Մարտի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ world-music ժանրի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Նինո Կատամաձեն՝ Insight խմբով, որի հետ համագործակցում է 2000 թվականից: Նինոն իր հարցազրույցներում մշտապես հայտարարում է, թե չի կարող երգել տրադիցիոն ջազ, այլ երգում է այնպես, ինչպես ինքն է ընկալում ջազը, այսինքն՝ զգացմունքներով: Կատամաձեն այս անգամ էլ իր կրակոտ կատարումներով միանգամից «ներխուժեց» մարդկանց սրտերը, գրավեց դահլիճը ու տրվեց հանդիսատեսին: Իր տաք խառնվածքով, ինքնատիպ կատարումներով, հումորով, անսովոր շարժուձեւով նա ուղղակի գերել էր բոլորին: Ամենաոգեւորված պահերին Նինոն սուլում էր, էլ ավելի ոգեւորում հանդիսատեսին, խնդրում երգել իր հետ, նեղվում, որ հայերը երգող ժողովուրդ լինելով, տներում են երգում ու ոչ թե իր հետ՝ համերգին: Նա դահլիճից բեմ հրավիրեց ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանին, ինչպես ինքն էր նրան անվանում Վահագուշկային, ու երկու վառ անհատականությունները հանպատրաստից հանդես եկան համատեղ՝ բրավոների տարափ վաստակելով: Նինոն հումորով ասաց, որ ատում է Վահագնին, քանի որ այդ մարդն իրենից տաղանդավոր է, ապա երգչուհին բեմ հրավիրեց իր մյուս սիրելիին՝ Լիլիթ Պիպոյանին, որը նույնպես հրաշալի հանդես եկավ: Ժամանակ առ ժամանակ Նինոն կոնյակ էր խմում ու իբր զարմանում, որ հանդիսատեսն էլ է զարմանում իր «հարբելու» վրա. «Ի՞նչ եք նայում, ես տասը տարին մեկ եմ խմում, այն էլ ինֆորմացիոն անցքերը փակելու նպատակով»:
Նա անընդհատ օդային պաչիկներ էր ուղարկում հանդիսատեսին, վանկարկում «ցավդ տանեմ», «շնորհակալություն», ապա ասում, որ դահլիճից ստացվող էներգիան ուղղակի երկարացնում է իր կյանքը: «Եթե երգելն ինձ համար զուտ աշխատանք լիներ, ես վաղուց մեռած կլինեի»,- անկեղծացավ անմիջականության պակաս չունեցող երգչուհին:
Համերգը պետք է մեկուկես ժամ տեւեր, սակայն ձգվեց ավելի քան երկու ժամ, Կատամաձեն ասաց, որ անկեղծորեն չի ուզում հեռանալ՝ շատ ջերմ է հայ ունկնդիրը, դրա համար էլ «խռոված» պառկեց բեմին: Ապա վեր կացավ եւ ի ամփոփումն համերգի, երգեց իր ազգային հայտնի «Սուլիկոն»: