Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարուստներին կհամոզե՞ն

Մարտ 23,2011 00:00

Հաշմանդամության պատճառով երեխային մանկատուն հանձնած եւ նրանից նոտարական կնիքով հրաժարված ծնողներին եւս մեկ անգամ հնարավորություն  կտան երեխային հետ ընդունելու:

Երեխան պետք է ապրի ընտանիքում, քանի որ լավագույն միջավայրը, որտեղ երեխան կարող է բնականոն զարգանալ, դաստիարակվել ու կայանալ՝ միանշանակ ընտանիքն է եւ որեւէ այլ հաստատություն, անկախ նրանից, թե ինչ պայմաններ է առաջարկում եւ ինչ կարգավիճակով է գործում՝ չի կարող փոխարինել ծնողական խնամքը: Այս համոզմունքով պայմանավորված, մեր երկրում գործող մի շարք փորձագետներ եւ սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ նախաձեռնել են «Երեխան պետք է ապրի ընտանիքում» արշավը:

Երեկ «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» նախաձեռնությամբ, Թեքեյան մշակութային կենտրոնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի ղեկավար Լենա Հայրապետյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տեղեկատվության եւ հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը եւ հոգեբաններ ներկայացրին մանկատանը եւ ընտանիքում մեծացող երեխաների տարբերությունը՝ վստահեցնելով, որ մանկատանը մեծացող երեխաները շատ հաճախ ավելի քիչ են հաջողության հասնում կյանքում, քան ընտանիքում մեծացածները: Էմիլ Սահակյանի խոսքերով. «Նրանք չունեն պատկանելության զգացում, իսկ ծնողավարման զգացումը նրանց մեջ պակաս է: Այդ երեխաներն ավելի հաճախ են ենթարկվում բռնության ու կարող են դառնալ թրաֆիքինգի զոհ»: Նա եւ ծրագրի մյուս մասնակիցները կոչ են անում՝ որեւէ դեպքում եւ պատճառաբանությամբ երեխային չհանձնել մանկատուն կամ խնամքի այլ հաստատություն: Մասնակիցների ներկայացմամբ, իրենք, ընդառաջ գնալով կառավարության՝ վերջերս նախաձեռնած մանկատների բեռնաթափման ծրագրին, ամեն ջանք գործադրելու են, որպեսզի մանկատների երեխաները վերադարձվեն կա՛մ կենսաբանական ընտանիքներ, կա՛մ հանձնվեն ծնողական խնամքի: Խոսքը վերաբերում է նաեւ մանկատանը գտնվող հաշմանդամ երեխաներին, որոնց ծնողները հրաժարվել են հենց երեխայի՝ հաշմանդամ լինելու պատճառաբանությամբ:

Անդրադառնալով այս գաղափարին, «Առավոտը» Լենա Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատրաստվում լեզու գտնել հաշմանդամ երեխաների ծնողների հետ, որոնք տարիներ ի վեր շրջապատից, հարազատներից ու հասարակությունից թաքցրել են այն փաստը, որ ունեն հաշմանդամ երեխա եւ նրան հանձնել են մանկատուն, իսկ այժմ պետք է նրանց գաղտնիքը բացահայտվի: Բացի այդ, հաշմանդամ երեխաների մանկատան տնօրենները «Առավոտի» հետ զրույցներում բազմիցս փաստել են, որ իրենց մոտ գտնվող շատ երեխաներ հասարակությանը քաջ հայտնի՝ մեծահարուստների, պաշտոնյաների եւ օլիգարխների երեխաներ են, որոնց մանկատուն են հանձնել նոր ծնված ժամանակ, երբ իմացել են, որ երեխան արատով է:

Մեր դիտարկմանն ի պատասխան՝ տիկին Հայրապետյանն ասաց. «Դժվար է ասել, որ հաշմանդամ երեխային կվերադարձնեն ընտանիք կամ կհանձնեն խնամատար ընտանիք, բայց ուսումնասիրություն կատարվել է եւ հնարավոր է ետքայլ կատարեն»:

Այսօր Հայաստանում մոտ 5000 երեխա ապրում է ընտանիքից դուրս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031