Կամ՝ պայքար հավաստագիր ստանալու համար
Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար անցկացվող քննությունները: Երեկ «Առավոտը» զրուցեց գրավոր փուլը հաղթահարած եւ հարցազրույցի փուլին նախապատրաստվող հավակնորդների հետ, գրավոր փուլից «կտրվել» էր 3 թեկնածու: «Տնօրենացուները», ինչպես իրենք էին նշում, չափազանց գերհոգնած էին: Քննություն հանձնողներին «թեւ տալու» համար շատ «տնօրենացուների» «ազգուտակն» էլ էր եկել:
Սյունիքի մարզի Աղիտուի հիմնական դպրոցի տնօրեն Սուրեն Բլբուլյանը քննություն հանձնելու է մարտի 30-ին: Երեկ նա եկել էր գործընկերոջն աջակցելու եւ քննության պայմաններին մոտիկից ծանոթանալու համար:
20 տարի տնօրեն աշխատող Ս. Բլբուլյանը գտնում է, որ հավաստագրման համար անցկացվող քննությունը կարեւոր է, սակայն կարծում է, որ երկար տարիների փորձ ունեցող տնօրենների նկատմամբ հավաստագրումը մի փոքր այլ կերպ պետք է լիներ, իսկ այս պարագայում բոլորը նույն հարթության վրա են: Ս. Բլբուլյանը նշում է, որ այս տեսակ քննությունները նաեւ տհաճ պահեր են ունենում, աշակերտները «կտրված» տնօրենացուներին սկսում են մատնացույց անել. «Օրինակ, մեր ընկերներից մեկը «չէր անցել», աշակերտը չգիտի, որ նա բոլոր հարցերին ճիշտ պատասխանել է եւ հարցաթերթիկ տեղափոխելիս սխալ է թույլ տվել, բայց ուղղելու հնարավորություն էլ չունի: Վիրավորված եմ, որ մամուլի տարբեր միջոցներով հայտարարեցին՝ ուրախացեք, երեխաներ, ուսուցիչներին ու տնօրեններին էլ են քննում: Էդպես չէր կարելի, պատրաստվելը լավ է, մարդը պետք է օրենսդրությանը եւ ամեն ինչի ծանոթ լինի, բայց չէր կարելի էդպես ներկայացնել»: 800 հարցից բաղկացած հարցաշարին նա դեմ չէ, բայց գտնում է, որ անցողիկ շեմը կարելի էր մի փոքր մեղմացնել:
Տարիներ առաջ ֆրանսերենի ուսուցչուհի աշխատած, հետո դասաժամերի պակասի պատճառով կրճատված Վալյա Գոքորյանը գտնում է, որ հավաստագրման համար անցկացվող քննությունները պետք են. «Հիմա շատ տնօրեններ կան, որ օրենքները չգիտեն: Իմ ուսուցիչ աշխատած տարիներին չեմ իմացել այս օրենքները: Եթե իմանայի աշխատանքային օրենսգիրքը, դիմում չէի գրի, ազատվեի»: Նա կարծում է, որ քննությունների ընթացակարգում որոշ վերափոխումներ են անհրաժեշտ: «Մեզ հետ մի թեկնածու կար, 60 հարցին էլ պատասխանել էր, բայց խոսել չգիտեր, անկիրթ էր: Հանձնաժողովի նախագահը կատակով ինչ-որ բաներ էր ասում, ինքը անկիրթ պատասխաններ տվեց: Այսինքն՝ նաեւ ուշադրություն պետք է դարձնել վարվելաձեւին, հագուկապին: Եթե տնօրենը մաստակը ճտճտացնելով ծամում է, ուրեմն չի կարող տնօրեն լինել: Շատ կարեւոր է, որ տնօրենը կիրթ լինի, իմանա քաղաքավարության կանոնները»,- նշեց նա:
Ավելի ուշ հավելեց, որ վերապատրաստման դասընթացների ժամանակ հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը հատուկ կարիքավոր երեխաների մասին խոսելիս անընդհատ ասում էր՝ դեբիլ երեխաներին հաց տվեցի կամ պետք է խոսենք դեբիլ երեխաների համար ավելի լավ պայմաններից: Թե ինչու էր Վ. Գոքորյանը հարցազրուցային փուլին նախապատրաստվելու ողջ ընթացքում «Ռեդ Բուլ» խմում, պատասխանեց. «Բազմազավակ մայր եմ: Մի շաբաթ կլինի չեմ քնել, որպեսզի այժմ գլուխս չպտտվի, էներգիա եմ ստանում, սուրճ խմելու հնարավորություն չունեմ, որպեսզի չքնեմ, ստիպված պիտի խմեմ: Չէի ուզում, որ որեւէ մեկը տեսներ ու ոչ մեկը դեռ գլխի չէր ընկել՝ ինչ է»:
Արագածոտնի մարզի Զովասար գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում հավաստագրման գործընթացը վաղուց պետք է սկսվեր, որովհետեւ. «Հաճախ տնօրենի պաշտոնը զբաղեցնում են այնպիսի մարդիկ, որոնք չունեն համապատասխան գիտելիքներ եւ կազմակերպչական ունակություններ»:
Առաջին փուլը հաղթահարած Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը հուսով է, որ բանավորն էլ հաջող կհանձնի, թեեւ մտահոգվում է, որ բանավորի «մասով» սուբյեկտիվիզմ հնարավոր է. «Եթե կա տոմս վերցնելու եւ կազմելու սկզբունք, բնականաբար բանավոր քննությունը նաեւ բախտի բան է»:
Արմավիրի մարզի Հայթաղի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ դժգոհություններ չուներ. «Եթե համապատասխան մարմինները որոշել են, որ պետք է հանձնել, ուրեմն՝ պե՛տք է»:
Հ. Գ. «Առավոտը» քանիցս նշել է, որ քննության մասնակիցների սննդի հարցը մնում է առկախ, մինչդեռ մարդիկ առավոտյան 10-ից մինչեւ 18:00-ը քննական աժիոտաժի մեջ են: