ՄԱԿ-ի գլխավոր ասամբելան մարտի 21-ը հռչակել է բոլոր տեսակի ռասայական խտրականությունների վերացման միջազգային օր: Այս օրերին աշխարհի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ակտիվորեն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների եւ բազմազանության: Այս տարի մարտի 22-27-ը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ՝ ընդդեմ խտրականության, որը կազմակերպում է UNITED For Intercultural Action կազմակերպությունների ցանցը, որը կազմված է 560 եվրոպական կազմակերպություններից: Այս տարի արշավին միացել է նաեւ Երեւանը:
Մարտի 22- 27-ը 4 կազմակերպություններ՝ Հայ առաջադեմ երիտասարդությունը, AEGEE-Yerevan կազմակերպությունը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ «Երիտասարդական շունչ» հ/կ-ն՝ միանալով եվրոպական մի շարք կազմակերպությունների, կանցկացնեն հակառասիստական արշավ Երեւանում:
Մեկշաբաթյա արշավի ընթացքում կկայանան ՀՀ-ում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչների մշակույթների ներկայացումներ, ֆիլմերի դիտումներ, օնլայն ֆլեշմոբեր, տեղեկատվական արշավներ, դասընթացներ երիտասարդների եւ ուսանողների համար եւ քննարկումներ: