Դրա բնորոշ հատկանիշը, ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, իշխանության եւ ընդդիմության ներդաշնակ քայլերն են
– Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքը շատ տպավորիչ ստացվեց, ինչը պայմանավորված էր ոչ միայն իր մասնակիցների բազմամարդ լինելով, այլեւ երեք տարվա ընդմիջումից հետո Ազատության հրապարակ մտնելու փաստով: Այդուհանդերձ, շատ վերլուծաբաններ սույն արձանագրումներն անելուց զատ՝ նաեւ կարծիք հայտնեցին, թե դա շրջադարձային էր նաեւ Կոնգրեսի մարտավարության առումով. ո՛չ մի վերջնագիր, իշխանություններին ո՛չ մի անկյուն սեղմել, ո՛չ մի «հիմա», այլ շախմատային քայլեր: Կարծում եք՝ ՀԱԿ-ն իր մարտավարությունն իսկապե՞ս փոխել է, եւ արդյոք դա ժողովրդի թիկունքում հյուսված դավադրությո՞ւն է, ինչպես ոմանք են պնդում:
– Մարտավարության փոփոխության մասին խոսելուց առաջ նախ պիտի արձանագրենք, որ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել՝ անկախ նրանից, թե այդ իրողությունը ընդունո՞ւմ, թե՞ չեն ընդունում իշխանության կամ ընդդիմության գործիչները: Երբ մոտավորապես 10 օր առաջ Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցը եղավ, որտեղ նա շատ հանդուրժողաբար էր խոսում ընդդիմության մասին, արդեն ենթադրելի էր, որ իշխանության գործելաոճում որոշ փոփոխություն լինելու է՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ հաջորդ օրը ձերբակալվեց Սամսոն Խաչատրյանը: Իշխանությունն, իհարկե, դրանից հետո շատ էական քայլեր չարեց, եղավ կիսատ-պռատ մեկ-երկու քայլ, բայց, այնուամենայնիվ, առաջին անգամ երկրի նախագահը, գոնե վերջին 10-12 տարվա ընթացքում, ընդդիմությանը ոչ միայն չպիտակավորեց, այլեւ խոսեց ինչ-որ հանդուրժողականության միջավայրի մասին:
Կոնգրեսն իր հանրահավաքում, ըստ էության, արձագանքեց այդ իրողությանը: Խոսքս Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ օրվա երկու ելույթների մասին է: Նա, փաստորեն, վերջնագրային տոնից անցավ շատ ավելի կառուցողական միջավայր՝ հասկացնելով Սերժ Սարգսյանին, որ ինքն ընկալել է այն մեսիջները, որոնք ուղղված են Կոնգրեսին, հասարակությանը: Տեղի ունեցածում ես, իհարկե, դավադրություն կամ պայմանավորվածություն չեմ տեսնում: Տվյալ դեպքում խոսքը կարող է լինել իշխանության եւ ընդդիմության ներդաշնակ քայլերի մասին, որոնք ամենեւին էլ չեն ենթադրում, որ պայմանավորվածություններ են եղել: Դա խոսում է միայն այն մասին, որ, թերեւս, առաջին անգամ կա երկխոսության հասնելու միտում: Առայժմ երկխոսության փաստ, որպես այդպիսին, չկա: Երկու կողմերն էլ արեցին քայլեր, որոնք սեփական քաղաքական եսը պաշտպանելու նպատակ ունեն: Իշխանությունները եվրոպացիների առաջ ավելի ժողովրդավար երեւալու խնդիր ունեին, ինչը կիսատ-պռատ, բայց կարողացան լուծել, իսկ ընդդիմությունը, քանի որ պահանջներ էր առաջադրել ու որեւէ քայլ պիտի աներ՝ կարողացավ ժողովրդին ուղեկցել Ազատության հրապարակ, տեղի ունեցավ երկու քաղբանտարկյալի ազատ արձակում: Այսինքն՝ տեղի ունեցան քայլեր, որոնք ոչ միայն այդ պահին չէին վնասում իշխանությանը եւ ընդդիմությանը, այլեւ ավելին՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ստացան իրենց դիվիդենդները: Բնականաբար, դա որոշակի հարցեր ծնեց, բայց հասարակության որոշակի զանգված էլ իրեն մասամբ բավարարված զգաց: Կրկնում եմ, դավադրության մասին խոսք լինել չի կարող. ուղղակի պետք է արձանագրել, որ այս պահին մարտավարական խնդիրների շուրջ Կոնգրեսի եւ իշխանության շահերի համընկնում տեղի ունեցավ: Սա սարսափելի չէ, նույնիսկ դրական է, որովհետեւ կարող է նաեւ երկխոսության հիմք հանդիսանալ: Մի բան միանշանակ է՝ այդ օրն իշխանությունը ընդդիմությանը ոչնչացնելու ծրագիր չուներ, ընդդիմությունն էլ, ըստ էության, հրաժարվեց արտահերթ ընտրության պահանջից, ինչը ակնհայտ է:
– Այդ դեպքում ո՞րն էր իշխանությունների ու ընդդիմության այդ մարտավարության շարժառիթը:
– Բանն այն է, որ երկուսի ռեսուրսներն էլ չեն բավարարում իրենց նպատակներն իրագործելու համար: Իշխանությունը չի կարողանում կուլ տալ ընդդիմությանը, այսինքն՝ ոչնչացնել նրան ու նրա գործոնն առաջիկա ընտրությունների համատեքստում զրոյացնել, Կոնգրեսն էլ իր հերթին չի կարող հասնել արտահերթ ընտրությունների պահանջի իրականացմանը: Այսինքն՝ հակադրության այն մթնոլորտը, որ ռեժիմը ծնել էր 2008-ի մարտի 1-ից հետո՝ ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում, կլանել է երկուսի ռեսուրսներն էլ, եւ հիմա երկուսն էլ փորձում են պատային իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ քայլեր անել:
– Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Ձեր ասած նոր իրավիճակում ՀԱԿ-ը ստանձնել է ընդդիմության ճամբարում արմատականներին, հեղափոխականության կողմնակիցներին զսպողի դերը:
– Միանշանակ՝ այո: Դա այն է, ինչ անում է ցանկացած նորմալ ընդդիմություն, թեեւ, իհարկե, դա երկարաժամկետ աշխատել չի կարող, եթե իշխանությունն, իրոք, բարեփոխումներ չանի եւ չվերանայի իր քաղաքականությունը: Նոր իրավիճակը ենթադրում է, որ առաջին հերթին իշխանությունը պիտի քայլեր անի, որից հետո, բնականաբար, ընդդիմությունը պիտի դառնա ավելի համակարգային՝ զսպելով հեղափոխական որոշակի տրամադրությունները: Այս պահին երկու կողմերից էլ դրսեւորվել են դրան ուղղված ընդամենը միտումներ, բայց որ այդ համատեքստում ներդաշնակության բացակայություն կա ընդդիմության հարթակի եւ դրա ներքեւում հավաքված հասարակության ներկայացուցիչների միջեւ՝ ակնհայտ է: Նույն իրավիճակն է իշխանության ճամբարում. Սերժ Սարգսյանի ելույթները, որոնք, այսպես ասած՝ շատ նման են ժողովրդավարական երկրի ղեկավարի ասելիքին, որեւէ աղերս չունեն իշխանության այլ օղակների վարքագծի հետ: Տեսեք, ոստիկանությունն իր կոլեգիայում շատ լուռ լսում է Ս. Սարգսյանի շատ կոշտ ելույթը, բայց փողոց է դուրս գալիս եւ նույն բարբարոս մեթոդներով շարունակում է աշխատել: Քաղաքական երկու բեւեռների առաջնորդներն, ըստ իս, մինչեւ վերջ անկեղծ չեն ո՛չ իրենց թիմերի, ո՛չ էլ ընտրազանգվածի հետ, որովհետեւ Ս. Սարգսյանի ընտրազանգվածի մեջ ես չեմ տեսնում ժողովրդավարությանը հակված մարդկանց, թեեւ նրանք ծափահարում են, երբ Ս. Սարգսյանը ժողովրդավարությունից է խոսում, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածում, որը հավաքվում է հրապարակում, չեմ տեսնում մարդկանց, կամ քիչ է նրանց թիվը, ովքեր էվոլյուցիոն զարգացումների կողմնակից են, բայց նրանք էլ աշխատում են հրապարակավ չընդդիմանալ Լ. Տեր-Պետրոսյանին:
– Եվ որքա՞ն կարող են չընդդիմանալ:
– Շատ կարճ ժամանակ, որովհետեւ եթե Ս. Սարգսյանի ծաղկաձորյան ելույթից անցնեն շաբաթներ, եւ երկրում շարունակեն լինել քաղբանտարկյալներ, նրա խոսքի արժեքն անխուսափելիորեն զրոյանալու է: Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում շատ ողջունելի է, որ նա իշխանությանը չի ուզում պատին դեմ տալ կամ փակուղու մեջ դնել, որովհետեւ, ի վերջո, մի երկիր ենք: Բայց միաժամանակ, եթե իշխանությունը բարեփոխումների չգնա, նույն մարդիկ, որոնց ընդդիմությունը երկու-երեք տարի սովորեցրել է, որ պետք է անհաշտ պայքար մղել ավազակապետության դեմ, ընդվզելու են, որովհետեւ իրենք պատրաստ չեն տեւական պայքարի: «Հիմա» հնչող կարգախոսը հենց դրա վկայությունն է: Նույն խնդիրն ունի, թերեւս, նաեւ Ս. Սարգսյանը, ու որքան էլ նա ոստիկանների հետ, թեկուզ իմիտացիոն բնույթի, խոսակցություն վարի ընդդիմադիր եւ իշխանամետ քաղաքացիների հավասար իրավունքների մասին, այդուհանդերձ, նրան լսող ոստիկանի համար դժվար է հասկանալ, թե ինչպե՞ս կարող է նա քաղաքակիրթ վարվել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացու հետ: Այսինքն՝ երկու առաջնորդներն էլ իրենց համար սահմանել են մի նշաձող, որը հասկանալի չէ իրենց ստեղծած համակարգերի ներսում:
– Կարծիքներ են հնչում, թե Կոնգրեսն առավելապես մարտի 17-ին, ըստ էութան, հասկացնել տվեց, որ գնում է հերթական ընտրությունների: Կարծում եք արդարացվա՞ծ դատողություններ են:
– Միանշանակ՝ երկրում տեղի են ունենալու հերթական ընտրություններ: