Սպանության մեջ մեղադրվող քաղաքացուն դատարանը ազատ է արձակել
75-ամյա ծերունու սպանության մեջ մեղադրվող 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ազատ է արձակել՝ մերժելով խափանման միջոց կալանք ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:
Տեղեկացնենք, որ Մաքսիմ Պետրոսյանը ընդունել է իրեն վերագրվող արարքը՝ մարդասպանություն:
Ըստ մեր տեղեկությունների՝ դատարանը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, եւ այն, որ վերջինս աջակցել է հանցագործության բացահայտմանը:
Հիշեցնենք՝ մարտի 16-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 75-ամյա Երվանդ Առաքելյանը: Նա որովայնի վերքով էր եւ անգիտակից վիճակում: Նույն օրը Առաքելյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել էր: Պարզվել էր, որ Երվանդ Առաքելյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի բնակարանից՝ վերջինիս ահազանգով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել էր, որ Երվանդ Առաքելյանին մարտի 16-ին, ժ. 19.00-ի սահմաններում, իր բնակարանում դանակով հարվածել եւ սպանել է Մաքսիմ Պ.-ն:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Դատարանի՝ խափանման միջոց կալանումը չկիրառելու կապակցությամբ Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանը «Առավոտին» տված հարցազրույցում նշեց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ եւ այն բողոքարկվել է վերաքննիչ դատարան:
«Երվանդ Առաքելյանին կյանքից ապօրինաբար զրկած մարդն այժմ ազատության մեջ է: Նախաքննական մարմինը բավական հիմքեր ունի կասկածելու, որ Մաքսիմ Պետրոսյանը, մնալով ազատության մեջ, ազդեցություն կունենա հանցագործության բացահայտմանն աջակցած վկաների նկատմամբ»:
Բացի այդ, դատախազը պարզաբանում է, որ մեր իրականության մեջ հանդիպում են բազմաթիվ ավելի նվազ ծանրության աստիճանի դեպքեր, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս պարագայում գլխավոր դատախազը անհիմն է համարում տարիքի պատճառով Մաքսիմ Պետրոսյանին ազատության մեջ թողնելու որոշումը՝ հիմնավորելով, որ այն կարող է դառնալ նախադեպ: «Ոչ մի կապ չունի՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը քանի տարեկան է: Ստացվում է՝ 72 տարեկան ցանկացած մարդ սպանություն կատարելուց հետո պետք է մնա ազատության մե՞ջ: Ուրեմն՝ «քիլլերներ» դարձնենք 72 տարեկանից բարձր անձանց, որովհետեւ նրանք ազատությունից չեն զրկվի»,- մտահոգություն է հայտնում մարզի գլխավոր դատախազը:
Նա համամիտ չէ դատարանի պատճառաբանությանը՝ թե Մաքսիմ Պետրոսյանը աջակցել է հանցագործության բացահայտմանը: «Իրականում նա ոչ մի կերպ չի աջակցել հանցագործության բացահայտմանը, այլ ամեն կերպ փորձել է խոչընդոտել դրան եւ խոստովանել է միայն իրեն առաջադրված անհերքելի ապացույցների ներքո»:
Նախաքննությունը ընթացքի մեջ է:
Վերաքննիչ բողոքը այս պահի դրությամբ դեռ չի քննարկվել: