«Եթե դատարանը բավարարի հայցը, եւ մեր տպագրած նյութը համարվի վիրավորանք եւ զրպարտություն, ապա կարող եմ ասել, որ խախտվել է մեր ազատ արտահայտվելու իրավունքը»,- ասաց «Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանը: «Երկիր» թերթի դեմ պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախնական դատական նիստը կկայանա 2011թ. մարտի 25-ին:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Արզաքանցյանը իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պահանջում է հերքել օրաթերթի՝ հունվարի 13-ի համարում իր մասին տպագրված «131 դեմք ու դիմակ» հոդվածը: Պատգամավորը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պահանջում է նաեւ 3 մլն 568 հազար դրամ:
Ըստ պատգամավորի՝ հոդվածում արված հետեւյալ արտահայտությունները արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը. «Այս պատգամավորը առաջին անգամ խորհրդարան մտավ որպես «ստիլյագ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի» եւ Հրանտ Բագրատյանի արած հայտարարությունը՝ «Էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում», որը նույնպես հրապարակվել էր այդ հոդվածում:
Խմբագրի խոսքերով՝ պատգամավորը ուղարկել է մի նամակ՝ «Պատասխան» վերնագրով եւ պահանջում է այն ամբողջությամբ հրապարակել օրաթերթում: Պատգամավորը ներկայացրել է նաեւ Հրանտ Բագրատյանի ստորագրությամբ մի հայտարարություն, որում ասվում է, որ վերջինս նման արտահայտություն (լակոտ) չի արել:
«Պատասխանում» Տիգրան Արզաքանցյանը նշում է, որ «Երկիր» թերթի վաղեմի երկրպագուն է, բայց այսօրվա «Երկիրում» չի գտնում տարիներ առաջվա թերթի հետ կապ ունեցող որեւէ բան: Այնուհետեւ ասվում է, որ թերթում տպված հոդվածը պարունակում է վիրավորական, զրպարտիչ, իրականությանը չհամապատասխանող, մտացածին արտահայտություններ եւ տեղեկություններ:
«Երկիր» օրաթերթի փաստաբան Լիանա Գրիգորյանը նշում է, որ հոդվածում զետեղված որեւէ փաստ մտացածին չէ եւ բացառապես հենված է կամ լրատվության այլ միջոցներում արծարծված նյութերի, կամ պաշտոնական աղբյուրների վրա:
Անդրադառնալով նաեւ փոխհատուցման չափին՝ փաստաբանն այն հիմնավորված չի համարում, քանի որ հայցվորը որեւէ փաստարկ չի ներկայացրել այն մասին, թե հատկապես ինչու է նախապատվությունը տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված փոխհատուցման առավելագույն չափերին:
Համացանցում փորձելով գտնել Տիգրան Արզաքանցյանի մասին տեղեկություններ՝ գտանք տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակված հոդվածներ, որոնք բոլորն էլ գրեթե նույնատիպ բովանդակություն ունեին, ինչ «Երկիր» թերթում տպագրվածը, եւ պարունակում էին գրեթե նույն ձեւակերպումները: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն հայկական մամուլին, այլ նաեւ ռուսական լրատվամիջոցներին:
«Տիգրան Արզաքանցյանի մասին մամուլում հրապարակված հոդվածներին ծանոթանալով՝ կարծում եմ, որ պատգամավորը կարող էր իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար դատի տալ իր մասին նյութեր հրապարակած բոլոր այդ լրատվամիջոցներին: Բայց ընտրեց «Երկիր» շաբաթաթերթը»,- նշում է փաստաբան Լ. Գրիգորյանը:
«Ծեծ ուտելու սովորությունը» բազմաթիվ ինֆորմացիաներից եկող եզրակացություն է: Մարդը մի քանի անգամ նույն իրավիճակներում է հայտնվում եւ ծեծ է ուտում, եւ դրա մասին պարբերաբար գրում է մամուլը, եւ եթե դու գրում ես ծեծ ուտելու սովորություն, դու անում ես եզրակացություն, բայց դուրս է գալիս, որ դա վիրավորանք է»,- ասում է խմբագիր Բագրատ Եսայանը:
Իսկ Տիգրան Արզաքանցյանը այս եզրակացությունը իր պատասխանում մեկնաբանել է այսպես. «Չունենալով որեւէ բարոյական իրավունք՝ օրաթերթն իմ անձին վերաբերող ստահոդ տեղեկություններ է նշել հոդվածում՝ ցանկանալով այդ կերպ այլ լրատվամիջոցների շարքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու առումով «ստիլյագ» երեւալ»:
Անդրադառնալով մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածին՝ պետք է նշել Եվրադատարանի ընդունած կարեւոր սկզբունքներից մեկը. քաղաքական գործիչները եւ պետական պաշտոնյաները ավելի նվազ են պաշտպանված 10-րդ հոդվածով, քան այլ անձինք: Ինչպես նաեւ, նրանք պետք է առավել հանդուրժողաբար վերաբերվեն իրենց հասցեին հնչած քննադատությանը: