Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎՈՒՄ Է՝ ՉԵՆ ԸՆԹԵՐՑԵԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Մարտ 23,2011 00:00

Երեկ իր հացադուլի 7-րդ օրը «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ճեպազրույցում ասաց, թե այս ընթացքում «եղել են տարբեր տեսակետներ առ այն, թե սա քրիստոնեակա՞ն ծոմ է, թե՞ քաղաքացիական հացադուլ: Ըստ երեւույթին՝ ոչ բոլորն են ծանոթացել «Ժառանգության» մարտի 13-ի ընդլայնված նիստի որոշմանը, որտեղ շատ հստակ գրված է մեր քաղաքական հիմնական պահանջը, ինչպես նաեւ՝ մեր ծրագրային 21 ենթապահանջները»: Նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված այս հեռակա պատասխանին նա հավելեց. «Երեւում է, որ մարդիկ նաեւ չեն ընթերցել (չեմ էլ սպասում, բայց՝ բոլոր դեպքերում) մարտի 15-ին քաղաքացիական մեր հավաքի ժամանակ իմ արտասանած ծրագրային խոսքը, որը հիմքն էր այս ազատության ծոմի։ Եվ այնտեղ, ես կարծում եմ, որ ամբողջ ինքնաքննադատությամբ հանդերձ՝ դրված է ողջ գաղափարական, ծրագրային հենքը, նաեւ ակնկալիքը, ապագային միտված սպասումը, որը տեղիք տվեց այս ծոմին: Ես ամսի 15-ին մտա Ազատության հրապարակ որպես Հայաստանի հպարտ քաղաքացի՝ քաղաքացիական, քաղաքական իմ սահմանադրական իրավունքը իրացնելու համար, եւ ոչ թե քրիստոնեական որեւէ ծիսակատարության, տոնակատարության կամ Մեծ Պահքի շրջանակներում»: Նշեց, թե քանի որ այդքանից հետո «որպես իրական գնահատական, թե որպես պատրվակ» որոշ իշխանավորներ ու ընդդիմադիրներ հստակ չեն համարում իր պահանջները՝ դրանք ավելի մատչելի են ներկայացնում, որ այլեւս հարց չլինի: Եվ թղթի վրա գրված ներկայացվեցին այդ 15 կարգախոսները, որոնցից են՝ «Իշխանությունը՝ ժողովրդին», «Ո՛չ կուսակցապետությանը», «Ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր» եւ այլն:

Հնչած հարցին՝ «ՀԱԿ-ի հետ որեւէ համագործակցության եզր այսօր տեսնո՞ւմ եք», պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եզրի հնարավորություն տակավին տեսնում եմ, այո՛»: Իսկ հարցին, թե մտավախություն չունի՞, որ այս ամենը կընկալվի որպես PR ակցիա՝ պատասխանեց. «Որպես քաղաքացի՝ հայտարարել եմ իմ ծոմն ու ահազանգը։ Եվ մնացածը ձեր գործն է՝ կուզեք կմոտենաք, կլուսաբանեք, կզորակցեք։ Ես չեմ բռնանում ձեր իրավունքի վրա եւ բնավ չեմ անհանգստանում, որ մեկը կարող է զրպարտել, արհամարհել կամ ասել, որ սա քրիստոնեական կամ PR ակցիա է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել