Պաշտոնեական դիրքն օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի կաշառք վերցնելու ու յուրացնելու մեղադրանքով նախորդ օրը կալանավորվել է Գյումրու Է. Մատեյի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանը: Տիկնոջ դեմ Շիրակի մարզի քննչական բաժնում թեեւ նյութեր էին նախապատրաստվում դեռեւս 2010թ. սեպտեմբերից, սակայն մեղադրանք է առաջադրվել նույն թվականի դեկտեմբերի 15-ին՝ Քրեական օրենսգրքի 3 ծանր հոդվածներով՝ 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ խոշոր չափի կաշառք վերցնելը, 179 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելը: Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, սակայն Տաթեւիկ Փանոսյանի սիրտն այնքան է վատացել, որ նրան անմիջապես տեղափոխել են Գյումրու մարզային հիվանդանոց: Այժմ բժշկուհին հսկողության տակ է գտնվում:
Ի դեպ, մեր օրաթերթը դեռեւս անցած տարի գրել էր, որ իտալական պոլիկլինիկայի տնօրենի հարցերով զբաղված է Ազգային անվտանգության ծառայությունը, պատճառն այն է, որ պոլիկլինիկայի նախկին բուժաշխատողներից մեկը բողոք է ներկայացրել տնօրենի դեմ՝ դժգոհելով, որ թեեւ Տաթեւիկ Փանոսյանը իրենից «հախ» է վերցրել աշխատանքից չազատելու համար, սակայն խոստումը չի կատարել: Մեր աղբյուրների հաղորդմամբ, ԱԱԾ-ն հետաքրքրված է եղել նաեւ պոլիկլինիկայի ներսում կատարվող դրամահավաքությամբ. մասնավորապես այն փաստով, որ տնօրենը բուժաշխատողներից 500-ական դրամ է հավաքել բուժհաստատության ներսում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Նշենք, որ Տաթեւիկ Փանոսյանը մոտ 3 տարի է, ինչ զբաղեցնում է Է. Մատեյի անվան պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը, մինչ այդ տնօրենը նրա մայրն էր՝ Սուսաննա Քինակցյանը, ով թոշակային տարիքից հետո զբաղեցրեց նախկին մարզպետ Լիդա Նանյանի խորհրդականի պաշտոնը. նրան աշխատանքից ազատեց ներկա մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Հավելենք, որ Տ. Փանոսյանը մասնագիտությամբ անոթաբան է, հիվանդների բնորոշմամբ՝ բավականին հաջողված: