Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երկուսն էլ տոտալիտար համակարգեր են

Մարտ 23,2011 00:00

Ե՛վ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը  անհանդուրժող են այլակարծության նկատմամբ

Մարտի 17-ին Ազատության հրապարակում ընդդիմության երկու գործիչների՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հարաբերությունները շարունակում են մնալ քաղաքական դաշտում եւ հասարակության ներսում, մամուլում՝ ավելի պակաս, ու սոցիալական ցանցերում՝ ավելի ակտիվ ու ագրեսիվ քննարկումների առարկա: Այդ խնդրի շուրջ, թերեւս, հենց «ֆեյսբուքային» թեժ «ճակատամարտերն» են ստիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին հանդես գալ Րաֆֆի Հովհաննիսյանին իր չմոտենալու եւ չբարեւելու, չզորակցելու պատճառների մասին մեկնաբանությամբ: Իհարկե, հիմա դա էլ է դարձել քննարկման առարկա, բայց դառնանք Ր. Հովհաննիսյան-Լ. Տեր-Պետրոսյան եւ նրանց համակիրների բանակի հեռակա դիմակայությանը: Ինչո՞ւ հատկապես Կոնգրեսում այդքան հետեւողական ու թշնամաբար են պայքարում «Ժառանգության», նրա առաջնորդի կամ նաեւ որեւէ ընդդիմախոսի ու այլակարծության դեմ, նույնիսկ ընդդիմադիր դաշտում՝ առժամանակ մոռանալով անգամ ռեժիմի գոյության փաստը: «Այսօր մենք անձնակենտրոն համակարգեր ունենք՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Դրանք երկուսն էլ ավտորիտար համակարգեր են, երկուսում էլ այլակարծությունը ճնշվում է, եւ սպասել, որ այս շղթայից, այս համակարգից դուրս քաղաքական դաշտում այլ խաղացող, խոսքը վերաբերում է ե՛ւ «Ժառանգությանը», ե՛ւ ՀՅԴ-ին, էական դերակատարում է ունենալու՝ միամտություն է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում արձանագրեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը:

Նա զուգահեռներ տարավ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում տեղի ունեցող գործընթացների միջեւ. «Ճիշտ այն պատճառով, ինչ պատճառով Սերժ Սարգսյանը իշխանության ներսում ոչնչացնում է ցանկացած ինքնուրույն կենտրոն, ընդդիմության ներսում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է փորձում դա անել»:

Ասել է թե՝ ինչպես Ս. Սարգսյանն է փորձում չեզոքացնել «Բարգավաճ Հայաստանին» եւ տարրալուծել նրան իշխանության համակարգում, ծնկի բերել, այնպես էլ Լ. Տեր-Պետրոսյանն է փորձում ընդդիմադիր ճամբարում վարվել «Ժառանգության» հետ՝ ստեղծելով միակենտրոն ընդդիմություն:

«Ընդդիմության ներսում էլ հանդուրժողականության միջավայրը խորացնելու փոխարեն՝ հակառակն է արվում: Ընդդիմության ներսում էլ անհանդուրժողական են որեւէ մեկի նկատմամբ, ով կարող է ընդդիմադիր լինելով հանդերձ՝ իրեն թույլ տալ ճիշտ կամ սխալ, բայց ինքնուրույն քաղաքականություն վարել: Ես չեմ զարմանում, որ Ր. Հովհաննիսյանի դեմ նման արշավ է ծավալվել: Միանգամից ասեմ՝ չեմ պաշտպանում նրա քայլերը, որովհետեւ դրանցում շատ քիչ տրամաբանություն եմ տեսնում, բայց մարդը, ճիշտ կամ սխալ, ինչ-որ մի քայլ է անում: Դատապարտելը, ավելին՝ նրան վարկաբեկելը բացարձակապես ընդունելի չէ:

Գրեթե նույն իրավիճակն ու անհանդուրժողականությունն էր, երբ ես հանդիպել էի պաշտպանության նախարարի հետ, երբ Կարապետ Ռուբինյանը հանդգնեց խոսել կուսակցություններից մեկի համագումարում տեղ գտած կեղծիքների մասին, երբ ՀՀՇ-ում առանձին գործիչներ փորձեցին չհամաձայնել Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարության հետ ու դիմադրել: Միայն այդ ժամանակ է, որ մարդիկ հիշում են այլախոհների բոլոր եղած-չեղած թերությունները: Կոնգրեսում չեմ տեսնում որեւէ քաղաքական գործչի, որը հրապարակավ համարձակվի իր անհամաձայնությունը հայտնել Կոնգրեսի մարտավարության շուրջ: Ազատ կարծիքներ կարող են հայտնել մարդիկ, ովքեր, ըստ էության, մի քիչ դուրս են Կոնգրեսից, եւ որոնց այլակարծությանը մարդկանց ականջներն արդեն սովոր են: Այսինքն՝ անհանդուրժողականությունը, ցավոք, քաղաքական համակարգի անբաժանելի մասն է՝ կլինի դա իշխանության, թե ընդդիմության ճամբարում»,- ասաց Ս. Սուրենյանցը՝ հավելելով, որ երբ ինքը ժամանակին ասում էր, թե՝ Տեր-Պետրոսյանի ստեղծած համակարգը որակապես չի տարբերվում Սերժ Սարգսյանի ունեցած համակարգից, հենց դա նկատի ուներ:

«Ցավոք, Ր. Հովհաննիսյանն էլ է նպաստում նրան, որ իր հացադուլի շուրջ շահարկումներ լինեն: Բարոյական հարթության տեսանկյունից ես իր կատարած քայլը միանշանակորեն գնահատում եմ, բայց որպես նախկին, «ստաժավոր» հացադուլավոր՝ կարող եմ ասել՝ չի կարելի հացադուլ անել առանց հստակ ձեւավորված քաղաքական օրակարգի»,- արձանագրեց Ս. Սուրենյանցը:

Հ. Գ. Սուրեն Սուրենյանցի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել