ավելի հույժ կարեւոր հարց լուծելու համար: Երեւանի ծայրամասերից մեկում շատ սովորական բնակարան կգնեմ, որ Հայաստանը եւս մեկ ընտանիքով չհայաթափվի: Բայց կառավարությանը չեմ առաջարկի: Կառավարությունը պարտավոր է մտածել ոչ միայն Զորի Բալայանի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել