Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի ու Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի միջնորդությունը՝ երկու ամսով երկարացնելով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիների կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Արմենուհի Ասոյանը ոստիկանության մարմիններին հայտնել էր, որ փետրվարի սկզբին հաշմանդամության ցուցակներում ընդգրկվելու եւ թոշակ ստանալու նպատակով դիմել էր բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ Ֆիլոմենա Մոսոյանին, ով հաշմանդամության կարգ սահմանելու համար իրենից 35000 դրամ կաշառք է պահանջել, որպեսզի Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի միջոցով անհրաժեշտ հիվանդությամբ տառապելու մասին կեղծ տեղեկանք տրամադրի:
Փետրվարի 11-ին Գայանե Գասպարյանը հիվանդին կեղծ տեղեկանք տալու համար իր աշխատասենյակում վերջինից ստացել է 20.000 դրամ, իսկ Ֆիլոմենա Մոսոյանն էլ փետրվարի 22- ին 35.000 դրամ է վերցրել հիվանդից՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկայում:
Փետրվարի 22-ին էլ, կաշառքը տալուց հետո, Ջրաշենի բնակիչ Արմենուհի Ասոյանը կատարվածի մասին կամովին հայտնել է ոստիկանության մարմիններին:
Բժշկուհիների փաստաբաններն այս անգամ էլ դատարանին միջնորդեցին նրանց գրավի դիմաց ազատել, սակայն դատարանը մերժեց միջնորդությունները:
Ֆիլոմենա Մոսոյանի պաշտպան Էդմոն Մարուքյանը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության մեջ որեւէ ողջամիտ հիմնավորում չի տեսնում: «Հիմնարկության տնօրենի հրամանով կասեցված է նրա գործունեությունը: Բոլոր փաստաթղթերը, որ գոյություն են ունեցել նրա գրասենյակում եւ տանը, առգրավված են: Եթե նա մնա ազատության մեջ, որեւէ կերպ չի կարող խոչընդոտել նախաքննությանը»,- բացատրում է պաշտպանը: Բացի այդ՝ պաշտպանը նշում է, որ 65-ամյա Ֆիլոմենա Մոսոյանը հիվանդ է ու նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա:
Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանն էլ ասում է, թե բուժհաստատության ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի կալանավորումից հետո իրենց մոտ ավելացել է մահացությունների թիվը.«Լոռու մարզի նյարդաբաններից երկուսին պահելով անազատության մեջ, տուժում են հիվանդները»:
Բժշկուհիներն ու փաստաբանները շարունակում են պնդել, թե կաշառք չեն վերցրել, որ հարուցված քրեական գործը չի առնչվում իրենց, քանի որ նրանք պաշտոնատար անձ չեն համարվում:
Փաստաբան Էդմոն Մարուքյանն ասում է, թե ոստիկանությունը սխալ տեղեկություններ է հաղորդում. Ֆիլոմենա Մոսոյանը հանձնաժողովի նախագահ չէր ու չէր կարող հաշմանդամության համար կարգ հատկացնել:
Գայանե Գասպարյանի փաստաբան Կարեն Թումանյանն էլ որոշել է բողոքարկել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ բժշկուհիները գտնվում են «Աբովյան» ՔԿՀ-ում:
Եթե հաստատվի բժշկուհիների մեղքը, նրանց սպասում է 4-10 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: