Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍՐՏՈՎ ԷՐ

Մարտ 24,2011 00:00

Մարտի 24-ին արտակարգ իրավիճակների նախարարություն 1-02 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 3-րդ հարկում ռումբ է տեղադրված: Ոստիկանների եւ փրկարարների անակնկալ այցը ոչ միայն զարմացրել, այլեւ ուրախացրել էր ուսանողներին: «Դասի էինք նստած, ոստիկանները մտան լսարան, ասացին, բոլորը պետք է դուրս գան, որ դա մեր անվտանգության համար է»,- պատմում է քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նեկտարը: Չնայած ոստիկանների խիստ հրահանգներին, ուսանողները հետաքրքրությունից դրդված չէին հեռանում մասնաշենքի շրջակայքից: Եվ մինչ ոստիկանները հրաժարվում էին նախապես որեւէ բան ասել եւ փորձում էին հայտնաբերել կամ ռումբը, կամ ահազանգողին, հավաքվածներից մեկը որոշեց պատժի ձեւը. «Որ բռնեմ, գնդակահարելու եմ»: Մոտ 1 ժամ 35 րոպե տեւած որոնումներից հետո արտակարգ իրավիճակների նախարարության Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ահազանգը կեղծ էր. «Ոչինչ չի հայտնաբերվել, իսկ ահազանգողի մասին համապատասխան մարմինները կճշտեն, մենք տեղյակ չենք»: Ուսանողների աշխուժությունն ու ուրախությունը, սակայն, չէր փոխանցվել դասախոսներին: Անհեթեթ զանգի պատճառով ընդհատվել էին դասերը: «Հենց սկզբից էլ գիտեի, որ սուտ է»,- ասաց դասախասներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել