Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԱՐԿԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Մարտ 23,2011 00:00

\"\"Հաշվարկով ամուսնությունն այնքան էլ վատ չէ, բայց կարեւորը ընտանիքի ամրությունն է

Մոտավորապես մինչեւ 30 տարեկան յուրաքանչյուր աղջիկ եւ տղա ամուսնությանը վերաբերվում է, այսպես ասած, «մատների արանքով»… Ավելի երիտասարդ տարիքում քչերն են մտածում սոցիալական լավ պայմանների, հարուստ տղայի կամ հարուստ «պապայի» աղջկա հետ կյանքը կապելու, հաշվարկով ամուսնանալու մասին: Գերակշռող մաս են կազմում սիրո հենքի վրա ստեղծված ամուսնությունները: Այսինքն՝ երիտասարդները մտածում են սիրելով ամուսնանալու մասին: 30 կամ դրանից բարձր տարիքից հետո աղջիկների եւ տղաների մոտ սկսվում է դեպրեսիվ շրջան: Այս տարիքում արդեն ամուսնանալու մասին նրանք մտածում են այլ կերպ՝ բծախնդիր են դառնում, ուշադրություն դարձնում ամեն ինչին, ամուսնության առաջարկի դեպքում էլ անպայման ուզում են ապահովված, ինչպես ասում են՝ տնով-տեղով մեկի հետ կյանքը կապել: Այսինքն՝ հաշվարկում են. իրենց ձեռք կտա՞ ամուսնանալը տվյալ անձի հետ, թե՝ ոչ:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հաշվարկով ամուսնությունները բոլոր ժամանակներում էլ արդիական են. «Դրանք կան, եղել են եւ կլինեն: Հոգեբանը նշում է, որ զուտ ֆինանսական հաշվարկները տարիքային առանձնահատկություն չեն ճանաչում, ըստ այդմ, սխալ է ասել, թե 30-ից հետո են երիտասարդները մտածում՝ բարեկեցիկ կյանքով կապրեն, եթե այսինչի հետ ամուսնանան. «Հաշվարկ կատարելը, եթե զուտ ֆինանսական, նյութական առումով է, ապա որոշակի տարիքային առանձնահատկությունների հետ չի կապվում: Եթե նայենք այսօրվա երիտասարդությանը, ապա նույն ձեւով 20 տարեկանն էլ կարող է ճիշտ հաշվարկով ամուսնանալ, այնպես, ինչպես 30 տարեկանը: Կոնկրետ վիճակագրություն չկա՝ քանի տոկոսը, ոնց եւ ինչպես է ամուսնանում»:

Մ. Մեհրաբյանի խոսքով, իրականում հաշվարկը կապ ունի զուտ ներկա վիճակի, մարդու կյանքի եւ հեռանկարային լինելու հետ. «Այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, բոլորն էլ ձգտում են բարեկեցիկ կյանքի: Սակայն սա ավանդական հայկական ընտանիքներին չի վերաբերում: Մեր ավանդական ընտանիքի մոդելները շատ հաճախ սկսել են փրկել մեզ հաշվարկներից, որտեղ հիմքը դրվում է «լավ աղջիկ» հասկացության վրա, կրթված, «մաքուր»… Այս կետերից հետո նոր գուցե ոմանք նայեն վերջինիս բարեկեցությանը: Սակայն քիչ չեն նաեւ այն դեպքերը, որ տղաները հաշվարկից ելնելով ուշադրություն չեն դարձնում այդ կետերին: Արդյո՞ք սրանք պետք են, թե ոչ, դա կախված է հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններից: Չես կարող ասել, որ, այ, 70-ականներին դա չկար, կամ մյուս դարում դա չի լինի… Ամեն ինչ զարգանում է, մարդու մտածելակերպը՝ եւս»:

Հոգեբանը ընդգծեց, որ հաշվարկը չի բացառում զգացմունքը. «Օրինակ, կարող ենք որոշակի զույգերի պատմություններից ենթադրել, որ ամուսնությունը կապված էր հաշվարկի հետ, թեկուզ եթե նյութական էլ չէր, ապա նրանցից մեկը հեռանկարային անձնավորություն է: Եթե երկուսի մոտ համատեղելիությունը ի հայտ է գալիս, ապա հաշվարկն իրեն արդարացնում է: Բայց կարող է լինել շատ ռոմանտիկ զգացողությունների վրա կազմված ընտանիք, սակայն՝ անհամատեղելի, իսկ այս պարագայում անգամ հաշվարկը չի փրկի նրանց»:

Հոգեբանը ցանկացած հաշվարկի դեպքում կարեւորում է ամուր ընտանիքը: Նա գտնում է, որ ամուր ընտանիք կազմելու համար հաշվարկը, գզացմունքները այդքան էլ մեծ դեր չունեն, եթե զույգերը անհամատեղելի են:

«Համատեղելիությունը կարեւոր է ինչպես նախաամուսնական փուլում, այնպես էլ ամուսնության: Ենթադրենք հոգեբանը ախտորոշեց զույգերի բարձր համատեղելիությունը: Որքան էլ բարձր լինի, բայց համատեղելիությունը դինամիկա է եւ զարգացում է պահանջում, որովհետեւ բոլորս նույն տեղում երբեք չենք կանգնում: Անձն է զարգանում, պայմաններն էլ են զարգանում: Եթե չեն էլ զարգանում՝ փոփոխվում են: Եվ այստեղ արդեն կարեւոր է, որ փոխըմբռնումը, փոխադարձ հարգանքը մնան, նոր կհասնենք բարձրագույն զգացմունքներին, որոնցից մեկը հենց սերն է, ինչի վրա էլ կառուցվում է ցանկացած ամուր ընտանիք»,- մեկնաբանում է հոգեբանը:

Մ. Մեհրաբյանը շեշտում է, որ տարիքի հետ մարդիկ դառնում են բծախնդիր, ինչն էլ հանգեցնում՝ ամուսնանալիս հաշվարկել յուրաքանչյուր հանգամանք. «Տարիքի հետ մարդիկ ավելի սուր վերլուծողություն են ձեռք բերում: Եթե 20 տարեկանում շատ ավելի հեշտ է ընտրություն կատարել՝ նույնիսկ այն պարագայում, երբ զույգերից մեկի մոտ մի բան էլ ավելի պակաս է, ապա 30-ն անց մարդը ավելի հասունին է փնտրում: Եթե մարդը տարիների ընթացքում հասել է որեւէ պաշտոնի, ապա նրա համար շատ ավելի դժվար է ցածր պաշտոնի անձնավորության ընտրելը: Բայց սա բացառիկ չէ, քանի որ քիչ չեն նաեւ դեպքերը, որ 35 տարեկան կայացած կինը զուտ մենակ չմնալու համար կարող է ընտրել մեկին եւ զարգացնել իր կողքին: Այս երեւույթը հայկական իրականությունում կա, բայց շատ քիչ է: Նույնիսկ սա պետք է օրինակ ծառայի շատերի համար, որ լինես կին, թե տղամարդ եւ սոցիալական որեւէ շերտի ներկայացուցիչ, պետք է կարողանաս մյուսին տանել քո ետեւից: Սա երբեք չի թուլացնում ընտանիքի ամրությունը»:

Հետաքրքրվեցինք՝ հայ երիտասարդներից հիմնականում ո՞ր սեռի մոտ է նկատվում հաշվարկով ամուսնության միտում: Մ. Մեհրաբյանի խոսքով, երկու սեռերի մոտ էլ կա. «Հայ երիտասարդության շրջանում նախկինում աղջիկների մոտ էր նկատվում հաշվարկելու միտումը, վերջին շրջանում ակտիվացել են նաեւ տղաները: Բայց քիչ տոկոս են կազմում՝ 7-8: Աղջիկները տարիքի հետ դառնում են ավելի բծախնդիր՝ զուտ սոցիալական առումով, իսկ տղաները՝ հոգեբանական: Եթե տղան 30-35 տարեկան է, ձգտում է ավելի միամիտ, մաքուր, կյանքը քիչ վերլուծող աղջկա, որպեսզի չհասցնի շուտ մեծանալ: Կնոջը շատ ավելի դժվար է իրենից դասով կամ, ինչպես ասում են՝ մակարդակով ցածր տղամարդու հետ շփվելը: Կանայք նախընտրում են կամ իրենց հավասար, կամ իրենցից բարձրի հետ ամուսնանալ, որը ենթադրում է նաեւ սոցիալապես ապահովված լինելը: Այսինքն՝ ստացվում է, 30-ից հետո կանայք հաշվարկով ընտրում են նյութապես բարեկեցիկ տղամարդկանց, իսկ տղամարդիկ՝ ավելի բարետես, կիրթ կանանց, ինչը եւս հաշվարկ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել