Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

Մարտ 23,2011 00:00

\"\"Արդեն նշել ենք, որ Գագիկ Շահբազյանը 1991-1993 թվականներին Հայաստանի պետնախարարն էր ու գյուղատնտեսության նախարարը: Իր հարցազրույցի հերթական մասում նա պատմեց, թե «խավարի եւ ցրտի» անվանված այդ տարիներին ինչպես էր լուծվում Հայաստան հացի առաքման հարցը:

Եվրոպական միության հետ վարկային համաձայնագրի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովն իր հայտարարած մրցույթի արդյունքներով, որոշեց սննդամթերքի եւ ցորենի առաքում սկսել Հայաստան:

Ուզում եմ հիշեցնել, որ այդ տարիներին Հայաստանը, ինչպես եւ նախկին Խորհրդային Միության մնացած անկախ երկրները, դիվանագիտական ներկայացուցչություն չուներ Եվրոպական միությունում: Ինչպես նաեւ՝ ԵՄ-ն ներկայացուցչություն չուներ ԱՊՀ երկրներում: Բացառություն էր Ռուսաստանը, որտեղ շարունակում էր գործել ԵՄ ներկայացուցչությունը ԽՍՀՄ-ում, եւ ԱՊՀ երկրների հետ բոլոր աշխատանքները համակարգվում էին այդ ներկայացուցչության կողմից: Այն ժամանակ ԱՊՀ երկրների նկատմամբ ԵՄ մոտեցումները փոքր-ինչ տարբեր էին՝ նրանք նախկին Խորհրդային Միության տարածքը դիտարկում էին որպես տնտեսական մի միասնական տարածք: Ուստի սննդամթերքի խմբաքանակները հասցնելով Նովոռոսիյսկի կամ Օդեսայի նավահանգիստներ՝ նրանք իրենց առաքելությունը համարում էին ավարտված: Այդ նավահանգիստների ընտրությունը պատահական չէր, քանի որ դրանք կարող էին ընդունել մինչեւ 100 հազար մետրիկ տոննա բեռնատարողությամբ նավեր, իսկ Բաթումի եւ Փոթիի նավահանգիստները չէին կարող ընդունել այդ բեռնատարությամբ նավեր:

Ցավոք, առաջին առաքումից հետո սկսվեցին զինվորական գործողություններն Աբխազիայում: Եվ արտաքին աշխարհը Հայաստանին կապող միակ երկաթուղային ճանապարհը նույնպես փակվեց: Այս իրավիճակում մեր երկիրը հայտնվեց առանց հացի մնալու վտանգի առջեւ: Սրա հետ մեկտեղ՝ նավահանգստային բեռնաթափումների ձգձգումը կարող էր հանգեցնել հսկայական տուգանքների եւ պատժամիջոցների, ինչն էլ իր հերթին ներմուծողներին իրավունք կտար հայտարարել «ֆորս մաժորային» իրավիճակի մասին՝ դադարեցնելով ներմուծումներն անորոշ ժամանակով:

Այդժամ որոշում ընդունվեց ուղիղ բանակցություններ սկսել Եվրոպական հանձնաժողովի հետ, ու մեր պատվիրակությունը մեկնեց Բրյուսել: Բանակցությունների շնորհիվ կարողացանք համոզել պաշտոնական Բրյուսելին, որ առաքումները կհամարվեն կատարված, եթե բեռը հատել է Հայաստանի սահմանը:

Ուզում եմ հիշեցնել, որ այդ տարիներին հացի առումով ճիշտ նման լարված իրավիճակ էր (իսկ գուցե ավելի վատթար) ԱՊՀ շատ երկրներում, ներառյալ ՌԴ-ում՝ նույնիսկ Մոսկվայում կանոնավոր չէր մատակարարվում հացը: Եվ այդ մասին բազմիցս ասվել է Ռուսաստանի այդ ժամանակի ղեկավարների հարցազրույցներում:

Պաշտոնական Բրյուսելը դժվարությամբ, բայց համաձայնեց անհապաղ սկսել առաքումները Թուրքիայի միջոցով, եթե մենք կարողանանք պայմանավորվել թուրքական կողմի հետ Դաուկապի-Ախուրյան հատվածում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ, քանի որ այն դադարեցվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո: Երեւան-Բրյուսել-Անկարա նախնական ինտենսիվ խորհրդակցություններից հետո թուրքական կողմը մեր պատվիրակությանը հրավիրեց Անկարա՝ բանակցություններ վարելու համար: Տեղաշարժի երթուղին համաձայնեցված էր թուրքական կողմի հետ. մասնավորապես՝ ավտոմեքենաներով հատում ենք Մարգարայի սահմանակետը մինչեւ Էրզրում, իսկ դրանից հետո՝ ինքնաթիռով Անկարա: Ի դեպ, սահմանն անցնելուց անմիջապես հետո մենք նստեցինք թուրքական կողմի տրամադրած մեքենաները: Թուրքիան հատկացրել էր պահպանության մի քանի ուղեկցող մեքենաներ՝ դա բացատրելով այդ ճանապարհներին տեղաշարժի ոչ անվտանգ լինելու նկատառումով եւ քուրդ զինյալ ջոկատների գործողություններով:

Անկարա հասնելուց հետո արժանացանք թեեւ քաղաքավարի, բայց շատ սառն ընդունելության: Թուրքական թերթերում հայտնվեցին մի քանի տարբեր բնույթի հրապարակումներ այդ թեմայով: Թուրքիայի ԱԳ նախարարի, գյուղատնտեսության նախարարի, ինչպես նաեւ զանազան վարչությունների ղեկավարների հետ բանակցությունների շնորհիվ թուրքական կողմը համաձայնեց վերսկսել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը, պայմանով, որ թուրքական վագոնները պետք է անմիջապես վերադառնան՝ Ախուրյանի կայանում բեռնաթափումից հետո, եւ ոչ թե շարունակեն ճանապարհը դեպի երկրի խորքը: Մեր բազմակի պնդումներին, թե Ախուրյանի կայանում ցորենը բեռնաթափելու համար պահանջվում են լրացուցիչ կառույցներ, իսկ ժամանակը քիչ է, ուստի նպատակահարմար է վագոնները բեռնաթափել երկրի խորքում գտնվող հացամթերման ձեռնարկություններում՝ Թուրքիան պատասխանեց կտրուկ մերժմամբ:

Ելնելով տնտեսական նպատակահարմարությունից եւ խուսափելով Հայաստանի կողմից լրացուցիչ ֆինանսական ծախսերից, քանի որ Եվրոպական հանձնաժողովի բյուջեն արդեն հաստատված էր, եւ նրանք ի վիճակի չէին հատկացնել ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ՝ որոշում կայացվեց աշխատել SWAP (փոխանակման) սկզբունքով, այսինքն՝ առաքողը ցորենն առաքում է թուրքական նավահանգիստ, իսկ թուրքական կողմը Հայաստանին սահմանակից իր տարածաշրջաններից հատկացնում է նույն քանակի եւ որակի ցորեն, որ մեծ չլինի երկաթգծի ծախսը:

Պատվիրակությունը վերադարձավ Հայաստան նույն երթուղով: Եվ քանի որ թուրքական ԶԼՄ-ները բավական ակտիվորեն էին լուսաբանել մեր համաձայնագիրը՝ Հայաստանին սահմանակից տարածաշրջանի ղեկավարները կազմակերպում էին հանդիպումներ մեր պատվիրակության հետ, ինչն, ի դեպ, չեղավ, երբ մեկնում էինք Անկարա:

Հայաստան վերադարձից հետո «ընդդիմությունն» այնպիսի՜ աղմուկ բարձրացրեց՝ ընդհուպ մինչեւ, թե թուրքական ցորենը թունավորված է, մի պահ անգամ չմտածելով, թե ինչ կպատահեր, եթե չլիներ այդ ցորենը, իսկ գուցե նաեւ պատկերացնելով հետեւանքները՝ սովահարություն, բունտ:

Հաշված օրերի ընթացքում Հայաստանում կատարվեց հսկայական աշխատանք՝ մասնավորապես վերակառուցվեց Ախուրյանի կայարանը՝ հարմարեցնելով այն հացահատիկի ընդունմանը:

Եվ ահա՝ սկսվեցին առաքումները: Չեմ ուզում ծանրաբեռնել ընթերցողներին թվերով, բայց դրանք մեզ հնարավորություն տվեցին մեղմել հացի ճգնաժամը: Իսկ ընդդիմությունը շարունակում էր մոլեգնել՝ չնայած իրենք էլ ախորժակով ուտում էին այդ հացը: Հասել էր նրան, որ ընդդիմության ներկայացուցիչները Հայաստանի խորհրդարան էին բերում փողոցի ցեխի մեջ թաթախված խմոր ու ամբիոնից ցուցադրում, թե ահա ինչով են կերակրում հայ ժողովրդին:

Ղարաբաղա-ադրբեջանական հայտնի իրադարձություններից հետո դադարեցվեցին ցորենի առաքումները Թուրքիայից: Բայց մենք ժամանակ էինք շահել, եւ արդեն սկսել էր որպես մարդասիրական օգնություն առաքվել ցորեն ԱՄՆ-ից, ինչպես նաեւ՝ Ռուսաստանից: Ինչ վերաբերում է Թուրքիային՝ սկզբնական փուլում թուրքական կողմը մեր հեռախոսազանգերին պատասխանում էր, թե առաքումները դադարեցվել են եղանակային վատ պայմանների, ցորենի բավարար քանակի բացակայության կամ երկաթուղու վրա վերականգնողական աշխատանքների պատճառով, բայց ոչ մի կերպ չէր կապակցում հայտնի իրադարձություններին:

Բավական ժամանակ անց թուրքական կողմն առաջարկեց մեզ ընդամենը հայտարարել, որ դադարեցնում ենք առաջխաղացումը ղարաբաղյան ճակատում, եւ իրենք կվերսկսեն առաքումները: Սակայն Հայաստանի ղեկավարությունը չընդունեց այդ պայմանը, հայտարարելով, թե դա մեր խնդիրը չէ՝ սա Ղարաբաղի բնակչության ազգային-ազատագրական պայքարն է՝ իրենց քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների վերականգնման համար: Ի դեպ, հենց նման գործոնների շնորհիվ ժամանակի ընթացքում առաջացավ իրավիճակ, որի շնորհիվ Ադրբեջանը հարկադրված էր համաձայնել Ղարաբաղը ճանաչել հակամարտության կողմ:

Իսկ Թուրքիայի կողմից առաքումների դադարեցումը միջազգային հանրությունը ընկալեց խիստ բացասաբար, եւ եվրոպական երկրների մեծամասնությունն ու ԱՄՆ-ն աջակցեցին Հայաստանին՝ մեծացնելով օգնության ծավալները:

Ես այս ամենն այսչափ մանրամասն ներկայացրի, որ պարզ լինի՝ չնայած երկրի ներքին կյանքում առկա բոլոր դժվարություններին՝ արտաքին քաղաքական գերակայությունների ճիշտ շեշտադրումների եւ ներքին քաղաքականության մեջ արեւմտյան ժողովրդավարության ընդունված սկզբունքների եւ չափանիշների պահպանման դեպքում կարելի է լուծել դժվարագույն խնդիրներ՝ հօգուտ սեփական պետության:

Ի դեպ, չնայած Եվրոպական միությունը որդեգրել էր տարածաշրջանային քաղաքականության հայեցակարգ Հարավային Կովկասի պետությունների հանդեպ, Հայաստանին առաջինն առաջարկվեց կնքել գործընկերության համաձայնագիր: Ինչպես նաեւ՝ Անդրկովկասի երկրներից առաջինը Հայաստանին առաջարկվեց դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ:

Եվ ահա, Հայաստանում 1998 թվականի իշխանափոխությունից հետո կատարվեցին ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքին քաղաքական գերակայությունների շեշտադրումների, ֆինանսատնտեսական քաղաքականության փոփոխություններ: Այս հատվածում չեմ թվարկի դրանք, բայց ուզում եմ ասել միայն հետեւյալը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը վերափոխվեց մեր երկրների միջեւ սահմանի վերաբացման հարցի: Եվ այս դեպքում թուրքական կողմը հարց առաջադրեց, թե ինչպե՞ս կարելի է բացել այն, ինչ գոյություն չունի, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկա սահմանազատման մասին պայմանագիր: Այստեղից էլ բխում են աղմկահարույց հայ-թուրքական արձանագրությունների մի շարք դրույթներ:

Հ. Գ. Գագիկ Շահբազյանը մի ուշագրավ միջադեպ պատմեց Վրաստանից առաքումների մասին: Կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել