Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ

Մարտ 23,2011 00:00

\"\"Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Լատինական Ամերիկային առաջարկել է «գործընկերության նոր դարաշրջան» սկսել՝ կոչ անելով դասեր քաղել անցյալում Վաշինգտոնի եւ տարածաշրջանի երկրների հարաբերությունների դժվարություններից եւ ծուղակը չընկնել: Reuters-ի մատուցմամբ, երկուշաբթի օրն այցելելով հարավամերիկյան ամենահարուստ երկրներից մեկը՝ Բրազիլիա, Օբաման ժամանել է Չիլի, որին առաջարկել է մեծացնել առեւտրաշրջանառության ծավալները, ներդրումներն ու ամրապնդել քաղաքական դինամիկ զարգացող կապերը մի տարածաշրջանում, որի վրա ազդեցություն ունենալու համար ԱՄՆ-ն մրցակցում է Չինաստանի հետ: «Ոչ մի տարածաշրջան այնքան սերտ կապված չէ, որքան՝ ԱՄՆ-ն ու Լատինական Ամերիկան»,- ասել է Օբաման՝ Սանտյագոյում՝ Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներայի հետ հանիպմանը հաջորդած՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Անցած հարյուրամյակի ընթացքում Միացյալ Նահանգները պարբերաբար Լատինական Ամերիկային է պարտադրել իր կամքը, իսկ սառը պատերազմի տարիներին Վաշինգտոնը պաշտպանել է մի շարք բռնապետների, այդ թվում՝ Չիլիում՝ գեներալ Ավգուստո Պինոչետին: «Չկան ավագ եւ կրտսեր գործընկերներ, կան հավասարազոր գործընկերներ»,- նկատի ունենալով ԱՄՆ-ն ու Լատինական Ամերիկան՝ հայտարարել է Օբաման:

Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահն այդ երկրներին խոշոր նախագծեր չի առաջարկել: Շատ լատինամերիկացիներ հիասթափված են, որ տարածաշրջան իր այցի շրջանակներում Օբաման չի թուլացրել Կուբայի նկատմամբ կիրառվող էմբարգոն:

Երեքշաբթի օրը Օբաման մեկնել է Սալվադոր, որով եզրափակվելու է նրա այցը լատինամերիկյան երկրներ: Այդ այցը տեղի ունեցավ ՄԱԿ-ի թույլտվությամբ արեւմտյան երկրների կողմից Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի բանակի դեմ ռազմաօդային գործողություններ ծավալելու ֆոնին: Որոշ մեկնաբաններ այդ այցը գնահատել են որպես ձգտում՝ ընդգծելու այն փաստը, որ Վաշինգտոնը Քադդաֆիին գրոհող ալյանսում ընդամենը գործընկերներից մեկն է: Օբաման զուգահեռներ է անցկացրել Հարավային Ամերիկայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ եւ Չիլիում ու տարածաշրջանի մյուս երկրներում ռազմական դիկտատուրայից ժողովրդավարության անցումը հնարավոր սցենար է համարել նաեւ արաբական երկրներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել