Ըստ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի
– Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները կարծես նոր փուլ են մտել. ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է նշանակելու ապագայի համար:
– Հայաստանում երբեւէ չի գործել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը՝ ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման եւ փոփոխության սկզբունքը: Իշխանությունները մշտապես վերարտադրվել են: Քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու փոխարեն, որպիսիք են ազատ եւ արդար ընտրությունները, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում գերազանցապես տիրապետել է միմյանց ոչնչացնելու գործելաոճը: Հայաստանում երբեւէ չի փոխվել իշխանության էությունը: Այսօրվա ինստիտուցիոնալ ընդդիմությունը երբ իշխանության ղեկին էր, բոլոր մեթոդներն օգտագործում էր իր քաղաքական հակառակորդների դեմ, իսկ հետագա իշխանությունները կատարելագործելով նախկինների արսենալում առկա մեթոդները՝ նույն կերպ են վարվել նախկինում իշխանություն եղած այսօրվա ընդդիմության հետ: Ընդհանրապես քաղաքական տեսանկյունից այդօրինակ գործելաոճը անընդունելի եւ անհեռանկարային է: Նախկիններ-ներկաներ կարծր դիմակայությունում չի գործում հրեշտակների կանխավարկածը:
– Հենց այդ մասին եմ հարցնում, չե՞ք կարծում, որ մարտի 17-ի հանրահավաքից հետո իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում կարող է նոր որակ դրսեւորվել:
– Այդպիսի շանս տեսնում եմ: Միաժամանակ կցանկանայի իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների վերաբերյալ հպանցիկ էքսկուրս կատարել: Հայաստանում իշխանություն-ընդդիմություն կոնֆիգուրացիայում, իրենց բոլոր առանձնահատկություններով հանդերձ, դոմինանտ են եղել տարաբնույթ էքսցեսները: Տեր-Պետրոսյանի օրոք Դաշնակցության նկատմամբ իրականացվեցին բռնություններ, իսկ 1996-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության հանդեպ բռնությունները շարունակվեցին նոր թափով: Քոչարյանի օրոք նրա հրահանգով խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարվեցին 2004-ի ապրիլյան վայրագությունները եւ 2008-ի մարտի 1-ի սպանդը: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնել է 2008-ի ապրիլին, եւ պետք է արդար լինել եւ ընդունել, որ նրա օրոք ընդդիմության հանդեպ չեն իրականացվել այնպիսի գործողություններ, ինչպիսիք եղել են նախորդների ժամանակ: Կարծում եմ, մարտի 17-ից հետո իշխանություն-ընդդիմություն պարտիայում գտնվեց պատային իրավիճակից դուրս գալու քաղաքակիրթ ելք: Հակամարտող կողմերը չգնացին արկածախնդրության, մերժվեց «Ով ում կապիտուլյացիայի ենթարկեց» տղայական հարցադրումը: Արդյունքում քաղաքական գործընթացները շարունակվում են դիտարկվել քաղաքական հարթությունում: Պատկերավոր ասած՝ Տեր-Պետրոսյանը հաշվարկեց, որ նախագահական նստավայրում իրեն չեն սպասում, ուստի, ելնելով բարեկրթությունից, շարժվեց ոչ թե Բաղրամյան 26, այլ Ազատության հրապարակ, իսկ Սերժ Սարգսյանը բարեկրթորեն Տեր-Պետրոսյանին հեռակա կարգով ընդունեց Ազատության հրապարակում: Դարձյալ պատկերավոր ասած՝ մարտի 17-ի հանրահավաքից հետո Բաղրամյան 26, թե՞ Ազատության հրապարակ խնդիրը լուծելիս Մատենադարանի նախկին գիտաշխատող Տեր-Պետրոսյանի համար գուցե վճռորոշ եղավ ոչ այնքան մշակութային այդ օջախին նրա պատկանելության հանգամանքը, այլ այն, որ ՀՀ առաջին նախագահի քաղաքական կենսագրությունը բյուրեղացված է Մատենադարան-Ազատության հրապարակ-նախագահական նստավայր-Մատենադարան քառանկյունում: Ուշագրավ է հույն փիլիսոփա Հերակլիտի այն դասը, որ «Նույն գետը երկու անգամ հնարավոր չէ մտնել»: Իշխանություն-ընդդիմություն կնճիռը քննարկելիս կարեւոր եմ համարում «Առավոտ» թերթի 2011թ. փետրվարի 26-ի խմբագրականի հետեւյալ հատվածը. «1992 թվականին ընդդիմությունը հանրահավաք էր անցկացնում նախագահականի մոտ՝ «Լեւոն, հեռացիր» կարգախոսով: Ընդդիմության ներկայացուցիչներին ընդունել էր Տեր-Պետրոսյանը: Հանդիպման ժամանակ վեճ սկսվեց, թե որքան ժողովուրդ կա նստավայրի մոտ: Նախագահը փոքր թիվ էր ասում, ընդդիմադիրներն՝ ավելի մեծ: Ի վերջո, Տեր-Պետրոսյանն ասաց՝ «Թող լինի միլիոն: Միեւնույն է՝ հանրահավաքի պահանջով ես հրաժարական չեմ տա»: Հրաժարական չտվեց եւ ճիշտ էլ արեց, հակառակ դեպքում կապացուցեր, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ով է ավելի բարձր բղավում: Եթե այդ տրամաբանությունը ուժի մեջ էր այն ժամանակ, ապա ինչո՞ւ այն արդիական չէ այսօր»:
– Դուք համաձայն չե՞ք Ձեր մեջբերած դիտարկմանը:
– Որպես կանոն, «Առավոտի» խմբագիրը օրիգինալ մտածողություն ունի: Հավելեմ, որ քաղաքական գործընթացներում ժողովրդի վարքագիծը տարաբնույթ է: 1988-ին ժողովուրդը պահանջում էր «Դեմիրճյան, հեռացիր», իսկ 1998-ին վանկարկում՝ «Դեմիրճյան, վերադարձիր»: 1996-ին ժողովուրդը պահանջում էր՝ «Լեւոն, հեռացիր», իսկ 2008-ին վանկարկում՝ «Լեւոն, վերադարձիր»: Միգուցե սա՞ է հայաստանյան քաղաքական իրականության փայլն ու թշվառությունը: 1804թ., երբ Նապոլեոնը հռչակվեց կայսր, ժողովուրդը փողոցներում դիմավորում էր նրան: Տեսնելով խանդավառված բազմությունը՝ Նապոլեոնը եղբորն ասաց. «Ժողովուրդը նույնպիսի ոգեւորություն կդրսեւորի, երբ մի օր ինձ տանեն կառափնարան»:
– Հայաստանում ստեղծված սոցիալական ծանր իրավիճակը կարո՞ղ է հանգեցնել արաբական հայտնի իրադարձություններին:
– Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանում մեկ միլիոն հարյուր հազար մարդ աղքատ է: Իրականում այդ թիվը շատ ավելի մեծ է: Պատկերավոր ասած՝ Հայաստանում շրջում է սոցիալական բունտի ուրվականը, եւ իշխանությունները պարտավոր են կտրուկ քայլեր իրականացնել ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու համար: Հայաստանի սոցիալական ծանր իրավիճակը արաբաաֆրիկյան օրինակով հանգուցալուծելու գայթակղությանը տրվելը՝ ղարաբաղյան ճակատում պատերազմի վտանգի մեծացման պայմաններում, կունենա ծանր հետեւանքներ, մեր երկրում կարող է ստեղծել համաշխարհային ուժային կենտրոնների կողմից կառավարվող քաոսի վտանգ: Արաբաաֆրիկյան ալիքը համընկավ Իրաք-Մեծ Բրիտանիա, Իրաք-ԱՄՆ նավթային ամենակարճ կոմունիկացիայի հետ՝ Սուեզի ջրանցքով, նավթային մեծ պաշարներ ունեցող եւ էքսցեսներն ընդգրկող երկրներով ու Միջերկրական ծովով: Տարերայնորեն սկսված, բայց արտաքին ազդակներ ստացած այդ ընդվզումներում նավթային գործոնը ունի կարեւոր նշանակություն: Ընդվզումների մասշտաբները անսպասելի էին անգամ ուժային հայտնի կենտրոնների համար, եւ պարզ չէ, թե տապալվածների փոխարեն ապագայում ինչպիսի ռեժիմներ կհաստատվեն այդ երկրներում:
– Կարծում եմ՝ արաբական երկրների եւ հայաստանյան ընդդիմության քաղաքական կշիռները խիստ տարբեր են:
– Համաձայն եմ Ձեր գնահատականի հետ: Արաբաաֆրիկյան երկրներում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ընդդիմությունը լուրջ դեր չուներ: Հայաստանում կա ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը հայրենասիրության պակաս չունի: Միաժամանակ սոցիալական բունտի հայաստանյան ջատագովները պետք է գիտակցեն, որ քաղաքական նպատակներով ժողովրդի մի մասին օգտագործելը եւ ընդվզումներ հրահրելը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից, վերաճել անարխիայի եւ ավարտվել սեփական պարտությամբ: «Իշխանություն եւ Հայաստանի ժողովրդավարացում՝ Ղարաբաղի կորստի գնով» ֆորմուլան, առավել եւս՝ հնարավոր կառավարելի քաոսի պայմաններում, կործանարար է: Ակնհայտ է նաեւ, որ ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծման բանալին ժողովրդավարական Հայաստանն է: Այս դիլեմայի լուծումը Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է: Իշխանությունները չպետք է շահարկեն թեկուզեւ քիչ հավանական պատերազմի վտանգը՝ կուտակված խնդիրների լուծումից խուսափելու համար, իսկ ընդդիմությունը չպետք է շահարկի սոցիալական խնդիրները եւ հասարակության մի հատվածին տանի արկածախնդրության: Ուրեմն քաղաքական օրակարգի երկրորդ հարցը նիրհող պատերազմի տեսիլքի եւ սոցիալական բունտի ուրվականի շահարկման փոխբացառումն է: Քաղաքական օրակարգի երրորդ հարցը խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները արդար անցկացնելն է: Հասկանալի պատճառներով քաղաքական օրակարգերի գորդյան հանգույցը հանգուցալուծելու գործում վճռական դերակատարություն ունի հանրապետության գործող նախագահը: Այդ հարցում կարող է օգտակար լինել քաղաքական պաուզաները շախմատային քայլերի հետ համադրելու Սերժ Սարգսյանի փորձառությունը: