Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԵԿՎԱ ԱՆՁՐԵՎԸ ԼԱՎ ՆՇԱՆ ԷՐ

Մարտ 23,2011 00:00

«Այսօր ջրի միջազգային օրն է: Ես գիտեմ, որ երկրագնդի մոտ 3/4-ը պատված է ջրով եւ ավելի տրամաբանական է այս մոլորակը կոչել ոչ թե հողագունդ, այլ՝ ջրագունդ: Գիտեմ, որ շատ երկրներում ու Հայաստանի շատ գյուղերում կա ջրի պակաս: Մարդիկ պետք է ծորակը անտեղի բաց չթողնեն եւ օգտագործեն միայն անհրաժեշտության դեպքում»: Այսպես սկսեց մեզ հետ զրույցը Գյումրիի մանկատան սան՝ 12-ամյա Ջուլիետա Սիմոնյանը, որը երեկ այցելել էր Բնության թանգարան: Թանգարան էր եկել Գյումրիի մանկատան մոտ 90 երեխա: Մեզ հետ զրույցում «Նումյոս» հայ-շվեդական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Նուշիկ Մելքոնյանն ասաց, որ 3 տարուց ավելի է՝ աշխատում են մանկատան երեխաների հետ՝ ծանոթացնում հայրենի բնությանը. «Փորձում ենք երեխաներին կապել բնությանը, թանգարանների եւ ազգային արժեքների հետ: Այսօր լավ առիթ էր երեխաներին բերել բնության թանգարան, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն իրենց հայրենի բնությունը, սիրեն եւ պահպանեն այն»: Թանգարանում մանկատան երեխաները մեծ ոգեւորությամբ ֆիլմ դիտեցին՝ ջրի վերաբերյալ:

Երեկ Բնության թանգարան էր եկել նաեւ «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նրա կանխազգացումով՝ շատ լավ նշան է, որ Ջրի միջազգային օրը անձրեւ տեղաց. «Դրսում անձրեւ է գալիս, ջուր ունենք, մեր երազանքները կկատարվեն»: Լրագրողները ռոմանտիկ թեմայից շեղեցին պարոն Լորենին եւ հարցրին՝ ջրի հսկայական կորստների առնչությամբ ընկերությունն ի՞նչ է նախատեսում, ինչին ի պատասխան՝ ընկերության տնօրենն ասաց, որ ներդրումներ են կատարում, խողովակներ պետք է փոխվեն, սակայն ջրի կորուստ չունենալու համար բնակչությունն էլ պետք է այն խնայողությամբ օգտագործի. «Չպետք է ծորակները բաց թողնել, որ ջուրն անտեղի հոսի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել