Նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը
Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը շատերին է հայտնի: Իսկ կտավի պատճենների կամ վարիացիաների մասին պատկերացումներ քչերը կունենան: Վերջին 4 տարիների ընթացքում գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանը մտորել է կտավի ձեւափոխությունների մասին, որի արդյունքը օրերս ՆՓԱԿ-ում ներկայացրեց արվեստասեր հասարակությանը: Նարեկի նոր աշխատանքները գեղանկարների հերթական շարք չեն, այլ «Սիմուլակրում» կոնցեպցիա:
Ն. Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ «Սիմուլակրումը» բազմամաս նախագիծ է՝ բաղկացած կտավներից, վիդեոանիմացիայից եւ այն ուղեկցող երաժշտությունից:
«Նախագիծը հենված է 17-րդ դարի հոլանդացի հանրահայտ նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 պատճեն-վարիացիաների վրա՝ կատարված ըստ համաշխարհային, այդ թվում՝ հայ գեղանկարչության հայտնի ոճերի, գեղանկարիչների անհատական մաներաների»,- ասաց նախագծի հեղինակը: Նրա մեկնաբանմամբ՝ սիմուլակրումը պլատոնական փիլիսոփայության գաղափարներից է. «Բառացի նշանակում է պատճենի պատճեն»:
Նարեկը նշում է, որ պատահական չի ընտրել «Սիմուլակրում» նախագիծը. «ժամանակակից արվեստը ավելի շատ հիմնվում է գաղափարի եւ նրա ռեպրեզենտացիայի վրա կամ ուղղակի զգացմունքների եւ անմիջական տպավորությունների, որոնցից հետագայում կարող է ծնվել ինչ-որ մի բան: Այստեղ՝ սիմուլակրումում ամեն ինչ հակառակն է՝ ամեն ինչ գալիս է կոնցեպցիայից եւ նրանից, թե ինչպես պետք է ներկայացնես ու ինչ պետք է դառնա այն հետագայում: Այդպես մարմին առավ իմ գաղափարը: Ամեն ճշմարիտ արվեստագետ տեսնելով մի որեւէ բացառիկ ստեղծագործություն՝ ակամայից սկսում է պատկերացնել նրա զարգացումը իր մտքերի մեջ, մտածելով՝ հետաքրքիր է, եթե ես անեի այս նույն թեման, ինչպե՞ս կանեի: Ինձ համար հետաքրքիր էր ոչ թե սահմանափակվել զուտ միայն իմ պատկերացման մեջ, որովհետեւ անգամ մի նկարիչը կարող է տարբեր ոճերով եւ ձեւերով ներկայանալ, այլ մտնել յուրաքանչյուրի աշխարհայացքի մեջ՝ հասկանալով եւ հաղթահարելով նրա տեխնոլոգիան, տեխնիկական բարդույթները, այն տեսակ, որ հենց պլատոնական գաղափարը ակնհայտ գործի»:
Ն. Մինասյանը «անդրադարձել» է տարբեր դարաշրջանների գեղանկարիչների՝ Ռուբենս, Ռեմբրանդտ, Դա Վինչի, Մալեւիչ, Պիկասո, Միրո, Դալի, Սարյան, Քոչար, Աշոտ Հովհաննիսյան, Մինաս…
Նշենք, որ «Սիմուլակրում» նախագծում տեղ են գտել Ավետիսյան ընտանիքի երեք սերնդի ներկայացուցիչների ոճերով վարիացիաները՝ Մինաս Ավետիսյանի, Նարեկի որդու՝ Վաղարշակ Ավետիսյանի եւ իր: Նարեկի խոսքով՝ «Քանի որ որդուս պատկերած «Մարգարտե ականջօղով աղջիկը» շատ հավանեցի, նրա աշխատանքն էլ ընդգրկեցի շարքում»:
Նարեկն ասաց, որ չի դժվարացել հայտնի նկարիչների տեխնիկան եւ մոտեցումները պատկերելուց, բայց հոր՝ Մինաս Ավետիսյանի պատճեն-վարիացիան ամենաբարդն է ստացվել: Նրա փոխանցմամբ, հոր ոճով կտավը վերջում է հանձն առել ստեղծել՝ ցուցահանդեսից երկու ամիս առաջ. «Չէի համարձակվում, նույնիսկ սխալ էի համարում, բայց մի բան, այնուամենայնիվ, ինձ դրդեց: Փորձեցի ոչ թե նրա մոտեցմամբ նկարել այնպես, ինչպես կարող եմ, այլ այնպես, ինչպես իրեն կճանաչեն: Եթե փորձեի նկարել Մինասի նման, բոլորովին ուրիշ գործ կլիներ…»:
Հատուկ այս նախագծի համար երգահան Վահան Արծրունին երաժշտություն է գրել:
«Շատ անգամներ կարող եմ լսել Վահան Արծրունու ստեղծած գործն ու չձանձրանալ: Նրան դիմեցի որեւէ գործ համադրել նախագծին: Կտավները դիտելուց հետո ասաց, որ մեկ ամիս կպահանջվի իրենից երաժշտությունը գրելու համար: Երկու օր անց նա ինձ ներկայացրեց իր գործը: Տպավորիչ էր ստացվել: Վահանը կարողացել է նկարչական տրամադրությունը փոխադրել երաժշտությանը: Ինձ թվում է՝ երաժշտության շնորհիվ նկարներից տպավորությունն ավելի ուժեղ է»:
Նարեկը հավելեց նաեւ, որ երաժշտությունը նվագախմբի համար փոխադրել է Մադաթ Ավանեսովը եւ որպես դիրիժոր ցուցահանդեսի բացմանը ղեկավարել երաժշտությունը հնչեցնող 30 հոգանոց կամերային նվագախումբը:
Ցուցասրահի հարեւան դահլիճում պրոյեկտորով ցուցադրվում էր կտավների անիմացիոն տեսաշարը, որը շարժման եւ ժամանակի չափման մեջ ցույց էր տալիս պատկերների վերածվելը մեկը մյուսի:
«Սիմուլակրում» նախագծի երկրորդ մասում նկարիչը ներկայացել էր «Պոստֆրակտալներ» շարքով: Նրա ձեւակերպմամբ՝ պոստֆրակտալները կտավի վրա տպագրվող մաթեմատիկական ֆրակտալների վրայից հատվածներով նկարվող գեղանկարչական աշխատանքներն են:
«Համարում եմ, որ թվանշանային տպագրությունը ենթապատկեր է ծառայում նոր գեղանկարչական շերտի համար»,- ասաց նա: