«Սիվիլիթաս» հիմնադրամի բացօթյա պատշգամբում երեկ կայացավ երիտասարդ կինոռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի մամուլի ասուլիսը՝ իր «Մոխրաման» ֆիլմի մասին, որի անդրանիկ ցուցադրությունը կայանալու է մարտի 25-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Վերջերս մամուլը անդրադարձել էր Լիլիթի հաջողություններին Ռիդլի Սկոթի Life in a Day նախագծի շրջանակներում, որն ամբողջությամբ իրականացվել էր Youtube.com կայքի միջոցով:
Լիլիթի՝ հուլիսի 24-ին նկարահանած տեսանյութը արժանացել էր ֆիլմի հեղինակների բարձր գնահատականին ու տեղ գտել ֆիլմի բացման տեսարանում: Հոլիվուդյան ստեղծագործական խմբի անդամներն անձամբ կապ էին հաստատում Լիլիթի հետ, որպեսզի շնորհակալություն հայտնեին իրենց գաղափարին այդքան մոտ ու անկեղծ տեսաֆիլմ պատրաստելու համար: Ինչպես եւ «Մոխրաման» ֆիլմում, այս դեպքում եւս գլխավոր դերում հանդես էր գալիս դերասան Արսեն Գրիգորյանը: Ինչ վերաբերում է «Մոխրաման» լիամետրաժ ֆիլմին, Լիլիթը դրա վրա աշխատել է երկու տարի:
Սցենարը գրելուց մինչեւ ֆիլմը մեծ էկրան բարձրացնելու ճանապարհին ռեժիսորը բազմաթիվ ֆինանսական խնդիրների է հանդիպել, որոնք հաղթահարել է սեփական միջոցներով: