Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾՆԻ 7-ՐԴ ԴՊՐՈՑՆ ԷԼԻ ՇՐՋԱՆՑՎԵՑ

Մարտ 23,2011 00:00

\"\"Կառավարության տրամադրած 1,3 միլիարդ դրամից բաժին չի հասնի կամացկամաց քանդվող դպրոցին, ուր դասերը կազմակերպվում են Աստծո հույսով:

Մի թեթեւ ցնցումը կամ հորդառատ անձրեւն էլ բավարար են, որպեսզի փուլ գա Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան 7-րդ միջնակարգ դպրոցը, մասնավորապես՝ կիսով չափ արդեն փլված դահլիճի պատերը: Ավերակների կույտ հիշեցնող, երբեմնի ամենամեծ ու գեղեցիկ դպրոցը, որը գտնվում է քաղաքի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկում, աստիճանաբար աշակերտների թվի անկում է արձանագրում: Պատճառը կաթացող տանիքով, ցուրտ ու խոնավ, անջուր, անզուգարան ու անբուֆետ պայմաններն են ու փլուզման՝ ամեն պահի վտանգը:

\"\"Փետրվարի 3-ին ՀՀ կառավարությունը 10,12 միլիարդ դրամ հատկացրեց հանրապետության մարզերին՝ դպրոցներ, մշակույթի տներ եւ այլ հաստատություններ հիմնանորոգելու կամ մասնակի նորոգելու համար: 10,12 միլիարդից Արմավիրի մարզին բաժին հասավ 1,3 միլիարդ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ այդ գումարն ամբողջությամբ ծախսվելու է միջնակարգ դպրոցների վերակառուցման, ինչպես նաեւ Էջմիածին, Արմավիր եւ Մեծամոր քաղաքների բազմաբնակարան շենքերի տանիքների ամրացման աշխատանքների համար: Էջմիածնում ոմանք սկսեցին աղոտ հույսեր փայփայել, ոմանք էլ կասկածից վեր էին համարում, որ նորոգվող դպրոցների ցանկում տեղ կգտնի Էջմիածնի 7-րդ դպրոցը: Բայց, ինչպես պարզվեց օրեր անց՝ ավերակ դպրոցը այս անգամ էլ շրջանցվեց: Դպրոցի տնօրեն Ազատ Տեր-Սահակյանի վիրավորանքն անսահման էր: «Արդեն հոգնել եմ այդ հարցը բարձրացնելուց: Չկա մի ղեկավար մարմին, որ անտեղյակ լինի դրանից: Մնացել է դիմեմ ՄԱԿ-ին ու ՆԱՏՕ-ին: Չեմ հասկանում. սպասում են պատերը փուլ գան, մարդիկ քարերի տակ հայտնվեն՝ նո՞ր խառնվեն իրար»,- ասաց 7-րդ դպրոցի տնօրենը, ով իր ղեկավարման տարիներին երջանկություն չունեցավ բարեկարգ շենքում աշխատել:

Կենսաթոշակային տարիքի հասած Ազատ Տեր-Սահակյանին աշխատելու քիչ ժամանակ է մնացել. հարգված մանկավարժն ամիսներ անց կգնա վաստակած հանգստի. «Ես արդեն անցնում եմ թոշակի: Աստված եմ կանչում, որ էս մի քանի ամիսներն էլ անփորձանք անցնեն, մաքուր խղճով գնամ: Դրանից հետո ինչ էլ որ լինի՝ թող իրենք պատասխան տան»:

Էջմիածնի 7-րդ միջնակարգի վթարային շենքում եղել է նաեւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 2009 թվականին նախարարի պաշտոնում աշխատանքային իր առաջին այցով պարոն Աշոտյանը հենց այս դպրոցում է եղել ու մասնակցել «վերջին զանգի» արարողությանը: Առիթն օգտագործելով, դպրոցի ղեկավարությունը նրան ներկայացրել է շենքի չափազանց վտանգավոր վիճակը եւ սպասել, որ գոնե նախարարը մի բան կանի: Ինչպես այլ պաշտոնյաներ, Արմեն Աշոտյանն էլ էր տեղում իրազեկվել, լսել, զննել ու համոզվել, որ ավերակների մեջ դաս անելու ռիսկը մեծ է, բայց դրանից ոչինչ չէր փոխվել: Ինչպես Աշոտյանի այցից առաջ, այնպես էլ հետո՝ պատկերն այստեղ նույնն է:

Ռիսկային համարվող կրթօջախի ցուրտ ու անհրապույր դասասենյակներում, որոնց պատերն ու առաստաղը հեռացած են իրարից, երեխաները ահուդողով են դասի նստում: Նրանց եւ ուսուցիչների լարվածությունից տուժում է ուսման որակը: Դպրոցի վերանորոգման հույսը կտրած ծնողներից շատերն իրենց երեխաներին տեղափոխում են այլ դպրոցներ: Աշակերտների արտահոսքն այստեղից այնպիսի չափերի է հասնում, որ տարրական եւ միջին դասարաններում երեխաների թիվը չի գերազանցում 15-ը, ինչը նշանակում է՝ վերջին 5-6 տարիներին ընդունելության խնդիր կա: Այս իրավիճակում շրջանցել ֆիզիկապես ու բարոյապես քանդվող դպրոցը, որը Էջմիածնի՝ խիտ բնակեցված թաղամասերից մեկում է, պարզապես մեղք է, կարծում են հոգեւոր մայրաքաղաքի բնակիչները:

Որ Էջմիածնում, Արմավիրի մարզում եւ ընդհանրապես ողջ Հայաստանում դպրոցների զգալի մասը վերանորոգման կարիք ունի, անզեն աչքով էլ տեսանելի է: Տանիքների եւ դուռ-լուսամուտների թարմացումը դպրոցների մեծամասնության ցավոտ կողմն է: Հենց այդ խնդրի լուծմանն էլ ուղղվելու է Արմավիրին հատկացված գումարի մի մասը: 17 դպրոց է ընտրվել, 15-ը՝ գյուղական, Էջմիածնի 12-րդ եւ մարզկենտրոն Արմավիրի 5-րդ դպրոցները: «Առաջնահերթությունը տրվելու է տանիքներին ու պատուհաններին: Երբ նախագահը հարցրեց, թե քանի դպրոցի կբավարարի այդ գումարը, ասացի՝ չորսի»,- ներկայացրեց մարզպետը: Վերանորոգվելիք դպրոցների թիվը հետո է աճել, երբ հաշվարկներով հասկացել են, որ ավելի լավ կլինի 17 դպրոց մասնակի նորոգել, քան չորսը՝ հիմնովին: Յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսված է 60-90 միլիոն դրամ: Իսկ մարզպետը համոզված է, որ կառավարության այս ծրագիրը շարունակական է լինելու, ինչի արդյունքում անբարեկարգ դպրոցների թիվն աստիճանաբար նվազելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել