Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսերեն եւ Լա Ֆոնտե

Մարտ 23,2011 00:00

Երեկ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Երեւանի թիվ 50 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում: 4-11-րդ դասարանների աշակերտները մեկը մյուսի ետեւից դահլիճում ներկա հյուրերին ֆրանսերեն ներկայացնում էին Լա Ֆոնտեի առակները: Երեխաները ֆրանսերեն պատմում էին խորամանկության, ագահության եւ այլնի մասին:

Թիվ 50 դպրոցի տնօրեն Սոս Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դպրոցն ամեն տարի ակտիվ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեկնարկած միջոցառումներին. «Մեր դպրոցը միշտ էլ կարողացել է հավուր պատշաճի ներկայացնել ֆրանսերենը: Հանդիսատեսը, անգամ Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից ժամանած օտարազգիները միշտ էլ զարմացել են, որ շաբաթական ընդամենը 2 ֆրանսերենի դասաժամ ունեցող դպրոցում հայ երեխաները կարող են այդքան լավ տիրապետել լեզվին»:

Չնայած Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում մեկնարկել են մարտի 17-ից, բայց թիվ 50 դպրոցը միջոցառումների շարքը սկսել է դեռ մարտի 16-ից:

«Մեզ մոտ օրերը մեկնարկեցին դպրոցում ֆրանսերենի դասարանի բացումով: Մի անկյուն ենք ստեղծել, որտեղ այսուհետեւ անցկացվելու են ֆրանսերենի դասընթացները: Ցավոք, մեր դպրոցը վերանորոգման խիստ կարիք ունի, այդ պատճառով էլ ֆրանսիական անկյունն այդքան էլ լավ չի «ստացվել»,- նշեց տնօրենը:

Ս. Վարդանյանի բնորոշմամբ, երեկվա ձեռնարկը բարոյախրատական բնույթ ունի. «Երեխաներին հանձնարարված է եղել ուսուցողական, դաստիարակչական պատումներ ընտրել եւ այդ ամենը ներկայացնել ֆրանսերեն: Նրանց այդ հարցում օգնել են դպրոցի օտար լեզվի ուսուցիչներ Վարսենիկ Հակոբյանը եւ Մելանյա Ազատյանը»: Տնօրենը վստահեցնում է, որ չնայած ընդամենը 2 ժամ է դասավանդվում ֆրանսերենը, սակայն աշակերտները մեծ սեր ունեն լեզվի նկատմամբ. «Դպրոցի հիմնական օտար լեզուն ֆրանսերենն է, սակայն ինքներդ էլ գիտեք, որ այսօր գերիշխողը անգլերենն է: Շատ են լինում դեպքեր, որ ծնողները զուտ միայն այն պատճառով, որ անգլերեն չենք դասավանդում, հանում են երեխային մեր դպրոցից եւ տեղափոխում այլ դպրոց»:

Երեկվա ցերեկույթով թիվ 50 հիմնական դպրոցում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումները եզրափակվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել