Այդ ինչո՞ւ հայերս պիտի «խոնարհվենք» «Կոլցո»-յի հեղինակի առջեւ
…«Ծնունդդ շնորհավոր, սիրելի ընկեր»՝ մարտի 2-ի վաղ առավոտյան տողերի հեղինակիս իր անզուգական ռուսերենով արթնացրեց դասարանցի ընկերս, որի հետ բարեկամներ ենք արդեն մոտ 42 տարի: Եվ շարունակեց նույն լեզվով՝ «Դե, մենք Ձեզ հետ, ընկեր Խաժակյան, ծնվել ենք նույն օրը, եւ այսօր ամբողջ աշխարհը հանդիսավոր կերպով նշում է իմ 80-ամյակը»: Հին ընկերս դեռ դպրոցից շատ լավ էր նմանակում տարբեր հայտնի մարդկանց, ուստի իրեն միանգամից «բացահայտեցի», սակայն այն ձայնը, որով խոսում էր կատակասեր ընկերս, շատ ծանոթ էր: Դե, իհարկե, դա ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ձայնն էր:
Կես ժամ հետո զանգ ստացա հեռավոր Կանադայից, ուր ապրում են բարեկամներս՝ ամուսինը՝ անգլիացի, կինը՝ ֆրանսահայ, որոնք այնտեղ են բոլորովին վերջերս տեղափոխվել Փարիզից: Եվ ի՞նչ եք կարծում, ավանդական շնորհավորանքներից եւ բարեմաղթանքներից հետո, ինչ ասաց, այն էլ՝ լրիվ լուրջ, իմ անգլիացի բարեկամը. «Դու երջանիկ ես, որ ծնվել ես նույն օրը մի մեծ մարդու հետ, որի անունն է Միխայիլ Գորբաչով, եւ որը փրկեց մարդկությունը միջուկային պատերազմից, միավորեց Գերմանիան, ազատություն բերեց ամբողջ Արեւելյան Եվրոպային, եւ որին հենց սկզբից այդքա՜ն հավանեց մեր լեգենդար վարչապետ, «երկաթյա լեդի» Մարգարեթ Թեթչըրը»: Միմիայն քաղաքավարությունից ելնելով զսպեցի ինձ, որ մի քանի խոսք չասեմ այն մասին, թե ինչպե՞ս եւ, ամենակարեւորը՝ ինչի՞ համար, մեղմ ասած, չեն կիսում իսկապես լավ բարեկամիս «հիացմունքը» առ Գորբի միջին եւ ավագ սերնդի շատ ու շատ հայեր:
Երեկոյան միացնելով հեռուստացույցս՝ կրկին «ըմբոշխնեցի» նույն փառաբանումը. այս անգամ ռուսական բարձրագույն մակարդակով: Զարմացա, մեղմ ասած, մանավանդ, երբ նախագահ Մեդվեդեւը, հանձնելիս «օրվա հերոսին» ՌԴ բարձրագույն պարգեւը՝ Սբ. Անդրեյ Պերվոզվաննիի շքանշանը (որի առաջին ասպետը եղավ իսկապես արժանավորագույն մի մարդ՝ երջանկահիշատակ ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը), նշեց, որ նման ձեւով իրենք «հարգանքի տուրք են մատուցում այն երկրին, որը ղեկավարել է նախագահ Գորբաչովը»: Հնչում է որպես մի ծաղր:
Գորբաչովը, այդ՝ ուսուցչիս՝ պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի դիպուկ խոսքերով, որոնք, կարծում եմ, կկիսեն նախկին ԽՍՀՄ միլիոնավոր քաղաքացիներ, «դատարկաբանը եւ փչանը» ընդամենը մի քանի տարում «հաջողությամբ» առաջնորդեց հզորագույն գերտերությունը դեպի խայտառակ փլուզում, որի սպիները հարյուր միլիոնավոր մարդկանց ճակատագրերի վրա, ցավոք, դեռ երկար են մնալու:
Գորբաչովի որոշ «փաստաբաններ» կասեն (եւ, ցավոք, ասում են). «Նա մեղավոր չէր, քանի որ Խորհրդային Միությունը արդեն ոչ ոք չէր կարող փրկել»: Գուցեեւ չէր կարող: Սակայն նույնիսկ այդ դեպքում առկա է առնվազն մեկ մեղադրական հոդված եւ շատ ծանր. «հանցավոր անփութություն»: Դա ապացուցող դեպքերը այնքան շատ են եւ ակնհայտ, որ նույնիսկ կարիք էլ չկա դրանք թվարկելու:
Բնավ չի բացառվում նաեւ այն «սցենարը», ըստ որի՝ Գորբաչովը՝ որպես ԽՄԿԿ Քաղբյուրոյի երկարամյա անդամ, շատ լավ էլ տեղյակ էր երկրի իրական, աղետալի վիճակին՝ առաջին հերթին տնտեսական առումով, մատը մատին էլ չխփեց ինչ-որ մի ձեւով երկրի փլուզման դեմն առնելու համար, փոխարենը նա առավելագույն «դիվիդենդներ» ստացավ Արեւմուտքից՝ որպես «խաղաղության աղավնի», «ազատարար» եւ այլն:
Եվ պատահական չէ, որ բառացիորեն օրերս «Գորբին»՝ լրագրողների խցիկների առջեւ՝ հիացավ իր սեփական կիսանդրիով, որն անցած տարի Բեռլինի կենտրոնում կանգնեցրել են շնորհակալ գերմանացիները: (Հետաքրքիր է, եթե հանրաքվե անցկացվեր «շնորհակալ» նախկին խորհրդային քաղաքացիների մեջ, ինչպիսի՞ կամ, ավելի ճիշտ, ի՞նչ նյութից արձան պետք է կանգնեցնել Գորբաչովին, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլիներ պատասխանը: Վստահ եմ. այդ պատասխանը հրապարակման ենթակա չէր լինի):
Ակամայից հիշեցի լեգենդար հայազգի խորհրդային անլեգալ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի խոսքերը՝ ասված սույն տողերի հեղինակին հարցազրույզի ժամանակ: «Գորբաչովը (եւ, թերեւս, Ելցինը), դավաճաններ են»:
«Լավ, վերջ ի վերջո, Գորբաչովին փառաբանելը ռուսների կամ գերմանացիների գործն է, Աստված իրենց հետ», կարող եք ասել: Այդպես մտածեցի եւ ես եւ փոխեցի ալիքն այն բանից հետո, երբ, ըստ իս, բացահայտվեց այս ամբողջ «շոու»-ի բուն նպատակը. իրեն շատ հոգեհարազատ շատախոսա-դատարկաբանական ոճով, «one man show»-ի վերջում, կարծես՝ «իմիջիայլոց», «նախագահ» Գորբաչովը «փայլատակեց» մոտավորապես հետեւյալ ձեւով. «Դե, Պուտինը երկու ժամկետ աշխատեց որպես նախագահ, կարծում եմ, հերիք է»: Չէի ցանկանա 100 տոկոսանոց վստահությամբ պնդել, որ «Գորբիի» այս ամբողջ փառաբանումը եւ մեծարումը հարկավոր էր առաջին հերթին ՌԴ ներկայիս նախագահ Մեդվեդեւին, ով, ի դեպ, իմ բավական թվով սերնդակիցների կողմից ընկալվում է որպես «յուրային»՝ Արեւմուտքի առջեւ «դիվիդենդներ» վաստակելու համար՝. Պուտինին ինչ-որ բաներ հասկացնելով, սակայն, ինչպես ասում են, մեծ քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարելի բացառել:
Սակայն երբ մեր՝ հայկական մամուլում կարդացի մի խմբագրական, որտեղ մեր հարգելի գործընկերները գրում են, որ «անկարելի է չմեծարել ու չխոնարհվել Գորբաչովի մեծության առջեւ… հենց այդ մարդ լինելու, մարդ մնալու հնարավորությունը միլիոններին վերադարձնելու համար… այն էլ՝ «առանց արյան ու փամփուշտի» (!), հենց այդ պահին որոշեցի գրել սույն տողերը:
Ինչպե՞ս կարող ենք մենք՝ հայերս, մոռանալ այն, որ հենց Գորբաչովի օրոք տեղի ունեցան Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայերի ջարդերը, որ հենց որպես Գերագույն գլխավոր հրամանատար Մ. Գորբաչովին ունեցող խորհրդային բանակն էր, որ իրականացրեց խայտառակ «Օղակ» գործողությունը Արցախում: Ասացեք խնդրեմ. կա՞ որեւէ մի բանական, նորմալ հայ մարդ, որ հավատա այն «հեքիաթներին», որ պատմում էր երկրի «ղեկավարը» Սումգայիթից հետո՝ «Դե, մեր բանակը ուշացել է ընդամենը երեք ժամով» եւ այլն: Իսկ «դատավարությունը» Սումգայիթի «հերոսների» նկատմամբ, որ անհրաժեշտ էր դիտել որպես մի միասնական, խիստ քաղաքական գործ, միտումնավոր մասնատվեց տասնյակ «մանր-մունր» գործերի, որոնք անցկացվեցին Ռուսաստանի տարբեր, իրարից ցրված ոչ մեծ քաղաքներում, ընդհանրապես կարելի է համարել խորհրդային «ֆեմիդայի» ամենախայտառակ էջերից մեկը…
Նույնը կարող ենք ասել ԼՂ հարցով 1988թ. հուլիսի 18-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության ընդլայնված նիստի մասին: Պարզապես առանց վրդովմունքի հնարավոր չէր դիտել, թե ինչպես էր «կոմբայնավար» Գորբաչովը վիրավորում հայկական (իրական) էլիտայի վառ ներկայացուցիչներից մեկին՝ ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին՝ «Պետք չէ ընկնել էժան հեղինակության հետեւից»: Եվ սա միանշանակորեն դարձավ «սիգնալ» պոլյանիչկոներին, սաֆոնովներին եւ դրանց նմաններին, որ փաստացի ցեղասպանություն իրականացնեն ըմբոստացած Արցախում:
Իմ տարեկից որեւէ հայ մարդ, խոսելով «Գորբիի» մասին, պարզապես չի կարող չհիշել լուսահոգի Հենրիկ Իգիթյանի խոսքերը՝ ուղղված Գորբաչովին ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարի ժամանակ. «Բ…ին բ…թյուն է հասնում»:
Անպատիժ մնացած «Սումգայիթը» ծնեց Ֆերգանան, Նովի Ուզենը եւ այլն: «Ազատարար» Գորբաչովի հրամանով տանկերը ճխլեցին տասնյակ ընդվզած մարդկանց Թբիլիսիում եւ Վիլնյուսում:
Եվ այսքան բանից հետո բնավ անհիմն չեն թվում ուկրաինացի գիտնական ակադեմիկոս Օլեգ Ֆեյգինի խոսքերը նրա մասին, որ շատ հավանական է, որ 88-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը տեխնածին է՝ ԽՍՀՄ կողմից, այսպես կոչված, լիտոսֆերային զենքի կիրառմամբ: