Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը ստիպված էր կառույցների պահպանություն իրականացնել Վրաստանում

Մարտ 24,2011 00:00
Gagik

Պատերազմի շրջանում Հայաստան սննդամթերքի եւ վառելիքի առաքումների դժվարությունների այլ մանրամասներ է պատմում նախկին նախարար Գագիկ Շահբազյանը:

Ինչպես հայտնի է, մեր հիմնական բեռնափոխադրումները կատարվում էին վրացական երկու նավահանգիստներով՝ Փոթիով եւ Բաթումիով: Չնայած Վրաստանում այդ ժամանակ վիճակն ավելի ծանր էր, քան Հայաստանում՝ նկատի ունեմ սննդամթերքի, ապրանքների, նավթամթերքի, ինչպես նաեւ էներգակիրների, այսինքն՝ գազի դեֆիցիտը, մենք անում էինք հնարավորը, որ չդադարեն առաքումները: Եվ մասնագետների հետ միասին ամիսներով մնում էինք Վրաստանում, որ կարգավորենք անխափան առաքումների հարցը: Սակայն լինում էին չնախատեսված հանգամանքներ՝ կամուրջների, գազատարների, երկաթգծերի պայթեցումներ, որոնք միակ կառույցներն էին, որոնց միջոցով Հայաստանը կարող էր ստանալ բեռնափոխադրումներ: Մենք մեր ուժերով վերականգնում էինք կամուրջները, նորոգում երկաթգծերը, «կարկատում» գազատարները, իրականացնում այդ կառույցների պահպանությունը Վրաստանի տարածքում: Եվ Վրաստանում էլեկտրաէներգիայի ահռելի դեֆիցիտի պայմաններում՝ մեր վրացի գործընկերների հետ միասին, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների միջոցով, փորձում էինք ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարում նավահանգիստներից մինչեւ Հայաստանի սահման՝ այդ բեռների փոխադրման ողջ տարածքում:

Ուզում եմ մի դեպք պատմել, թեեւ եղել են բազմաթիվ ուշագրավ պատմություններ: Զվիադ Գամսախուրդիայի եւ Էդվարդ Շեւարդնաձեի միջեւ առճակատման շրջանում դադարեցվեց Սամտրեդիա խոշոր երկաթուղային հանգույցի աշխատանքը: Եվ ստիպված էինք խմբով գիշերը մեկնել այնտեղ: Ճանապարհին մեզ կանգնեցնում էին բազմաթիվ խմբավորումներ, որոնց այլ կերպ չէիր անվանի, քան բանդիտական խմբեր: Սամտրեդիա կայարանում մենք մասամբ լուծեցինք հարցը, եւ վերադարձին, իսկ դա արդեն լուսադեմին էր՝ առավոտյան 4-5-ին, մեզ կանգնեցրեց զինյալ մարդկանց մի խումբ եւ ասաց, թե պետք է հանդիպենք պրն Գամսախուրդիային, քանի որ այդ տարածքը վերահսկում են նրա ուժերը: Եվ մենք մեկնեցինք հանդիպման: Նկարագրելով Հայաստանում առկա վիճակը՝ ես հիմնավորեցի Սամտրեդիա մեր այցը, եւ խնդրեցինք նրա աջակցությունը:

Գամսախուրդիան խոստացավ վերականգնել քանդված երկաթգծի հատվածը 24 ժամվա ընթացքում եւ կատարեց խոստումը:

Կամուրջների վերականգնման ընթացքում՝ ցորենը եւ նավթամթերքը բերվում էին ավտոշարասյուներով: Միայն այն մարդիկ, ովքեր ծանոթ են այս աշխատանքին, կպատկերացնեն, թե ինչ է նշանակում 450 մեքենայից բաղկացած ավտոշարասյուն Փոթիից ու Բաթումից հասցնել Հայաստան եւ անցնել Վրաստանի այն տարածքով, որը բնակեցված է ադրբեջանցիներով: Այդ ավտոշարասյուների վրա ե՛ւ կրակում էին, ե՛ւ պայթեցնում, ե՛ւ ճանապարհների վրա շաղ էին տալիս մետաղական «ոզնիներ» ու մեխեր: Բայց այս ամենի բոլոր մասնակիցները՝ սկսած վարորդներից մինչեւ ավտոշարասյուների ղեկավարներ, կանգ չէին առնում եւ գնում էին մինչեւ վերջ՝ գիտակցելով, որ կարեւոր գործ են անում:

Այս ամենի հետ միասին հայկական «ընդդիմությունը», չիմանալով, թե էլ ինչից կառչի՝ կշտամբում էր մեզ, թե ինչու ենք մենք Վրաստանի տարածքում մեքենաների լիցքավորման համար վարորդների գործուղման ծախսերի գումարները վճարում ոչ թե հայկական դրամով, այլ ռուսական ռուբլիներով:

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել