Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքային հանցագործության ծնող պատճառը

Մարտ 23,2011 00:00

Մամուլում այս օրերին շատ է քննարկվում մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Սամսոն Խաչատրյանի կողմից մի ոստիկանի հարվածելու համար հարուցված քրեական գործը, նրան կալանավորելը, գործի նախաքննությունը մեկ շաբաթում ավարտելը եւ դատարան ուղարկելը՝ դրան տալով քաղաքական ենթատեքստ: Ինչպես նաեւ այն, որ հիմնական ապացույցը «ԳԱԼԱ»-ի տեսանյութն է:

Նշված հրապարակումներն ինձ մոտ էլ հետաքրքրություն առաջացրին համացանցում դիտելու այդ տեսանյութը, եւ պարզեցի հետեւյալը. քաղաքացիական հագուստով չորս տղամարդ «արա լսի, վիզդ կպոկեմ» արտահայտիչ սպառնալիքով առաջ են գնում (վրա են տալիս) դեպի մեկ այլ տղամարդ, որն էլ թեեւ հետ է քաշվում, բայց իր եւ այդ տղամարդկանց միջեւ գտնվող կանանց հետեւից հարված է ուղղում դեպի իրեն «արա լսի, վիզդ կպոկեմ» սպառնալիքով վրա տվողներից մեկին:

Անձամբ Սամսոն Խաչատրյանին չեմ ճանաչում, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածից ելնելով չեմ կարող ասել, թե հարվածողն ով է, սակայն ընդունենք, որ դա Սամսոն Խաչատրյանն է: Չեմ կարող ասել նաեւ, թե նրան. «արա լսի, վիզդ կպոկեմ» սպառնալիքով վրա տվող քաղաքացիական հագուստով չորս անձինք ովքեր են, նրանք իսկապե՞ս ցանկանում էին Սամսոն Խաչատրյանի վիզը պոկել, թե՞ միայն ահաբեկում էին, Սամսոն Խաչատրյանը գիտե՞ր, որ նրանք ոստիկաններ են, թե ոչ, եթե գիտեր, որ ոստիկաններ են, ապա հավատացե՞լ էր, որ իսկապես իր վիզը կպոկեն, ինչո՞ւ էին ուզում նրա վիզը պոկել, հանրահավաքին մասնակցելո՞ւ համար, թե՞ այլ պատճառով եւ այլն:

Կփորձեմ կատարվածին անդրադառնալ դրա ծնող պատճառների տեսանկյունից:

Տեսանյութից երեւում է եւ ոստիկանության հաղորդագրության մեջ էլ նշված է, որ միջադեպը տեղի է ունեցել Երեւանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում:

Այդ օրվա հանրահավաքի վերաբերյալ այլ տեսանյութեր եւս առկա են համացանցում, եւ դրանք դիտելիս եւս պարզ է դառնում, որ ոստիկանների հետ ընդհարումներ (հրմշտոց) են տեղի ունենում Մատենադարանին մերձակա տարածքի վերջնամասում՝ Մաշտոց-Կորյուն փողոցների հատման մասում, եւ պատճառն այն է, որ հանրահավաքին մասնակցողների թիվն այնքան է (ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 9-10 հազար, ըստ 1-ին նախագահի՝ 100 հազ.), որ մատենադարանամերձ տարածքը չի տեղավորում բոլոր ցանկացողներին, եւ նրանք ակամայից հայտնվում են Մաշտոց-Կորյուն փողոցների բանուկ մասում, իսկ ոստիկանները կամ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք հանրահավաքի մասնակիցներին դուրս են հրում դեպի ճանապարհի մյուս մայթ, եւ հանրահավաքի եկած այդ անձինք դուրս են մղվում քաղաքապետարանի կողմից հանրահավաքի համար հատկացված տարածքից ու իրենց կամքին հակառակ դառնում հանրահավաքին չմասնակցող՝ զրկվելով Սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքն իրականացնելու հնարավորությունից:

Այսպիսով պարզ է, որ միջադեպերի պատճառն այն է, որ հանրահավաքի եկած անձինք չեն տեղավորվում դրա համար հատկացված տարածքում:

Հարց է ծագում, եթե դա է ոստիկանության հետ ընդհարումների, այլ կերպ՝ հանրահավաքային հանցագործության ծնող պատճառը, մեր իրավապահներն ի՞նչ են անում այդ պատճառը վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, օրերս մամուլով հաղորդվեց, որ քաղաքապետարանը հերթական անգամ արգելել է ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնել: Միգուցե պետք է Երեւանի քաղաքապետին տեղեկացնել, որ Ազատության հրապարակից ավելի փոքր Մատենադարանին հարակից տարածքը չի՞ բավարարում հանրահավաքին մասնակցել ցանկացողներին տեղավորելու համար եւ առաջարկվի թույլ տալ Ազատության հրապարակում հանրահավաքներն անցկացնել: Թե չէ, թեեւ մարդիկ գիտեն, որ հանրահավաք է, ցանկանում են մասնակցել դրան, գիտեն, որ իրավունք ունեն մասնակցելու, սակայն դա նրանց թույլ չի տրվում, իսկ երբ դիմում են իրենց սահմանադրական իրավունքների ինքնապաշտպանության, նրանց կալանավորում ու դատապարտում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել