Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՃԱՐԻ ԱՆՃԱՐԱԿՆԵՐԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ

Մարտ 23,2011 00:00

Վիգեն Ստեփանյանի թումանյանական ներկայացումը

Օրերս Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը կրկին «մանկաշատ» էր: Առիթը Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված «Հանճարի անճարակները» ներկայացման պրեմիերան էր: Ռեժիսորը, ինչպես նաեւ բեմադրության եւ երաժշտության հեղինակը Վիգեն Ստեփանյանն է: Գործողությունը տեղի է ունենում մեծանուն վարպետի՝ Հովհաննես Թումանյանի տանը: Վարպետն իր ծննդյան տարեդարձն է նշում իր հորինած կերպարների մասնակցությամբ՝ Աթանասը, նրա կինը՝ Պայծառը, Քեֆչի Հասանը, Չարչի Վարսիկը, Քաջ Նազարը, Ձախորդ Փանոսը, Անբան Հուռին, Տխուր աղջիկը, Ռոսինանտը, Սոված գայլը եւ մի տեր հայր, որը պատահական էր հայտնվել վարպետի տարեդարձին: Ծննդյան տոնակատարության ժամանակ Թումանյանն առաջարկում է իր հերոսներին հերթականությամբ կենաց ասել, սակայն կերպարներից մեկը՝ Աթանասը, ընդվզում է եւ հայտարարում, որ չի ցանկանում վարպետի կենացը խմել: Թումանյանը հետաքրքրվում է, թե ինչո՞ւ, Աթանասն էլ պատճառաբանում է. «Բա սա կյա՞նք է, որ ինձ տվել ես»: Այստեղից էլ սկսվում է բուն գործողությունը: Թումանյանը նեղսրտում է, որ իր հորինած կերպարը դժգոհում է իրենից եւ Աթանասին խնդրում պատմել, թե ինչն է իրեն այդքան տանջում:

Թումանյանի ներկայությամբ սկսվում են «Բարեկենդան» հեքիաթի գործողությունները: Աթանասն անդադար դժգոհում է, թե ինչո՞ւ է վարպետը նրան այդքան դժբախտացրել՝ կապելով կյանքը անխելք կնոջ՝ Պայծառի հետ: Աթանասը գրողից խնդրում է վերափոխել իր կյանքն ու բախտը: Թումանյանը, ընդառաջելով իր հերոսին, ուղարկում է նրան Աստծո մոտ: Բեմում հեքիաթը փոխվում է՝ «Բարեկենդանից» անցնելով «Անխելք մարդուն»: Հեքիաթների հերոսների բազմաթիվ ջանքերով եւ նրանց օգնությամբ Թումանյանն Աթանասին հնարավորություն է տալիս հանդիպել չորացած ծառին, որի տակ թաղված է ոսկի, ապա միայնակ, գեղեցիկ աղջկան, սակայն բոլոր հնարավորությունները Աթանասը ձեռքից բաց է թողնում: Վերջում Թումանյանը նրան բացատրում է, որ չի կարող փոխել արդեն գրած հեքիաթը եւ որ նա պետք է հարմարվի իրեն բաժին հասած կյանքին ու վերադառնա Պայծառի մոտ: Ավարտին բոլոր հերոսները խմում են վարպետի կենացը:

Վ. Ստեփանյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ «Հանճարի անճարակները» պիեսի հեղինակն ինքն է. «Գրված է Թումանյանի հեքիաթների հիման վրա: Միախառնված են երկու հեքիաթ՝ «Բարեկենդանն» ու «Անխելք մարդը»: Բուն միտքն այն է, որ Թումանյանն իր ստեղծած պերսոնաժների հետ վեճի է մտնում: Այս ամենը լուծված է մյուզիքլի մեջ՝ երգերով, պարերով»: Ռեժիսորի փոխանցմամբ, ներկայացումը ծրագրված է հատուկ պատանի հանդիսատեսի համար. «Որ գոնե՝ եթե պատանիները հեքիաթ չեն կարդում, նայեն ու իմանան, թե ինչ դրական ժառանգություն ունեն»:

Թումանյանի դերը մարմնավորում էր դերասան Արտաշես Շահվերդյանը: Նա խոստովանեց, որ իր համար Թումանյան խաղալը մեծ պատիվ է. «Ինձ համար այս ներկայացումը կարեւորվեց երկու հանգամանքով՝ նախ, որ ես ծնունդով լոռեցի եմ, հետո էլ՝ սա Թումանյան է՝ մեծ վարպետ: Մեր նպատակն էր ցույց տալ Թումանյանին որպես մարդ: Որքան մեր ուսումնասիրություններից հասկացանք եւ որքան որ ես էի լսել լոռեցիներից, նա լավ մարդ է եղել, քեֆչի, զուր չի, որ Կովկասի թամադա է եղել, ուտող-խմող… Մեզ համար կարեւորը դա էր, որ երեխաները Թումանյանին ճանաչեն նաեւ որպես մարդ՝ իր զգացմունքներով, հուզմունքներով, կատակասեր, զայրացկոտ»: Ա. Շահվերդյանի խոսքով, դժվար էր Թումանյան մարմնավորել. «Գիտեմ՝ հիմա քննադատներ կհայտնվեն, կասեն այսպես չի, այնպես չի, բայց բեմում ինձ համար կարեւորը Թումանյան մարդն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել