Մի շարք իրավապաշտպան, լրագրողական եւ այլ հասարակական կազմակերպություններ երեկ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կապակցությամբ՝ մասնավորապես նշելով. «Մարտի լույս 23-ի գիշերը Հովհաննիսյանը գիշերել է գրեթե չդադարող անձրեւի ու մեկ միջին չափի հովանոցի տակ, իսկ հորդ անձրեւահոսքը ուղղակի ողողել էր նրա նստարանի շուրջբոլորը, ինչը կրկնապատկում է առողջությանը սպառնացող վտանգները՝ հրատապ չկանխվելու դեպքում վերածվելով կյանքի համար սպառնալիքի»: Նրանք պահանջել են «ապահովել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու համար վրան տեղադրելու՝ պետության պարտավորության կատարումը: Այս պաhանջը չկատարելու դեպքում մեզ ենք վերապահում պետության պարտավորության իրականացումը»: Նշենք, որ նախօրեին «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը հանդիպել էին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Վերջինս ասել էր, թե բացառվում է վրանի տեղադրումը: