Այս օրերին Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների սպասումով են ապրում ոչ միայն երկու երկրների ֆուտբոլասերները, այլեւ մասնագետներն ու հենց իրենք՝ ֆուտբոլիստները: Նրանք նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում են, որոնց հետ հարցազրույցներում իրենց տեսակետներն են արտահայտում մարտի 26-ին կայանալիք հանդիպման հնարավոր ելքի մասին:
Արկադի Անդրեասյան: «Հայաստանի ոչ մեծ առավելությունն այն է, որ հանդիպումը կայանալու է մեր դաշտում: Սակայն ընդհանուր առմամբ հնարավորությունները հավասար են: Հարկ է նշել, որ երկու թիմերի խաղացողներն էլ լավագույն մարզավիճակում չեն լինելու, որովհետեւ երկու երկրներում էլ ազգային առաջնությունները նոր են մեկնարկել: Ճիշտ է, փորձառության եւ ֆիզիկական պատրաստվածության առումով ռուսները նախապատվելի են, քանի որ հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը հանդես է գալիս եվրոպական բարձրակարգ ակումբներում: Իսկ մեր ֆուտբոլիստներից նման փորձ ու մակարդակ ունեն միայն Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը:
Ռուսների համար խաղալը դժվար կլինի, որովհետեւ Հայաստանը բարձրլեռնային է: Իսկ եթե մեր ֆուտբոլիստներին հաջողվի ցույց տալ այն խաղը, ինչ նախորդ մրցակիցների հետ, հանդիպման հավանական ելքը ոչ-ոքին եմ համարում»:
Խորեն Հովհաննիսյան: «Կանխագուշակությունների սիրահար չեմ, բայց իմ կարծիքով հաղթանակի հնարավորությունը 80:20 է՝ հօգուտ Ռուսաստանի»:
Անատոլի Բիշովեց: «Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Հայաստանի հավաքականի տաղանդավոր երիտասարդների վրա: Այդ տղաներից շատերը հիմա գերազանց մակարդակի խաղ են ցույց տալիս: Ինձ շատ է դուր գալիս, թե խաղադաշտում ինչպես են գործում Յուրի Մովսիսյանն ու Էդգար Մանուչարյանը: Առաջներում էլ Հայաստանի հավաքականում շատ էին տեխնիկապես հագեցած երիտասարդ ֆուտբոլիստները: Իսկ հիմա ավելացել է նաեւ բնավորությունը: Իռլանդիային պարտվելուց հետո Հայաստանը չընկճվեց եւ անգամ հաղթեց Սլովակիային: Ընդհանուր առմամբ Հայաստանն առայժմ լավ տպավորություն է թողնում: Նա կարող է խաղալ երկու կամ երեք հարձակվողով: Կարծում եմ, որ հավաքականի մարզիչը խաղի ընթացքում կազմում փոփոխություններ կատարելու եւ խաղացողների դասավորությունը փոխելու հնարավորություն ունի»:
Սերգեյ Պողոսյան: «Ռուսաստանի հավաքականը, անկասկած, շատ ուժեղ է: Սակայն մեր երիտասարդ թիմն էլ հաղթելու հնարավորություն ունի: Բացի դա, մեր կողմից է 12-րդ խաղացողը՝ ֆուտբոլասերը, որն անկեղծ երկրպագում է իր հավաքականին: Հայաստանի հավաքականը հիմա վերելքի մեջ է ու չնայած երիտասարդ է, փորձառու ֆուտբոլիստներ էլ կան եւ թիմում լավ մթնոլորտ է տիրում»:
Ստեվիցա Կուզմանոսկի. «Բանանցի» գլխավոր մարզիչ: «Եթե հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվի հանդիպմանը ներկայանալ նույն ֆունկցիոնալ պատրաստվածությամբ, ինչ էին անցած տարվա խաղերում, կարող են ցանկալի արդյունքի հասնել: Ակնհայտ էր, որ Ռուսաստանի թիմը վերջին հանդիպումներում այնքան էլ հաջող չէր հանդես գալիս եւ անկայուն խաղ էր ցուցադրում: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանն ավելի որակյալ ֆուտբոլիստներ ունի: Բայց նաեւ հաշվից դուրս չպետք է թողնել ֆուտբոլասերների հզոր աջակցությունը: Այնպես որ, ցանկալի արդյունքի կարելի է հասնել: Ամեն դեպքում վստահ եմ, որ մեզ լուրջ եւ անհաշտ պայքար է սպասվում»:
Աբրահամ Խաշմանյան. «Գանձասարի» գլխավոր մարզիչ: «Ցանկացած հանդիպման արդյունքը կանխատեսելիս՝ աշխատում եմ հնարավորին չափ իրատեսորեն գնահատել թիմերի ուժերը: Տվյալ դեպքում հնարավորությունները 50:50 են: Ճիշտ է, բոլորն էլ գիտեն, որ Ռուսաստանը կարգով բարձր է, սակայն հանդիպումն ընթանալու է մեր դաշտում, ինչը դրանք հավասարեցնում է: Հակառակ դեպքում՝ նախապատվությունը ռուսներին կտայի: Հայտնի է նաեւ, որ ֆուտբոլիստների անհատական վարպետությունը մեծապես կախված է նրանց ֆիզիկական պատրաստվածությունից: Եթե մեր մարզիչներին հաջողվի տղաներին հասցնել անցած տարվա ֆիզպատրաստվածության աստիճանի 90 տոկոսին, վստահ եմ, որ հաջողությունը մեր կողմը կլինի»: