Լրահոս
Օրվա լրահոսը

Անգրագիտությո՞ւն, թե՞ վրիպում

Մարտ 23,2011 00:00

Մայր թատրոնի պատմությունն աղավաղված է

\"\"Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ազդագրաշատ ծառայողական մուտքի մոտով անցնելիս չենք կարող չնկատել մի «ինքնատիպ» գրառում. «88-89-րդ թատերաշրջան»: Սովորական թվացող այս գրությունը, պարզվում է, անգրագիտության ցայտուն արտահայտություն է, թատերական տրամաբանությանը հակառակ մի բան, որը շփոթմունքի մեջ է գցում նույնիսկ թատերասերներին: Նախ, թատերաշրջանները հաջորդական թվերով են ներկայացվում, այսինքն՝ 88-րդ, 89-րդ եւ այլն: Ի՞նչ է, Մայր թատրոնում չգիտե՞ն, որ թատերաշրջանն ընդգրկում է մոտ 10 ամիս, ներառելով երկու տարվա համապատասխան ժամանակաշրջան: Այս դեպքում գրագետ կլիներ գրել 2010-11թթ. թատերաշրջան: Բայց անգրագիտությունն այսքանով չի ավարտվում: Մայր թատրոնը բացվել է 1922թ. հունվարին՝ Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ, հունիսին փակվել է առաջին թատերաշրջանը, իսկ սեպտեմբերին սկսվել նորը: Ուրեմն, այժմ ընթանում է 90-րդ՝ հոբելյանական թատերաշրջանը, որը կավարտվի հուլիսին: «Խառը» թվաբանության պատճառն այն է, որ թատրոնների հիմնադրման կամ նրանց տարիքի հաշվարկը սկսվում է առաջին ներկայացման օրվանից:

Տխուր է, որ հենց երկրի գլխավոր դրամատիկական թատրոնն է շփոթում «թվաբանական հաշիվները»:

Ի դեպ, թատրոնի տնօրինությունը հայտ է ներկայացրել մշակույթի նախարարություն՝ 6-10 մլն դրամ գնահատել թատրոնի պատմությանը նվիրված գրքի հրատարակությունը: Հետաքրքիր է՝ ի՞նչ է լինելու այդ պատմության մեջ, գուցե ճիշտ նույն անճշտություննե՞րը, որոնք տեղ են գտել թատրոնի ճեմասրահում մեծերին ներկայացնող նկարաշարքում, որտեղ բացակայում են թատրոնի հիմնադիր Իսահակ Ալիխանյանի, իսկական սունդուկյանցիներ, նշանավոր դերասաններ Ռուզաննա Վարդանյանի, Սյուզան Գարագաշի, Հովհաննես Ավագյանի, Գեղամ Հարությունյանի լուսանկարները…

Օգտվելով արվեստագիտության դոկտոր Բաբկեն Հարությունյանի «Սովետահայ թատրոնի տարեգրություն» գրքից, տեղեկացանք նաեւ, որ ՀԽՍՀ կենտգործկոմը առաջին պետական թատրոնի ստեղծման մասին որոշումը կայացրել է 1921թ. նոյեմբերին, ուրեմն թատրոնի 90-ամյակը լրանում է այս տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել