Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշխարհը կոմերցիոն շինարարությամբ է զարգանում

Մարտ 23,2011 00:00

Կանաչ տարածքները կորցնելու բնապահպանի ահազանգին այսկերպ է պատասխանում Երեւանի քաղաքապետը

Քաղա՞քը պետք է ծառայի բիզնես միջավայրին, թե՞ բիզնես միջավայրը՝ քաղաքին: Այս հարցադրմամբ երեկ Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը դիմեց Երեւանի քաղաքապետին: «Երեւանի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ տիկին Դանիելյանը մտահոգված էր, որ վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունում իրականացվում է կոմերցիոն քաղաքաշինություն, կոմերցիոն ճարտարապետություն, ինչի արդյունքում, ըստ բնապահպանի, ստեղծվել է տրանսպորտային կոմունիկացիաների կոլապս, էկոլոգիական խիստ անբարենպաստ իրավիճակ՝ հատկապես օդային աղտոտվածության առումով. «Իրանում հիմա գովազդում են Երեւանի էլիտար նոր շենքերը ու պարսիկներին հրավիրում են գալ ու ապրել Հայաստանում: Սա՞ է մեր հանրային գերակա շահը, որ մեր հին երեւանցիներին հանեցինք այդ տեղերից ու հիմա հրավիրում ենք օտարազգիներին»: Բնապահպանը նաեւ նկատեց, որ հանրապետության շենքերի մեծամասնությունը սեյսմիկ անվտանգության նորմերին չի համապատասխանում. «Սպիտակի երկրաշարժը մեզ ոչ մի բան չսովորեցրեց: Շարունակում ենք Երեւանը կառուցել խիտ ծանրաբեռնված սկզբունքով: Հենց Երեւանի դպրոցների մեծ մասի բակերում կանաչ, սպորտային տարածքների փոխարեն կառուցել են բարձրահարկ շենքեր, այս դպրոցները խիստ վտանգված են: Մի կողմից՝ ասում ենք, որ մեր հին շենքերը սեյսմիկ անվտանգ չեն, մյուս կողմից՝ քաղաքապետարանի թույլտվությամբ բոլոր նկուղները մնում են քանդված, շենքերն էլ՝ խարխլված, մեր բարձրահարկ շենքերի վրա չի թույլատրվում նույնիսկ 2 հարկ ավելացնել, բայց ի՞նչ ենք տեսնում այսօր: Կանաչ տարածքները մի քանի ժամում փոխարինվում են բիզնես կենտրոններով: Օղակաձեւ այգին վերածվել է օղակաձեւ ռեստորանի, եթե բիզնեսը պետք է օգտագործի կանաչ տարածքը, ապա լուրջ սահմանափակումներ պետք է լինեն»: Տիկին Դանիելյանը քաղաքապետին խնդրեց, որ գոնե խոշոր շինարարական նախագծերի իրականացման դեպքում հանրային քննարկումներ կազմակերպվեն. «Նույնիսկ սանիտարական գոտիները, որոնք անձեռնմխելի են, տրված են կառուցապատման: Կառուցվող օբյեկտները հաշվի չեն առնում կարմիր գիծը, շենքերին շատ մոտ կառուցվում են մեքենաների կայանատեղիներ, ու բնակիչները շնչում են արտանետած թունավոր թափոններ»: Ի պատասխան, քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Մենք ապրում ենք մայրաքաղաքում, որտեղ արթնանալիս չպետք է լսենք աքլորի ձայն ու գետի խշշոց: Այո, ճարտարապետությունը պետք է լինի կոմերցիոն, բայց այն պետք է ունենա սահմանափակումներ: Ոչ կոմերցիոն շինարարություն այսօրվա պարագայում նշանակում է՝ մենք քաղաքը չենք կարողանալու զարգացնել: Կոմերցիոն շինարարությունը հակաէկոլոգիակա՞ն է, իհարկե՝ ոչ: Ամբողջ աշխարհը զարգանում է կոմերցիոն շինարարությամբ»:

Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն էլ անդրադարձավ ներքաղաքային տրանսպորտի եւ երթեւեկության խնդիրներին՝ նշելով, որ ներքաղաքային տրանսպորտը չի ապահովում հարմարավետ կյանք կամ քաղաքային միջավայր: Նա խորհուրդ տվեց մշակել Երեւանի տրանսպորտի հայեցակարգ. «Պետք է հստակեցնենք հիմնական ուղեւորահոսքերը, որովհետեւ հստակ երթուղիներ գոյություն չունեն: Տրանսպորտը մեր բակից մտնում է, հարեւանի մուտքով դուրս է գալիս… Երթուղիները հստակեցնելուց հետո նոր միայն կարող ենք տրանսպորտային միջոցների նկատմամբ պահանջներ ներկայացնել»: Նրա կարծիքով, ժամանակակից տրանսպորտային համակարգի ներդրումը կպահանջի քաղաքաշինական լուրջ փոփոխություններ. «Վերգետնյա տրանսպորտի ու մետրոյի աշխատանքների համակցություն, էլեկտրատրանսպորտի դերակատարման բարձրացում: Երեւանում հաշված ժամերի ընթացքում տրամվայի հարցը լուծվեց, իսկ երթեւեկության կանոնակարգումը այդպես էլ լուծում չի գտել»: Նրա խոսքով, քաղաքապետարանը լուրջ ծախսեր է կատարում ստորգետնյա ավտոհանգրվաններ կառուցելու նպատակով, ինչը այդպես էլ արդյունք չի տալիս. «Այսօր ավտոհանգրվանները թերբեռնված են, որովհետեւ մեծ մասը հանգրվանում են այնտեղ, որտեղ իրենց հարմար է՝ առանց հաշվի առնելու երթեւեկության ու հետիոտնի պահանջները»: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ ներկայացրեց քաղաքի տրանսպորտային համակարգի իդեալական տարբերակը. «Նախեւառաջ մի խնդիր պետք է լուծենք: 700 կանգառ ունենք, 4 տիպի տրանսպորտ: Պետք է որոշենք՝ արդյոք պե՞տք է երկու կանգառների միջեւ 4 տիպի տրանսպորտ, թե՞ ոչ: Ունենք 2700 միկրոավտոբուս, բայց այդքանը մեզ պետք չի: Միկրոավտոբուսի ընկերություններին արդեն հայտնել ենք, որ անցնելու ենք մեծ ու միջին ավտոբուսի համակարգին»:

ՀԽ անդամ Կորյուն Առաքելյանն էլ բարձրացրեց բազմաբնակարան շենքերի պահպանության հիմնախնդիրները՝ նշելով, որ յուրաքանչյուր երրորդ բազմաբնակարան շենք վատ կամ վթարային վիճակում է: Նրա խոսքով, հանրապետության մոտ 21500 բազմաբնակարան շենքերի մեծամասնությունը 60 եւ ավելի տարիների շինություններ են. «Գերազանց է գնահատված շենքերի միայն 1%-ը, լավ՝ 5,3%-ը, բավարար՝ 64%-ը, վատ ու վթարային՝ մոտ 30%-ը»: Պարոն Առաքելյանի խոսքով, շենքերի տանիքների ու ձեղնահարկերի ավելի քան 31%-ը ունի ընթացիկ, 43%-ը՝ կապիտալ նորոգման կարիք: Ինչ վերաբերում է կոյուղիներին, վերելակներին, էներգամատակարարման համակարգերին, ՀԽ անդամն ասաց, որ դրանց կեսից ավելին կապիտալ նորոգման կարիք ունի: Քաղաքապետն էլ հավելեց, որ ծրագրեր են մշակում, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնեն. «Ֆինանսական հոսքերի կանխատեսում պետք է ունենանք, որ նստենք ու հստակ խոսենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել