Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱ՞Ն

Մարտ 24,2011 00:00

Հայաստանում հայեցակարգ են մշակում, փորձում գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների մուտք ապահովել եւ ինովացիոն տնտեսություն զարգացնել:

Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ե՞րբ Հայաստանը սպառող երկրից կվերածվի արտադրող երկրի, ասել էր` «Ապագայի տնտեսությունը գիտելիքահենք տնտեսությունն է, եւ Հայաստանն էլ, ինչպես ԱՄՆ-ն, առաջիկայում պետք է դառնա ծառայություններ մատուցող երկիր՝ հիմնված գիտելիքի վրա»:
Վարչապետի այս հայտարարությունից առաջ էլ՝ նախորդ ամիս, կառավարության նիստում հաստատվեց «Ինովացիոն տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության» հայեցակարգը, որով հայրենի կառավարությունն ու էկոնոմիկայի նախարարությունը նախատեսել են մինչեւ 2020 թվականը մեր երկրում ապահովել գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների մուտքը:
Էկոնոմիկայի նախարարությունը չէր ընդունել փաստաթղթի վերաբերյալ ԿԳ նախարարության առարկությունը: Հեղինակներին ուղարկված փաստաթղթում ԿԳՆ-ն հայտնել էր, որ հայեցակարգի գլխավոր, սկզբունքային բացթողումն այն է, որ անտեսված է ինովացիոն քաղաքականության կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկը՝ գիտությունը: Հայեցակարգի հեղինակները վստահ են, որ Հայաստանի տեսանկյունից առավել իրատեսական դիրքավորումը գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների հետազոտությունների եւ մշակումների (ՀուՄ) կենտրոն դառնալն է: Ռազմավարական այդ հայեցակարգում ամեն ինչ շատ գեղեցիկ կերպով շարադրված է, բայց թե որքանով են նշված կետերը մեր իրականության մեջ իրատեսական եւ իրագործելի՝ այլ հարց է: Այս առումով հետաքրքրական էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի այն հայտարարությունը, թե ներկայացված փաստաթղթով իրենք չեն հավակնում ներկայացնել, թե ինչպես պետք է ձեւավորվի ինովացիոն տնտեսությունը, սակայն ներկայացնում են, թե ինչպիսին այն պետք է լինի:
Ըստ «Ինովացիոն տնտեսության ձեւավորման» հայեցակարգի՝ մինչեւ 2020 թվականը Հայաստանը պետք է դասված լինի ՀուՄ գործունեություն իրականացնող առաջնային այնպիսի երկրների շարքին, ինչպիսիք են Իսրայելը, Սինգապուրը, Իռլանդիան: Սա այն պարագայում, երբ Հայաստանում այսօր էլ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները չեն դադարում դժգոհել ոլորտում իրականացվող հարկային եւ մաքսային քաղաքականությունից, անբարենպաստ ներդրումային միջավայրից եւ այլն: Ոլորտի մասնագետները նախանձով են խոսում հարեւան Վրաստանի մասին, որը նախորդ տարվա վերջում «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքով հաստատեց, որ ՏՏ ոլորտում աշխատող ընկերություններն ազատվում են հարկերից: Խոսքը մասնավորապես արտահանման հարկերի եւ արտերկրում ծավալած գործունեությունից ստացվող եկամտահարկի մասին է: Մի բան, որ այդպես էլ չարեց մեր կառավարությունը:
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը կարծում է, որ ներկայիս գլոբալ միտումներից ելնելով՝ Հայաստանն այսօր այլընտրանք չունի, քան գիտելիքի վրա հիմնված ինովացիոն տնտեսություն զարգացնելը, ինչն, ըստ նրա, բավականին բարդ խնդիր է. «Եթե այսօր համեմատելու լինենք Հայաստանի տնտեսությունը ինովացիոն զարգացման տեսանկյունից, բավական հետին շարքերում ենք»:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին եւս չի բավարարում ներկայիս տնտեսության մեջ ինովացիոն կոմպոնենտը, բայց նաեւ դժգոհ է արդեն հաստատված «Ինովացիոն տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության» հայեցակարգից: «Գիտելիքահենք տնտեսությունը ենթադրում է, որ այն իր մասնակցությունը պետք է ունենա ազգային ՀՆԱ-ի մեջ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասով մեր երկրում դա ընդամենը 2 տոկոսը չի գերազանցում, պետք է աշխատենք մեծացնել այդ չափը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Կ. Վարդանյանը: Նա, սակայն, կարծում է, որ ըստ հայեցակարգի, ինովացիոն զարգացում ապահովել՝ խոշոր միջազգային ընկերություններին ներգրավելով, մեր դեպքում այնքան էլ ճիշտ ուղի չէ: Կ. Վարդանյանը գտնում է, որ եթե տնտեսության ՀՆԱ-ի մեջ տեխնոլոգիական ընկերությունների դերն առնվազն չկրկնապատկվի, չեռապատկվի, գլոբալ ընկերություններին Հայաստանը հետաքրքիր չի լինի. «Հայաստանում պետք է զարգացնել տեխնոլոգիական ձեռներեցությունը՝ իրականացնելով ՀՀ կառավարության IT զարգացման հայեցակարգը, որում նշված է, որ 2018 թվականին պետք է ունենանք 1000 տեխնոլոգիական ընկերություն: Ջանքեր պետք է դրվեր դրանք ստեղծելու եւ զարգացնելու ուղղությամբ: Եթե ունենայինք մեծ թվով տեխնոլոգիական ընկերություններ այստեղ, դա նաեւ կապահովեր միջազգային ընկերությունների մուտքը Հայաստան: Եթե տեխնոլոգիական ընկերությունները Հայաստանում իրենց լավ չզգան, խնդրելով, համոզելով, ստիպելով իրենց չես բերի: Լավագույն դեպքում կգան մի հատ թրեյնինգ կենտրոն կսարքեն, կթողնեն, կգնան՝ իրենց ցուցադրելու համար: Պետք են հազարավոր տեխնոլոգիական ձեռներեցներ, որոնք ներգրավելու են մարդկանց. երբ որ դա կլինի, դրսի ընկերություններն իրենք կգան»:
Մեր զրուցակիցը գտնում է, որ ինովացիոն տնտեսություն ձեւավորելու համար Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանը պետք է դարձնել գիտահետազոտական կենտրոն, որտեղ բոլոր դասախոսները կզբաղվեն գիտահետազոտական աշխատանքով եւ ուսանողների հետ ներգրավված կլինեն նորաստեղծ ընկերությունների ստեղծման մեջ. «Պետք է մտածենք, որ երիտասարդները մտածեն ոչ միայն ծրագրավորող դառնալու, այլեւ հենց տեխնոլոգիական ոլորտում բիզնես ստեղծելու մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել