Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելի նորություններ Գյումրիից

Մարտ 23,2011 00:00

\"\"«Շիրակ» ֆուտբոլային ակումբը մի շարք հաճելի նորություններով է մուտք գործել նոր մրցաշրջան, որոնց թվում է նոր հովանավորը: Առաջիկա մեկ տարում «Շիրակն» ու «Գյումրի գարեջուր» ընկերությունը համագործակցելու են: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրին ակումբի նախագահ Արման Սահակյանն ու «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի նախագահ Միսակ Բալասանյանը: Վերջինիս խոսքերով՝ այս համագործակցությունը սպասելի էր. «Տրամաբանական է, որ «Գյումրի գարեջուրն» այսօր «Շիրակ» թիմի հովանավորն է: Եթե բիզնեսը մի կողմ դնենք, ապա «Շիրակը» բոլոր գյումրեցիներինն է: Հուսով եմ, որ համագործակցությունը երկար կշարունակվի, մանավանդ որ՝ թիմը հաղթարշավով է սկսել իր ճանապարհը»: Արման Սահակյանն էլ իր հերթին նշեց, որ «Գյումրի գարեջուրը» հավատաց ու ակումբի կողքին կանգնեց՝ իրենց համար ծանր ժամանակահատվածում, երբ մրցաշրջանի արդյունքներով «Շիրակը» եզրափակում էր մրցաշարային աղյուսակը:

Համագործակցության ոլորտից եւս մի հաճելի նորություն է Յուրի Կոնոպլյովի անվան Տոլյատիում գործող ֆուտբոլի ակադեմիայի հետ բացառիկ պայմանագիրը, որի համաձայն, երկու կառույցների միջեւ սկսվելու է համագործակցություն։ Այդ ակադեմիան, ի դեպ, հովանավորվում է «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամի կողմից, որը ղեկավարում է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը։ Ըստ պայմանագրի՝ նախատեսված են համագործակցության մի շարք եզրեր: Մասնավորապես՝ փորձի, մարզիչների եւ ֆուտբոլիստների փոխանակում, համատեղ հավաքներ ու մրցաշարերի համատեղ կազմակերպում, ինչպես նաեւ՝ համատեղ սեմինարներ:

Ի դեպ, երեկ կայացած ասուլիսի ընթացքում «Շիրակի» ղեկավարությունը ներկայացրեց նաեւ ակումբի նորեկներին՝ բացառությամբ 2 օրով հայրենիք մեկնած դարպասապահ Իգոր Լոգվինովի:

Իսկ վերջին հաճելի նորությունը Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքից ներկայացրեց ակումբի մամուլի քարտուղար Արթուր Նազարյանը: Արդեն երեկվանից գործում է «Շիրակի»՝ fcshirak.am պաշտոնական կայքէջը: «Կայքում հնարավորություն կունենաք ծանոթանալ թիմի մասին վերջին նորություններին: Աշխատելու ենք առավելապես օպերատիվ՝ փորձելով չզիջել եվրոպական ակումբների պաշտոնական էջերի աշխատաոճին»,- նշեց Նազարյանը: «Ընդգրկուն տեղեկություն կա նաեւ «Շիրակի» պատմության մասին: Թիմն ունի հարուստ պատմություն, ուստի կայքում ներկայացված են թե ԽՍՀՄ առաջնություններում «Շիրակի» ունեցած մրցելույթները եւ թե թիմի նորագույն պատմությունը: Մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ «Մուլտիմեդիա» բաժնին. պատրաստվում ենք յուրաքանչյուր խաղից հետո տեղադրել խաղի դրվագներն ու լուսանկարները»,- եզրափակեց մամուլի քարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել