Անկախ այն բանից՝ հաշմանդամը 7 տարի փորձաքննություն է անցնում, թե ցմահ կարգ է ստանում ու թոշակավորվում
Հաշմանդամության կարգ ստանալու համար, դեռեւս 2003 թվականի կառավարության որոշման համաձայն, շատ հիվանդներ ստիպված են լինում 7 տարի շարունակ դիմել բժշկասոցիալական փորձաքննության, որպեսզի եղած կարգը կամ պահպանվի, կամ փոփոխվի, կամ էլ ընդհանրապես հանվի: Սակայն որոշ հիվանդությունների դեպքում, առողջության ոչ մի բարելավում չլինելու պարագայում, անժամկետ, այսինքն՝ ցմահ կարգ չեն նշանակում, կրկին մեկ տարով հաշմանդամության կարգ է նշանակվում, եւ տվյալ հիվանդը հաջորդ տարի ստիպված է լինում նորից փորձաքննության ենթարկվել:
Օրերս «Առավոտին» էր դիմել 2-րդ կարգի հաշմանդամ Արմեն Գրիգորյանը: Նա շաքարային դիաբետ ունի եւ 4 անգամ սրտի ստենդավորման է ենթարկվել: Արդեն 3-րդ տարին է՝ հաշմանդամության կարգի համար նա անցնում է բժշկասոցիալական փորձաքննություն եւ 3-րդ տարին նրա կարգն անփոփոխ է մնում: Ա. Գրիգորյանի ներկայացմամբ՝ «Եթե շաքարային դիաբետը չի բուժվում, եւ մարդը 4 անգամ սրտի ստենդավորում է ունեցել, ապա ի՞նչ իմաստ ունի 7 տարի ենթարկել փորձաքննության: Իմ հիվանդության դեպքում առողջական վիճակս չի բարելավվելու եւ 2-րդ կարգը անփոփոխ է մնալու: Մարդուն 3-րդ անգամ փորձաքննության ենթարկելը բավարար չէ՞, որպեսզի կարգը ցմահ տրվի: Այնքան էլ հաճելի պրոցեդուրա չէ, հաշմանդամ մարդը, առանց այդ էլ հոգեբանական ճնշված վիճակում ամեն տարի փորձաքննության է գնում կարգ ունենալու համար»:
Կարգ ստանալու համար 7 տարի բժշկասոցիալական փորձաքննության գնալը առավել բարդ եւ տհաճ գործընթաց է այն հաշմանդամների համար, որոնք տեղաշարժվելու խնդիրներ ունեն, ասենք՝ անդամահատված է ոտքը կամ մարմնի մեկ այլ հատված: Չնայած փորձաքննությունն անվճար է, եւ հիվանդները ոչ մի գումար չեն ծախսում դրա համար, այնուամենայնիվ, շատ հաշմանդամ մարդիկ դժգոհում են, որ գրեթե սթրես են տանում, երբ հիշում են, որ հաջորդ տարի կարգ ստանալու համար կրկին ստիպված են լինելու անցնել այդ փորձաքննությունը. «Ախր անդամահատված ոտքը հո հաջորդ տարի չի՞ աճելու: Այդ փողերը, որ պետությունն օգտագործում է անվճար 7 տարի փորձաքննություն իրականացնելու վրա, կարելի է ավելի խելամիտ ու արդյունավետ օգտագործել»:
Արդյոք 7 տարի հաշմանդամ մարդու համար բժշկասոցիալական փորձաքննություն անցնելն երկարաժամկե՞տ չէ, փորձեցինք պարզել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանից: Նրա խոսքերով՝ 7 տարին սահմանված է առաջին հերթին նրա համար, որ հիվանդը իր կամքից դուրս ամեն տարի անպայման հետազոտվի. «Եթե հաշմանդամությունը ստանում է անժամկետ, ընդհանրապես դուրս է մնում առողջապահական համակարգի վերահսկողությունից: Շատերը ականջի հետեւ են գցում եւ, ասենք, անժամկետ հաշմանդամության կարգ են ստանում, էլ չեն դիմում բժշկի: Այս որոշումով գոնե ստիպված տարին մեկ անգամ կգնան կստուգվեն եւ կլինեն բժշկի հսկողության տակ»: Բացի այդ, պարոն Վանյանը վստահեցրեց, որ 7 տարին հենց այն ժամկետն է, որի ընթացքում լիարժեք որոշվում է, թե մարդու առողջությունը դեպի բարելավո՞ւմ է գնում, թե՞ հակառակը. «2003 թվականից առաջ այդ ժամկետը 10-15 տարի է եղել: 7 տարին ոչ քիչ է, ոչ էլ՝ շատ: 1-2 տարին հաշմանդամի համար ծանր ու սթրեսային է: 3-րդ տարին գործակալությունը մտածում է մի տարի էլ տա, տեսնեն, թե ինչպես է ընթանում առողջական վիճակը: 5 տարին այն ժամկետն է, որ արագ անցնում է, բայց մարդը մնում է հաշմանդամ: 5 տարին մինիմալն է, որից հետո նոր կողմնորոշվում են, որ մարդը չպիտի աշխատի, այլ պետության նպաստով ապրի, կամ էլ, եթե կարող է, պետք է աշխատի: Եթե հենց առաջին տարին բոլորին անժամկետ տանք, տարեկան 18 հազար մարդ պիտի չաշխատի, բա 10 տարի հետո ո՞վ է աշխատելու: Այդ փողերն ավելորդ չեն ծախսվում: Եթե անժամկետ հաշմանդամության կարգ նշանակենք, նրանք էլ պետք է նպաստ ստանան եւ էլի անվճար բուժսպասարկում ստանան: Ի՞նչ տարբերություն, 2 դեպքում էլ պետության փողերն են ծախսվում»:
Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի՝ ամեն տարի փորձաքննություն անցնելուն, ապա պարոն Վանյանը վստահեցրեց, որ դա անիմաստ չի արվում. «Սրտի ստենդավորում անում են, որպեսզի մարդը հաշմանդամ չդառնա: Դա արվում է որպես բուժում, եւ նրա վիճակը պետք է լավանա: Ուստի ամեն տարի նրան փորձաքննության են ենթարկում: Եվ եթե այդ տարի մասնագետները համոզված լիեն, որ ոչինչ չի փոխվելու՝ անժամկետ հաշմանդամություն կնշանակեն: Փորձաքննության տրամաբանությունը հետեւյալն է՝ կանխատեսվում է, որ մարդու վիճակը կամ կլավանա, կամ կվատանա, ավելի թեթեւ կարգ սահմանեն կամ հակառակը: Հաշմանդամությունը կոչում կամ քաղաքացիություն չէ: Մարդը պետք է պարբերաբար հետազոտվի: Այսօր բժշկությունն այնքան է զարգացել, որ մի քանի տարի առաջ եթե մարդը հաշմանդամ էր, ապա հիմա որեւէ վիրահատությունից հետո նրա հաշմանդամությունը կարող է վերանալ եւ այլեւս որեւէ կարգի կարիք չունենա: Եթե մարդը պրոտեզավորված է՝ կարող է անժամկետ 3-րդ կարգ ստանալ: Մինչ պրոտեզավորումը 2-րդ կարգ ենք սահմանում, մինչեւ որ պրոտեզավորվի, սոցիալական եւ հոգեբանական ադապտացիայի ենթարկվի, պրոտեզին հարմարվի»: