Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Քննարկվել են հիմնադրամի 2010թ. տարեկան գործունեության եւ ֆինանսական հաշվետվությունները: ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին ու մասնավորապես անդրադարձել կառույցի որակի ներքին եւ արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերին, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի ու միջազգային համագործակցության արդյունքներին: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները: Խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2011թ. գործողությունների ծրագիրը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շրջանառության մեջ դնել խորհրդի նախորդ նիստում քննարկված՝ Հայաստանում նախնական, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթության որակի արտաքին գնահատման՝ ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման կարգի նախագծի վերամշակված տարբերակը: Խորհուրդը որոշել է կանոնադրական նպատակների իրագործման համար ընդլայնել հիմնադրամի գործունեության համար պահանջվող տարածքը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է տրամադրված տարածքի վերանորոգման ծախսերի նախահաշիվը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն: