Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՅԻՆ ՄՈՐԻՑ ԽԼՈՒՄ ԵՆ

Մարտ 23,2011 00:00

\"\"8-ամյա Գոռը ատում է մորը, իսկ մայրն ապրում է նրա տեսաձայնագրություններով ու նկարներով

Բնության օրենքներով՝ մայրն ու երեխան սովորաբար անդավաճան ու սուրբ կապերով կապված են լինում միմյանց հետ: Մոր համար երեխան կյանքի իմաստն է դառնում, երեխայի համար մայրը՝ սրբություն: Բայց Ալվարդ Մանուկյանի եւ Աշոտ Բաղդասարյանի որդին՝ Գոռ Մանուկյանը, ոչ միայն իրեն կապված չի զգում մոր հետ, այլեւ ատելով ատում է, «զզվելի ու գիժ» է անվանում նրան:

Արդեն 4 տարի է, ինչ այս ընտանիքը դատական քաշքշուկների մեջ է: Երեխայի հայրն ու մայրն ապրել են քաղաքացիական ամուսնությամբ՝ մշտապես ծեծուջարդի, կռիվների մեջ ու պարբերաբար այդ ամենին փոքրիկն ականատես է եղել: Երեխայի հայրությունը նույնպես երկար տարիներ ճանաչված չի եղել: Ընտանեկան խնդիրների պատճառով երեխան հաճախ բացակայում է դասերից, օրն անցկացնում է «Գրանդ Քենդիի» պահեստամասերի խանութում, որտեղ հայրը պահակ է աշխատում, քնում է սրա-նրա տանը, տուն չի ուզում վերադառնալ:

Ալվարդ Մանուկյանի եւ Աշոտ Բաղդասարյանի հարաբերությունները միշտ լարված են եղել, Աշոտն իր կողակցին ցավ պատճառելու համար մշտապես գողացել է երեխային, օրերով, ամիսներով կորել՝ թույլ չտալով, որ անչափահաս երեխան շփվի մոր հետ:

Ի վերջո, 2008-ին գործը հասել է դատարան, որի միջոցով Ալվարդը փորձել է վերադարձնել իր երեխային ու դառնալ նրա միակ խնամակալը: Անհասկանալի տրամաբանությամբ՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացնում, որ երեխային պետք է խնամի հայրը, իսկ մայրն իրավունք ունի իր երեխային տեսնել միայն շաբաթ օրը՝ ընդամենը 4 ժամով, ժամը 12-ից մինչեւ 16-ը: Անչափահաս երեխային մորից զրկելու համար լուրջ հիմքեր են պետք: Այդ ժամանակ Գոռն ընդամենը 6.5 տարեկան է եղել ու, փաստորեն, նրանից խլել են մոր հետ ապրելու իրավունքը, մայր, որը ծնողական իրավունքներից զրկված չի եղել, ֆիզիկապես ու հոգեպես առողջ է, այդ մասին ունի բոլոր փաստաթղթերը: Քանի որ Աշոտի կողմից պարբերաբար շահարկվել է Ալվարդի հոգեկան հիվանդ լինելու հարցը, Ալվարդը նույնիսկ Ավանի հոգեբուժական կլինիկայում ստիպված հանձնաժողովային զննման է ենթարկվել, կա տեղեկանք, որ նա որպես հիվանդ հաշվառված չի եղել, արտահիվանդանոցային հսկողության տակ չի գտնվել եւ որեւէ վտանգ չի ներկայացնում:

Մոր՝ Ալվարդի պատմելով՝ «Անգամ դատարանի այդ վճիռը չկատարվեց, ես ամիսներով երեխայիս չէի տեսնում, կամ բերում էին ընդամենը 1 ժամով, թույլ չէին տալիս, որ կերակրեմ նրան, գրկեմ, սիրեմ»: Չհամակերպվելով որդուն կորցնելու մտքի հետ՝ Ալվարդը կրկին դիմել է դատարան: Այս անգամ դատարանը վճռել է, որ ամուսինները պետք է համատեղ խնամք իրականացնեն, իսկ Աշոտը պետք է վճարի ալիմենտ՝ ամսական վաստակի 1/4-ի չափով:

Խմբագրություն եկած կինն արցունքն աչքերին պատմում էր, որ դատարանի այդ վճիռն իր համար իսկական տառապանք է, իր եւ Աշոտի համատեղ կյանքը պարզապես անհնար է. «Եթե մոտենամ երեխուս, ուզենամ սիրեմ՝ ինձ էլ, երեխուն էլ կծեծի, ես ոչ ախպեր ունեմ, ոչ էլ մի հարազատ, որ ինձ թիկունք լինի: Երեխուն անընդհատ տրամադրում է իմ դեմ, հոգեբանորեն ճնշում է, վախացնում է, որ ես գիժ եմ, որ վտանգավոր եմ, կարող եմ իրեն սպանել, երեխեն էլ չի հասկանում, ինձնից հուշտ ա լինում: Չեք պատկերացնի, ինչ ծանր է իմ համար, երբ ճաշ եմ եփում, ուզում եմ երեխաս ուտի, զգում եմ, որ սոված է, բայց նայում է հոր աչքերի մեջ ու չի ուտում: Հայրը սառը ջրով շաքարաջուր է սարքում ու տալիս երեխուս: Մի օր դպրոցական պայուսակի մեջ թաքուն կոնֆետ էի դրել, զանգեցի դասատուին խնդրեցի, որ զգուշացնի՝ երեխես դպրոցում ուտի: Նա այնքան վախեցած է եղել, որ հորն է հարցրել՝ ուտե՞մ, թե՞ չէ: Դասերից հետո բերեց կոնֆետները շպրտեց վրես»: Կինը խմբագրություն էր բերել հեռախոսով արված երեխայի տեսաձայնագրությունները: Երբ միասին դիտում էինք, թե ինչպես է Գոռին տարել հրապարակ, զբոսանքների, Գոռի հանդեսները, մայրը չէր կարողանում զսպել կարոտն ու արցունքները. «Այս հանդեսին ես թաքուն էի գնացել: Այդ ժամանակ դատարանն արգելել էր տեսնել երեխայիս, բայց դպրոցի ուսուցչուհու խիղճը տանջում էր, երբ տեսնում էր՝ ինչպես եմ սպասում երեխուս դպրոցի պատերի տակ: Մի օր նա զանգեց ու ասաց, որ ծնողների հետ թաքուն մտնեմ դահլիճ՝ Գոռիս հանդեսը նայեմ: Ափալ-թափալ բոլոր գործերս թողեցի՝ գնացի»:

Նշենք, որ Ալվարդն ու Աշոտը բնակվում են Շահամիրյանների 10 շենքի թիվ 2 բնակարանում՝ վարձակալությամբ: Այն մանկապարտեզի շենք է եղել եւ պատկանում է Շենգավիթի թաղապետարանին: Թաղապետարանը թույլ չի տալիս, որ բնակարանը կիսեն եւ առանձին կյանք վարեն: Այնուամենայնիվ, քանի որ ընտանիքը 10 տարուց ավելի է, ինչ բնակվում է այդ տարածքում, իրավունք ունի միջոցներ գտնելու դեպքում սեփականաշնորհել այն: Ալվարդի խոսքերով՝ «Աշոտը երեխայի խնամակալությունն իր վրա է վերցրել շահադիտական նպատակներով. ուզում է ինձ վտարել տնից ու դառնալ լիիրավ սեփականատեր»: Աշոտի հետ զրույցի ժամանակ երբ փորձում էինք հասկանալ՝ ինչու է խլում երեխային մորից, ինչու է մեծացնում խեղված հոգեբանությամբ երեխա, ինչու է խաթարում որդու մանկությունը՝ վերջինս վստահեցնում էր, որ երեխան ինքը չի ուզում տեսնել մորը. «Ասում է՝ պա՛պ, ինձ մի քանի օր տար ստեղից, որ հանգստանամ: Ու իրոք տեսնում եմ, որ երեխեն հեռու ա լինում մորից՝ շատ հանգիստ ա լինում: Ամեն մարդ մեր կոչվելու իրավունք չունի, մերը մենակ երեխուն ծնելը չի: Ինքը ծեծում է երեխուն: Մի քանի ամիս զոռով տարել էր Գոռին ու պահում էր իր մոր տանը, երեխեն ամեն օր լացել էր ու հորն էր ուզել: Ինքը սաղ սուտ ա ասում, իբր կանֆետ ա տվել: Ես ոնց կարող եմ երեխային ստիպել, որ իր ուզած բանը չուտի կամ հետ տա մորը: Նա կասի՝ չէ՛, հայրիկ, ես ուզում եմ ուտեմ ու կուտի»: Մեր հարցին՝ ձեզ բնակարա՞նն է հետաքրքրում, թե՞ երեխան, Աշոտը պատասխանեց. «Բնակարանը հետաքրքրում ա էն պահով, որ մենք ենք էդ տարածքը գրավել, ինչի՞ պիտի նա այնտեղ ապրի, իսկ ես իմ երեխու հետ՝ փողոցներում: 10-15 օրով ստիպված թողնում-գնում ենք ստեղ-էնտեղ, որ մի քիչ գլուխներս ազատվի իրանից»: Ի դեպ, ընդգծենք, որ Գոռը կրում է մոր ազգանունը՝ Մանուկյան: Աշոտը չի ցանկացել ոչ միայն զագս գնալ, այլեւ ճանաչել իր հայրությունը: Այն ճանաչվել է միայն դատարանի վճռով՝ մոր հայցի հիման վրա:

Հաշվի առնելով, որ մինչ դատական խնդիրները Գոռը հաճախել է թիվ 301 մսուր-մանկապարտեզը, մենք նաեւ հարցում արեցինք այդ մանկապարտեզի տնօրեն Նելլի Խաչատրյանից՝ պարզելու, թե ինչպիսի՞ հայր է եղել Աշոտը կամ ի՞նչ տպավորություն է թողել մայրը: Տնօրենի խոսքերով՝ «Մենք հոր երեսը չենք տեսել, միայն մայրն է Գոռին բերել մանկապարտեզ՝ միշտ կոկիկ, լավ հագնված: Վերջին մոդայի կոստյումները, սուր քթերով կոշիկները Գոռն էր հագնում՝ թիթիզի նման: Նա շատ հոգատար էր, երեխային պահում էր մաքուր, երեխան էլ շատ լսող էր, սիրով գալիս-գնում էին: Մի օր մորը տեսա ամբողջովին կապտած, ջարդված, ավելի ուշ հարեւաններից պարզեցի, որ ամուսինն էր ծեծել, շատ մեծ ցավ ապրեցի այդ կնոջ համար»: Մեզ հետ զրույցում Աշոտը պնդում էր, որ երեխային ինքն է միշտ տարել մանկապարտեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել