Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազրկությունը հանգեցնում է չարաշահման

Մարտ 24,2011 00:00

Ինքնասպանությունները դարձել են հաճախակի

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մեզ մոտ գործազուրկ են մինչեւ 250 000 քաղաքացի: Ոչ պաշտոնական տվյալներով, իրականում գործազուրկ է կես միլիոն մարդ: Աշխատելը յուրաքանչյուր մարդու կենսական կարեւոր պահանջմունքներից է: Ահա թե ինչու աշխատում են նույնիսկ այն մարդիկ, որոնք ունեն անհաշվելի հարստություն: Աշխատանքը կամ աշխատելու հնարավորությունը կորցնելը մարդու համար ծանր ստրես է, իսկ աշխատելու հնարավորությունից տեւականորեն զրկված, այսինքն՝ գործազուրկ վիճակը մարդու համար հավասարազոր է տեւական խրոնիկական ստրեսային վիճակում գտնվելուն: Աշխատանք չունենալու պատճառով տեւականորեն նյութական ծանր վիճակում գտնվելը եւս համարժեք է խրոնիկական ստրեսային վիճակի: Եվ եթե սրան գումարենք անբավարար նյութական պայմանների պատճառով ընտանիքում հաճախակի ծագող անախորժություններն ու վեճերը, ապա պատկերն ավելի կամբողջանա:
Հայտնի է, որ 1 մարդու սննդի համար ամսական նվազագույն զամբյուղն արժե մոտավորապես 41 000 դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 32 500 դրամ է: Խրոնիկական թերսնումը եւ հիպովիտամինոզը առաջացնում են օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության նվազում, ինչը հանգեցնում է հոգեբանական, ֆիզիկական, վարակային վնասակար գործոնների նկատմամբ օրգանիզմի ընկալունակության բարձրացման: Դա է պատճառը, որ այսօր տագնապալի չափերի են հասել «սոցիալական» համարվող այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են ուռուցքային, տուբերկուլյոզային, սրտանոթային եւ մարսողական համակարգերի, հոգեկան ոլորտի հիվանդությունները, թմրամոլությունը:
Հոգեկան հիվանդությունների պարագայում դիտվում է ոչ միայն քանակական ավելացում, այլեւ որակական ծանրացում: Բժշկության մեջ վճարովի սկզբունքի ներմուծումը (նաեւ համավճարի ձեւով) եւ բնակչության համատարած աղքատացումը մեծ մասի համար բուժումը դարձրին անհնար: Մի կողմից ահագնանում է հիվանդների քանակը, մյուս կողմից նվազում են պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ դիմողների թիվը: Հերթերը գոյանում են միայն թաղման բյուրոներում:
Ջոն Հոփքինսի համալսարանի սոցիալական առողջապահության մասնաճյուղի սոցիոլոգ, դոկտոր Մ. Հարվի Բրեները ապացուցել է, որ 1970-80-ական թվականներին արտադրության անկումների ժամանակաշրջանում նկատվել է սրտային հիվանդությունների, ուղեղային կաթվածների, լյարդի ցիռոզի, ինքնասպանությունների, սպանությունների, տրանսպորտային վթարների հետեւանքով բնակչության մահացության զգալի աճ, ինչպես նաեւ հոգեբուժական հիվանդանոց ընդունվողների, ձերբակալությունների, բռնությունների ու խարդախությունների դեպքերի ավելացում: Տեւականորեն աշխատանք չունեցող մարդու, հատկապես տղամարդու հոգեբանությունը աստիճանաբար սկսում է փոխվել: Նա դառնում է անվստահ, բարդույթավորված, ամաչկոտ, թախծոտ, անպաշտպան, վախվորած: Որոշ մարդկանց մոտ կարող են դիտվել հակառակ երեւույթները: Նրանք էլ դառնում են դյուրագրգիռ, լարված, ագրեսիվ, կռվազան:
Այս բոլորը մարդկանց ենթագիտակցորեն ստիպում են իրենց հոգեկան լարվածությունը մեղմելու նպատակով չարաշահել ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, թմրանյութերը: Այլ կերպ սրանք կոչվում են օրգանիզմի խրոնիկական թունավորումներ նիկոտինով, էթիլ սպիրտով, թույներով եւ այլն, ինչն ավելի է խորացնում օրգանիզմի՝ առանց այն էլ ճգնաժամային վիճակը: Ահա թե ինչու հանրապետությունում ակնհայտորեն շատացել են նիկոտինիզմով, ալկոհոլիզմով, թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապողները: Հաճախացել են ինքնասպանությունները՝ տարեկան 600 դեպք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել