Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ կլինի…

Մարտ 24,2011 00:00

\"\"Հուսադրում են ՀԲ կանխատեսումները

Հայաստանում անասնապահությունը այն բացառիկ ոլորտներից է, որը արդեն 7 տարի է՝ աճ չի ապահովում: Գյուղատնտեսներն ահազանգում են, որ անասնապահության ոլորտում եղած հնարավորությունները ամբողջությամբ չեն օգտագործվում: Գյուղամերձ արոտավայրերը էրոզիայի են ենթարկվել՝ կորցնելով իրենց արդյունավետությունը, իսկ հեռագնա արոտներն էլ ֆերմերներին հասանելի չլինելու պատճառով չեն գործածվում:
Համայնքային արոտավայրերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանին $16 միլիոն վարկ տրամադրելու որոշում է ընդունել: Երեկ այս մասին հայտարարեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին: Նրա տեղեկացմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը $21,33 միլիոն է, որից $5,33 միլիոնը կհամաֆինանսավորի կառավարությունը: Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու ու Արագածոտնի մարզերի 55 չքավոր գյուղերի համար նախատեսված 5-ամյա այս ծրագիրը արոտօգտագործողների ասոցիացիաներին կտրամադրվի արտոնյալ պայմաններով՝ 0,75% տարեկան տոկոսադրույքով եւ 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ է լինելու: Պարոն Հապին ասաց, որ ուսումնասիրություն չունեն, թե արդյոք այդ գյուղերի բնակիչները որքանո՞վ են վճարունակ ու պատրաստ՝ վարկերից օգտվելու: Նրա խոսքով՝ վարկերի շահառուներն էլ պետք է մոտ 5-10%-ի չափով ներդրում անեն, եթե հնարավորություն չունենան, կզրկվեն վարկային միջոցներից օգտվելու հնարավորությունից: «Հեռագնա արոտավայրերը գրեթե չեն օգտագործվում, իսկ գյուղամերձ արոտավայրերն էլ գերծանրաբեռնված են, ինչի արդյունքում ցածր է արտադրողականությունը»,- նշեց պարոն Հապին՝ նախատեսելով, որ ծրագրի ավարտին կաթնատվությունը կաճի մոտ 20%-ով: Նա նաեւ տեղեկացրեց, որ ծրագրի միջոցով ներդրվելու է անասնապահական արտադրանքի նորարարական համակարգ այն գյուղերում, որտեղ անասնապահական արտադրությունը բարելավելու շահագրգռվածությունն ավելի մեծ է:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ֆերմերային տնտեսություններին աջակցելու ծրագրերից բացի, լավ կլինի ֆերմերային տնտեսությունների մասին նոր օրենք ընդունել, որը ոչ միայն կհստակեցնի հանրապետությունում ֆերմերների կարգավիճակը, այլեւ գյուղմթերք արտադրողին օրինական դաշտ կբերի: Ինչ վերաբերում է ՀԲ վարկային ծրագրին, պարոն Բերբերյանը նկատեց. «Իհարկե, ծրագրի ուղղությունների առումով մի քիչ թույլ ծրագիր է, կարող էր ավելի լավը լինել: Լուրջ գումար են հատկացրել հանրապետությանը, պետք է հասկանանք՝ ինչ ուղղությամբ է օգտագործվելու: Եթե տեղական հարց պետք է լուծվի՝ գյուղի վիճակը մի փոքր թեթեւացնելու համար, ապա դա լուծում չէ, այսօր կթեթեւացնենք, վաղը էլի կծանրանա: Այսօր ոգեւորված տնտեսություններ են ստեղծում, բայց մի քանի տարի հետո դրանք լուծարվելու են այնքան արագ, որքան արագ ստեղծվեցին: Արոտավայրերի զարգացման իրենց ծրագիրն էլ անհասկանալի է ու աբսուրդ: Մեծ-մեծ խոսում են, տեսնենք՝ որքանով կարդարացնի, ու գյուղացիները որքանով շահագրգռված կլինեն օգտվել»:
ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար պարոն Հապին անդրադարձավ նաեւ կառավարության՝ վերջերս հաստատած «Առեւտրի ու ծառայությունների մասին» օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների 30% գնաճ արձանագրելու դեպքում կառավարության միջամտությունը. «Այս նախաձեռնությունը թեեւ կարճաժամկետ հատվածում կարող է համեմատաբար զսպել գները, բայց երկարաժամկետ հատվածում բացասական ազդեցություն կթողնի մրցակցային շուկաներում»: Նրա խոսքով, հանրապետությունում առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակների գների իրենց վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հացի, կաթի ու ձկան գները անհամեմատ ավելի բարձր են եղել, քան հարեւան երկրներում էր, փոխարենը՝ շաքարավազն ավելի էժան է եղել. «Փաստորեն կտրուկ գնաճը՝ 30%-ի սահմաններում, միայն որոշ ապրանքների մասով է արձանագրվել»:
2011-ի համար ՀԲ տնտեսական աճի կանխատեսումները չեն փոխվել: Պարոն Հապին հիշեցրեց, որ կանխատեսում են 4-5% տնտեսական աճ. «Եթե էներգետիկ կամ պարենային ապրանքների հետ կապված ճգնաժամ տեղի չունենա, եւ գյուղատնտեսության ոլորտում դրական զարգացումներ նկատվեն, ապա ակնկալում ենք, որ Կենտրոնական բանկի գնաճի նպատակային ցուցանիշը կպահպանվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել