Արմավիրյան դեպքերը՝ սադրանքի հետեւա՞նք
Երեկ ՀՀ ոստիկանությունը վերջապես պաշտոնական տեղեկություններ տրամադրեց նախորդ օրը Երեւան-Արմավիր մայրուղու վրա տեղի ունեցած դեպքերի առիթով: Ըստ այդմ. «Մարտի 21-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ Արմավիր-Երեւան ճանապարհի 3-րդ կմ-ին երկկողմանի փակել են ճանապարհը: Պարզվել է, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրված թեկնածու Սեւակ Մինասյանի համախոհները՝ մոտ 90 մարդ, իրենց ավտոմեքենաներով փակել են Արմավիր-Երեւան ավտոմայրուղու 3-րդ կմ-ի հատվածը՝ մոտ 1 ժամ խոչընդոտելով ավտոտրանսպորտի բնականոն երթեւեկությանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերականգնվել է մայրուղու բնականոն երթեւեկությունը»:
Երեկ, սակայն, ակցիայի մասնակիցների եւ ականատեսների հետ զրույցից «Առավոտին» հայտնի դարձավ, որ ոստիկանության եւ ցուցարարների բախումը սադրանքի հետեւանք է: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը, ի նշան բողոքի եւ կիրակի օրը Արմավիր քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով, պարտված թեկնածու, «Եռասյուն» ՍՊԸ նախագահ, անկուսակցական Սեւակ Մինասյանի կողմնակիցները մոտ երկու ժամով փակել էին Երեւան-Արմավիր մայրուղին: Ակցիայի մասնակիցները պատմում են, որ բողոքի ցույցը բավականին կազմակերպված բնույթ է կրել, չի խոչընդոտվել շտապօգնության եւ հրշեջ ծառայության մեքենաների աշխատանքը, եւ այն պահին, երբ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ միջադեպը տեղի է ունեցել, ակցիան, ըստ էության, ավարտված է եղել, եւ մայրուղին էլ արդեն բաց է եղել: «Առավոտի» զրուցակիցներից մեկը պատմեց, որ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հայհոյախառն արտահայտություններով հարձակվել են ակցիայի մասնակից կանանց վրա: Երբ ներկա տղամարդիկ փորձել են միջամտել՝ հանկարծ հայտնվել են ոստիկանության աշխատակիցները եւ ռետինե մահակներով հարձակվել հավաքվածների վրա: Արդյունքում մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժանմունք եւ գիշերն այնտեղ են անցկացրել: Առավոտյան մի քանիսին արդեն ազատ էին արձակել՝ որեւէ բացատրություն չտալով: Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունում փորձել են շարունակել սադրանքները՝ ձերբակալվածներին հունից հանելու եւ ոստիկանության բաժանմունքում էլ անհարմար իրավիճակներ ստեղծելու համար, սակայն ոստիկանների ծրագիրը խափանվել է: «Առավոտին» հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածների թվում է եղել նաեւ ՀՀ արտգործնախարարության նախկին աշխատակից, արցախյան պատերազմի հերոս Դմիտրի Մարտիրոսյանը, ով միջամտելով միջադեպին՝ հանդարտեցնելու կոչեր է արել: Ոստիկանության Արմավիր քաղաքի վարչության պետը մոտեցել է Մարտիրոսյանին, այնուհետեւ քաշքշուկ է սկսվել Դմիտրի Մարտիրոսյանի հետ: Ոստիկանությունում Մարտիրոսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, որեւէ բացատրություն գրելուց, սպառնացել է հացադուլ հայտարարել եւ միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա այժմ ազատ է արձակվել:
Դեռ ձերբակալված է քինգ-բոքսինգի միջազգային մրցաշարերի հաղթող, քինգ-բոքսինգի ազգային ֆեդերացիայի անդամ, մարզիչ Անուշավան Ալեքսանյանը։ Վաղը կեսօրից հետո արդեն լրանում է օրենքով սահմանված 72 ժամը: Ոստիկանությունը կամ պետք է մեղադրանք ներկայացնի Անուշավանին, կամ պետք է ազատ արձակի: Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր վերընտրված քաղաքապետ, Հանրապետական Ռուբեն Խլղաթյանի օգտին ընտրակաշառք բաժանողին բռնելու համար: Անուշավան Ալեքսանյանը տեսել է, թե ինչպես է ոմն Տիգրան Ավետիսյան մարտի 20-ին Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ հենց ոստիկանների աչքի առաջ ընտրակաշառք բաժանում։ «Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի միջամտությամբ ընտրակաշառք բաժանողը բաց է թողնվել, իսկ Անուշավանի դեմ քրեական գործ է հարուցվել մարդ փախցնելու մեղադրանքով։ Այդպես է ոստիկանությունը շնորհակալ լինում այն մարդկանց, ովքեր փորձում են հանցագործություններ կանխել»,- վրդովվեց մեր զրուցակիցը։
Երեկ «Առավոտին» այդպես էլ չհաջողվեց կապվել Սեւակ Մինասյանի հետ: Փոխարենը, «վերընտրված» հանրապետական քաղաքապետը դրժեց իր երդումը (հեռախոսազրույցում նա ասաց, որ «երդում է կերել», որ լրագրողների հարցերին չի պատասխանելու): «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է իր իր անվան շուրջ եւ իր ընտրությունների ժամանակ միշտ աղմկահարույց պատմություններ առաջանում, եւ ի՞նչ է մտածում երեկ Արմավիր-Երեւան մայրուղում կատարվածի մասին, ասաց. «Հարցը սխալ եք տալիս, էդ հարցը կտաք ոստիկանությանը: Ուղղակիորեն կարամ ասեմ, որ դա մի խումբ խաժամուժ ա եղել, ովքեր մեծ օրինախախտություն են արել, դրա համար էլ թող գնան պատասխանատվություն կրեն: Հաշվարկները գնում են, թող պատկերը նայեն՝ ասեն»: Հաջորդ հարցը՝ ովքեր ձեզ դեմ են՝ խաժամո՞ւժ են, նյարդայնացրեց Խլղաթյանին. «Դուք արդեն սկսում եք պրովոկացիոն հարց տալ: Ովքեր ինձ ձայն չեն տվել, դա մեր արմավիրցիներն են: Քաղաքապետն ընտրվում ա ողջ քաղաքի համար»: