Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ

Մարտ 23,2011 00:00

Ի՞նչ անել, որ մութուցուրտ տարիները չվերադառնան

\"\"
Ինչքանով է վտանգավոր Մեծամորի ատոմակայանը:

«Ճապոնիայի աղետը աշխարհը դրեց նոր հարթության վրա: Ակնհայտ է, որ ատոմակայանների շահագործումն անգամ ամենաբարձր ապահովվածության եւ անվտանգության չափորոշիչների դեպքում լուրջ վտանգ է հասցնում ոչ միայն շրջակա միջավայրին, այլեւ մարդկությանը: Սա ամենեւին չի նշանակում, որ մարդկությունը պետք է հրաժարվի ատոմային էներգիայի օգտագործումից. քանի դեռ չի գտել նոր էներգակիրներ, դատապարտված է ունենալու նոր ատոմակայաններ: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ խստացվելու են պահանջները ատոմակայանների նկատմամբ, եւ այստեղ վաղ թե ուշ Հայաստանը կարող է ունենալ խնդիրներ: Շատ երկրներ, օրինակ՝ Գերմանիան, փակում է մինչեւ 80-ական թվականները կառուցված իր ատոմակայանները, ՄԱԳԱՏԷ-ն հրավիրում է նիստ, որոշելու՝ արժե՞ արդյոք սրանից հետո կառուցել ատոմակայաններ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը:

Ճապոնիայի երկրաշարժից հետո տարբեր երկրներ սկսեցին վերանայել իրենց տարածքներում գտնվող ատոմակայանները: Օրինակ, Գերմանիան փակեց իր ատոմակայաններից 7-ը: Հայաստանում ապրիլի 27-28-ը պատրաստվում են անցկացնել նոր ատոմակայանի կառուցման հետ կապված միջազգային կոնֆերանս: «Վլաստ» հանդեսին օրերս տված հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, որ Ճապոնիայում տեղի ունեցած վթարի ֆոնին անհրաժեշտ է ստուգումներ անցկացնել հայկական ատոմակայանում, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ փակել այն: «Մեր այսօրվա գործող ատոմակայանը հին է, իսկ ապագայում նորը կկառուցվի, թե ոչ, հարցականի տակ է դրվում: Հայաստանն առանց ատոմակայանի այն է, ինչ Հայաստանը՝ 90-ականներին, երբ չունեինք սեփական էներգետիկ ռեսուրսներ: Եթե այսօրվա վիճակով խոսում ենք 5-րդ բլոկի վերաբերյալ, ասում, որ ունենք գազային տուրբիններ, որոնք ատոմակայանի հզորություն ունեն եւ այլն, դա լավ է խաղաղ պայմաններում, երբ գազը հասնում է Հայաստան: Ի տարբերություն ատոմակայանի, որի հիմքը բեռնավորումից հետո երկարաժամկետ կարող է աշխատել, եթե Հայաստան գազ չմտնի, կա գազատուրբին, թե ոչ, այն չի կարող աշխատել: Այս տեսակետից ատոմակայանի անվտանգության պաշարն ավելի մեծ է»,- կարծում է Հ. Թոքմաջյանը եւ առաջարկում ստեղծել այնպիսի պայմաններ, որ ատոմակայան չունենալու, գազը պայթեցնելու կամ պատերազմական վիճակում լինելու պարագայում մեր երկիրն իր ներքին աղբյուրներով կարողանա սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովել: Մեր զրուցակիցն այսօր կարեւոր է համարում միակ էներգետիկ ռեսուրսի ճիշտ օգտագործումը: Հարցին, թե արդյոք ճի՞շտ է օգտագործվում հիդրոէներգետիկ պոտենցիալը, Հ. Թոքմաջյանը ցավով նշում է՝ ոչ. «Այսօր հիդրոէներգետիկ պոտենցիալը օգտագործվում է չափազանց ցածր մակարդակով»: Ըստ նրա, ոլորտում օրենսդրական փոփոխությունների կարիք կա: Նա տեղեկացրեց, որ մոտ օրերս կհավաքվեն մասնագետները եւ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կներկայացնեն իշխանություններին: Առաջին հերթին առաջարկելու են սահմանափակել լիցենզիայի տրման ժամկետը: «Հիդրոկայաններ կառուցելու համար բազմաթիվ անձինք վերցնում են լիցենզիան, մի փոքր գործ անում, հետո սառեցնում ու սպասում հարմար պահի, որ 100 կամ 1000 անգամ թանկ վաճառեն: Չի՛ կարող բնական ռեսուրսը, ինչպիսին էներգետիկ պաշարն է, լինել մոնոպոլ՝ մեկի սեփականություն»,- կարծում է Հ. Թոքմաջյանը:

Առաջիկայում բարձրաձայնելիք 2-րդ խնդիրը Հայաստանում հիդրոէներգետիկ ներուժի լիարժեք օգտագործման համար պայմաններ ստեղծելն է. «Պետք է տնտեսական այնպիսի մեխանիզմ մշակվի հարկային դաշտում, որ ճնշումային ճակատի չօգտագործած պոտենցիալի համար հիդրոկայանի սեփականատերը վճարի, այսինքն՝ ձեռնտու չլինի վատորակ տուրբին դնելը կամ կիսատ հզորության կայան կառուցելը: Մինչեւ վերջին կիլովատ հզորությունը պետք է քամվի»:

Հ. Թոքմաջյանը գտնում է. «Այսօր քիչ ենք օգտագործում հարթավայրային գետերի ջրերի պոտենցիալը: Հիդրոէներգետիկ պոտենցիալը լիարժեք օգտագործելու դեպքում Հայաստանը կարող է ունենալ ատոմակայանին համարժեք էներգետիկ ապահովվածության այլընտրանք: Եթե մենք այս խնդիրն այսօր չլուծենք, 5-10 տարի հետո ստիպված կլինենք զղջալ, ինչպես Խորհրդային Միության ժամանակ չլուծեցին փոքր էներգետիկայի խնդիրը, եւ հետո ունեցանք 92 թվի էներգետիկ ճգնաժամը: Հայաստանը փոքր երկիր է, հնարավոր է՝ ատոմակայան կառուցելու պահանջներն այնքան խստացնեն, որ մեզ չթողնեն 2-րդ ատոմակայան կառուցենք, մենք եւս սեյսմիկ գոտում ենք: Այդ դեպքում պետք է ունենա՞նք ապրելու այլընտրանքային ռեսուրս»: Մեր զրուցակցի կարծիքով, անվտանգության տեսակետից կարեւոր է նաեւ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը. «Ոչ միայն էներգետիկ անվտանգության տեսակետից, այլեւ միայն ջրի՝ թանկ ռեսուրս լինելով պայմանավորված, քայլեր պետք է անել Սեւանը պատմականորեն հին նիշին վերադարձնելու համար: 1 խորանարդ մետր ջուր կուտակելու համար անհրաժեշտ է նվազագույնը 2 դոլար ներդրում: Սեւանը պատրաստի ջրամբար է, ուղղակի պետք է կապիտալ շինարարություն չթույլատրել եւ ամեն ինչ անել լճի մակարդակը հին, չիջեցված նիշին հասցնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել